Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-937-07.10.2024,28.11.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝31-րդ եւ 32-րդ կետերով.

«31) էներգետիկ ըմպելիքներ՝ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային տոնուսը բարձրացնող ըմպելիքներ, որոնցում կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցում է 150 մգ/լ-ը եւ որոնք պարունակում են մեկ կամ ավելի տոնուսը բարձրացնող նյութ կամ հանքային նյութեր կամ դյուրամարս ածխաջրեր կամ վիտամիններ կամ վիտամինանման նյութեր կամ էներգետիկ նյութափոխանակության հիմնանյութեր (սուբստրատներ) կամ խթանիչներ, այդ թվում՝ բուսական ծագման նյութեր (բաղադրիչներ), բացառությամբ թեյի, սուրճի.

32) ավտոմատ ինքնասպասարկող սարք՝ առեւտրային գործառնությունների իրականացման համար նախատեսված էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարք, որն ապահովում է առեւտրի իրականացումը կամ ծառայությունների մատուցումը առանց աշխատակցի անմիջական միջամտության:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում.

1) 16-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը»

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 16.1.-ին եւ 16.2.-րդ մասերով.

«16.1. Արգելվում է 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը:

16.2. Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների վաճառքը ավտոմատ ինքնասպասարկող սարքերով եւ տեխնիկական այլ միջոցներով:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 26-րդ մասով.

«26. Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «Էներգետիկ ըմպելիք» նշումով: Դարակաշարը (հատվածը) պետք է ունենա «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչեւ 18 տարեկան երեխաներին, հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաեւ նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց» ընթեռնելի եւ տեսանելի վայրում տեղադրված գրառում:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ