Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-969-26.11.2024-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածի.

1) 7-րդ մասից հանել «(հիմնական ֆոնդերը)» բառերը.

2) 17-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17. Բյուջետային ծրագիրը՝ միեւնույն նպատակին ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ՝ ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է: Բյուջետային ծրագրերը հաստատվում են պետական բյուջեի մասին օրենքով».

3) 17.1.-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 17.2-րդ մասում «Յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «բյուջետային» բառը.

5) 17.3-րդ մասում «Ծրագրի» բառը փոխարինել «Բյուջետային ծրագրի» բառերով.

6) 17,3-րդ մասից հետո լրացնել նոր 17.4 եւ 17.5 մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«17.4. Հանրային ներդրում՝ պետական եւ համայնքային բյուջեների  հաշվին (այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերումն է (այդ թվում՝ ոչ ֆինանսական ակտիվի ստեղծումը, փոխարինումը) կամ էական բարելավումը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է ծախս կամ պայմանական պարտավորություն: Սույն օրենքի իմաստով էական բարելավում են համարվում ակտիվի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը: Սույն օրենքի իմաստով հանրային ներդրում չեն համարվում այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ եւ ուղղված են ոչ ֆինանսական ակտիվի ներկա վիճակի պահպանմանը.

17.5 Հանրային ներդրումային ծրագիր՝  պետական եւ համայնքային բյուջեների (այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին սահմանված ժամանակահատվածում եւ որոշակի կազմակերպական կառուցվածքով հստակ սահմանված նպատակներին եւ արդյունքներին միտված գործողությունների միջոցով իրականացվող հանրային ներդրում: Հանրային ներդրումային ծրագիրը կարող է ներառվել պետական բյուջեում որպես առանձին բյուջետային ծրագիր կամ բյուջետային ծրագրի միջոցառումներ: Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգը սահմանում է կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերը իրականացվում են հետեւյալ պայմաններով՝

ա. առկա է ծախսերի կատարման իրավական հիմքը՝ հանրային ներդրումային կամ այլ նպատակային ծրագրերի, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների առկայությունը.

բ. առկա են ծախսերի կատարման հիմնավորման տեխնիկական չափանիշները, փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ կիրառելիության դեպքում.

գ. հստակեցված են ծախսերի կատարման փուլերը եւ ժամկետները.

դ. հաստատված է օբյեկտների ցանկը՝ կիրառելիության դեպքում:

2) Կառավարությունը կարող է սահմանել կապիտալ ծախսերի առանձին տեսակների նկատմամբ կիրառելի լրացուցիչ պահանջներ եւ դրանց իրականացման կարգը:»:

Հոդված 3. Օրենքի 17.1-րդ հոդվածի ա) կետից հանել «(հիմնական ֆոնդերի)» բառերը:

Հոդված 4. Օրենքի 28.2-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետից հանել «(հիմնական ֆոնդերի)» բառերը:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի դրույթները ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում են 2027 թվականի բյուջետային գործընթացի վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Կառավարությունը հաստատում է Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգը: