Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-979-03.12.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» օրենքում  լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-85 օրենքի 3-րդ հոդվածի «2025 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Հանրապետությունում առկա հումքային ռեսուրսների առավել խորը վերամշակումն ու առավել բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրությունը խթանելու նպատակով Ազգային Ժողովի կողմից (07.02.2024. N ՀՕ-85-Ն) ընդունվել է «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով նախատեսվում է սեւ եւ գունավոր մետաղների որոշ պարզ արտադրատեսակների արտահանման գործունեությունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն՝ գանձելով պետական տուրք լիցենզիաների տրամադրման համար:

Արդյունքում 2024 թվականին կատարվել են նոր ներդրումներ ոլորտում, այդ թվում՝ օտարերկրյա («Ձուլակենտրոն», «Էդմետ», «Ասկե գրուպ», «Տաշիր գրուպ», Քարակերտի քարաձուլման գործարան, «Ջի Թի Բի ստիլ» ՍՊԸ եւ այլն):

Նշված ընկերությունները նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող սեւ մետաղի ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, լարեր, ալյումինե ռադիատորներ, ամրաններ, որոնք, համարվելով առավել բարդ ապրանքներ, չունեն ոչ սակագնային սահմանափակումներ, ուստի, արտահանման դեպքում վերջիններիս համար լիցենզիա ստանալու եւ տուրք վճարելու անհրաժեշտություն չի առաջանա, ինչով կխթանվի առավել բարդ ապրանքների արտադրությունն ու արտահանումը:

Սակայն,  Օրենքի նախագծի քննարկմումների ընթացքում (այդ թվում՝ Ազգային Ժողովում) ներդրումների առաջին փուլում գտնվող ոլորտի մի խումբ ընկերություններ մտավախություն են հայտնել, որ կարգավորումները կարող են ստեղծել ֆինանսական բարդություններ այն ընկերությունների համար, որոնք արդեն իսկ կատարել են ներդրումներ, սակայն իրենց արտադրանքը գտնվում է Օրենքի կարգավորման շրջանակներում եւ իրենց անհրաժեշտ է որոշակի ժամկետ երկրորդ փուլի ներդրումներ կատարելու միջոցով՝ նախաձեռնռն այնպիսի բարդության ապրանքներ, որոնց արտահանումը լիցենզավորման շրջանակներից դուրս է եւ որոնց արտահանման համար պետական տուրքի անհրաժեշտություն չի առաջանա:

Նկատի ունենալով, որ վերը նշված կարգավորումները կարող են առաջացնել հնարավոր ֆինանսական բարդություններ արտադրության արժեշղթայի ձեւավորման 1-ին փուլի արդեն իսկ ներդրումներ իրականացրած ընկերությունների համար, եւ հաշվի առնելով, որ օրենքի կիրարկման ժամկետները կարող են ստեղծել այդ ընկերությունների գործունեությունը վատթարացնող որոշակի պայմաններ, ինչպես նաեւ՝ կարեւորելով ներդրումների 1-ին փուլն իրականացրած ոլորտի ընկերություններին իրենց ծրագրերով նախատեսված ապրանքների արտադրությունն առանց ֆինանսական բարդությունների իրականացնելու ժամկետային առումով հնարավորություն տալու անհրաժեշտությունը՝ սույն նախագծով նախատեսվում է մեկ տարով հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, սահմանվելով 2026 թվականի հունվարի 1-ը՝ 2025 թվականի հունվարի 1-ի փոխարեն:

Միեւնույն ժամանակ մինչեւ մեկ տարի ժամկետն ընտրվել է այն տրամաբանությամբ, որ բացասական ազդեցություն չունենա այն ընկերությունների վրա, որոնք հիմք ընդունելով Կառավարության որդեգրած արդյունաբերական քաղաքականությունը, այն է՝ ստեղծել ապրանքների արտադրության ավելի երկար արժեշղթա, արտադրելով բարդ, առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ,  արդեն իսկ իրականացրել են երկրորդ փուլի ներդրումները եւ պատրաստ են արտադրել եւ արտահանել բարդ ապրանքներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

03.12.2024թ.

ՀՀ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սիմոնյան

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի    նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի  նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի  փոփոխվող հոդվածի  վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Խնդրում եմ օրենքի նախագծի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                                                      ԲԱԲԿԵՆ  ԹՈՒՆՅԱՆ
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ