Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ՝
«5) հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկի արժեքը՝ Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածի համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցագործությունների հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման գործընթացի վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 246-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փոխադրամիջոցների նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պարտադիր պետական գրանցման այն ծագելու օրվանից 15 օրյա ժամկետում:
Այսպիսով, փոխադրամիջոցների գույքահարկի վճարման պարտավորության ծագման համար հիմք է փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը, այն է՝ այդ իրավունքը շարժական գույքի կադաստր վարող մարմնում պետական գրանցման գործողություն կատարելը, իսկ դրա դադարման համար՝ սեփականության իրավունքը դադարելը, այն է՝ շարժական գույքի կադաստր վարող մարմնում դրա պետական գրանցումը դադարեցնելու գործողություն կատարելը:
Արդյունքում, նշված գործընթացի իրականացման ապահովման համար փոխադրամիջոցների նկատմամբ սեփականության իրավունքների ծագման եւ դադարման մասին տեղեկատվությունը ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 1210-Ն որոշմամբ սահմանված կարգով շարժական գույքի կադաստր վարող մարմինը (ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը) սահմանված ժամանակագրական պարբերականությամբ փոխանցում է ՏԻՄ-երին:
Փոխանցվող տեղեկատվության մեջ ներառվում են նաեւ այն փոխադրամիջոցների մասին տեղեկատվությունը, որոնց վերաբերյալ նախաքննության մարմիններում հափշտակության հիմքով հարուցված են քրեական վարույթներ եւ դրանց սեփականատերերը փաստացի զրկված են իրենց սեփականության տնօրինման, տիրապետման եւ օգտագործման հնարավորությունից:
Նշված խնդիրն առնվազն անարդար վիճակ է ստեղծում այդ կատեգորիայի սեփականատերերի համար, քանի որ վերջիններից գույքահարկի գանձման պարտավորություն է ակնկալվում այն գույքի համար, որը վերջիններս չեն տնօրինում:
Հարցին որոշակի լուծում է տրվել ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված 2-րդ հավելվածի 31-րդ կետով՝ մասնավորապես սահմանելով, որ հափշտակված տրանսպորտային միջոցները սեփականատիրոջ (ներկայացուցչի) գրավոր դիմումի եւ այդ փաստի առթիվ քրեադատավարական վարույթ հարուցելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանվում են, եւ դրանց գրանցումը կասեցվում է, սակայն նման կարգավորումը փակում է խնդրի միայն մի մասը՝ սկսած սեփականատիրոջ դիմելու պահից, քանի որ այդ գործողությամբ շարժական գույքի կադաստր վարող մարմինը դիմողի սեփականության առկայության մասին տվյալները ՏԻՄ-ին չի փոխանցում միայն այդ դադարեցնելու ժամանակահատվածից սկսած, այնինչ գույքը կարող է հափշտակված լինել, իսկ դրա վերաբերյալ քրեական վարույթն էլ հարուցված լինել դիմելուց տեւական ժամանակ առաջ (օրինակ 2 տարի առաջ):
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է լրացում կատարել Օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ, որ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ հարուցելու պահից մինչեւ փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տնօրինմանը հանձնելն ազատվում են հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկից, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով, կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից, իսկ համայնքն իրական հնարավորություն կստանա հանցագործության հիմքով հափշտակված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոխարեն փոխադրամիջոցի գույքահարկի գծով առաջացած հարկային պարտավորության արժեքի չափով որպես հանցագործությամբ պատճառված վնաս գումար գանձել հանցանք կատարած անձից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում