Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-977-03.12.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի հավելված 1-ի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկի 45-րդ կետը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը, նշված մարզահամալիրի պայմանները եւ թողունակությունը՝ անհրաժեշտ է օտարման գործընթացում գտնվող մարզահամալիրը հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով: Տարիներ շարունակ նշված մարզահամալիրի մարզադահլիճները եւ ննջարանային մասնաշենքը տրամադրվել են տարբեր մարզաձեւերի ՀՀ հավաքականներին՝ ուսումնամարզական հավաքների անցկացման համար:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս մարզահամալիրը գտնվում է մասնավորեցման գործընթացում:

Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, եւ այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի եւ բռնցքամարտի պարապմունքների համար:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

- տարիքային եւ սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը եւ ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

- բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցության ապահովումը.

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել եւ ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի եւ երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների եւ այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաեւ բժշկավերականգնողական կենտրոն:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Տարբեր մարզաձեւերի լավագույն մարզիկներով համալրված հավաքականների կենտրոնացված հատուկ մարզումներ՝ համակցված բժշկավերականգնողական միջոցառումներով:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

7. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում՝ 2,305,717,770.0 դրամ:

Հաշվարկ

Մարզահամալիրի շինարարական աշխատանքների եւ նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեքի խոշորացված

Մարզակառույցի հաշվարկային մակերեսը կազմում է 6630,45 քառ. մ: ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թվկանի ապրիլի 3-ի N 35-Ն հրամանի հավելվածի (ՇԱԽՑ) 25-րդ կետի 74-րդ ենթակետի համաձայն՝ շինարարական աշխատանքների խոշորացված արժեքը կազմում է 6630,45 X 2741 X 0.8 X 1.3 X 1.2 = 2,268,123,120.0 դրամ, որտեղ 0.8-ը հիմնանորոգման գործակիցն է, 1.2-ը՝ ԱԱՀ-ի գործակիցը, 1.3-ը՝ հաշվարկվող մոտավոր ինդեքսի փոփոխման ցուցանիշը:

Համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի N 19-Ն հրամանի 9-րդ գլխի հավելված Ա-ի աղյուսակ Ա1-ի 6-րդ կետի 7.8 ենթակետի՝ օբյեկտը 3-րդ կարգի է, հավելված Բ-ի հիմնական նախագծային աշխատանքների արժեքը կազմում է 6630,45 քառ.մ X 4500 դրամ X 1.2 = 35,804,430.0 դրամ:

Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման 30-րդ կետի աղյուսակ 4-ի 8-րդ տողի՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը կազմում են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքի 5%-ի չափով:

35,804,430.0 X 5% = 1,790,220.0 դրամ:

Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 2,268,123,120.0 + 35,804,430.0 +1,790,220.0 = 2,305,717,770.0 դրամ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, միաժամանակ նախագծի ընդունումը կառաջացնի ծախսերի ավելացում՝ 2,305,717,770.0 դրամ:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն