Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-978-03.12.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«տարածական հաշվառում՝ «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված տարածական օբյեկտի արտացոլումը կադաստրային քարտեզում:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «պատմամշակութային» բառը փոխարինել «պատմության եւ մշակույթի անշարժ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասի 22-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «22) իրականացնում է պետական սեփականություն համարվող՝ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական գրանցումը, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածական հաշվառումը.»:

2. 2-րդ մասը լրացնել նոր՝ 23-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝ «23) Սույն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքի եւ պահպանական գոտիների տարածական հաշվառում:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր՝ 47.2-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 47.2. Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքի եւ պահպանական գոտիների տարածական հաշվառման առանձնահատկությունները

1. Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքը (այսուհետ՝ հուշարձանի տարածք) եւ պահպանական գոտին տարածական հաշվառման են ենթարկվում հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ հուշարձանների պահպանության լիազորված մարմին) նախաձեռնությամբ կազմված հուշարձանի տարածքի, դրա պահպանական գոտիների հատակագծի, ինչպես նաեւ հուշարձանի անվան եւ պետական ցուցիչի հիման վրա:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտին կամ հուշարձանի տարածքն ընդգրկում է համայնքին կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամաս կամ դրա մի մասը, ապա այդ պահպանական գոտու կամ հուշարձանի տարածքի տարածական հաշվառումն իրականացվում է հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից նախապես տվյալ հողամասի սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը ձեռք բերելու դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ հուշարձանների տարածքների եւ դրանց պահպանական գոտիների հատակագծերը կազմվում են կառավարության սահմանած կարգով հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված ազգային գեոպորտալի «Օ Ջի Սի Վի Մի Էս» (OGC WMS) առցանց քարտեզագրական ծառայության միջոցով հասանելի բազային տարածական տվյալների հիման վրա:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարածական հաշվառումը անշարժ գույքի պետական ռեգիստրն իրականացնում է հուշարձանի տարածքի եւ դրա պահպանական գոտիների հատակագիծը, հուշարձանի անվան եւ պետական ցուցիչի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաեւ սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ եւս տասն աշխատանքային օրով՝ ներկայացված փաստաթղթերի մեծածավալությամբ պայմանավորված

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատակագծերի օրինակելի ձեւերը, հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման եւ ներկայացման եւ տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հուշարձանի, հուշարձանի տարածքի եւ պահպանական գոտու տարածական հաշվառման դեպքում պարտադիր նշում է կատարվում համապատասխան հուշարձանի անվան եւ հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից տրամադրված պետական ցուցիչի վերաբերյալ:

7.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարածական հաշվառում իրականացնելուց հետո հուշարձանի, հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու հաշվառման վերաբերյալ անհամաձայնությունների դեպքում համապատասխան անշարժ գույքի սեփականատերը կարող է տարածական հաշվառման փոփոխություն կատարելու դիմում ներկայացնել հուշարձանների պահպանության լիազորված մարմնին, որը քննվում է եռօրյա ժամկետում:

8. Դիմումի բավարարման դեպքում հուշարձանների պահպանության լիազորված մարմնինը եռօրյա ժամկետում հուշարձանի տարածքի եւ դրա պահպանական գոտիների փոփոխված հատակագիծը Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է անշարժ գույքի պետական ռեգիստր՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետներում տարածական հաշվառման տվյալներում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

9. Դիմումի մերժման դեպքում հուշարձանների պահպանության լիազորված մարմինը դիմում ներկայացնող անձին հիմնավորում է տարածական հաշվառման տվյալներն անփոփոխ թողնելու պատճառները:»:

Հոդված 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում
ՀՀ կառավարությունն ընդունում է հուշարձանի տարածքի եւ դրա պահպանական գոտիների հատակագծերի օրինակելի ձեւերը,  հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման եւ հատակագծերի ներկայացման եւ տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանելու մասին որոշում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  ««ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 23.03.2023թ. ՀՕ-38-Ն օրենքի ուժով լրացվել է 1.1 հոդվածով, որով սահմանվում են ոլորտի մի շարք հիմնական հասկացություններ, այդ թվում՝  պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան՝ պետական հաշվառման վերցված եւ հուշարձանի կարգավիճակ ունեցող պատմական կամ հնագիտական կամ ճարտարապետական կամ մոնումենտալ արվեստի կամ գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող հնագիտական շերտերը, քարեդարյան կայանները, քարայր-կացարանները, կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները՝ իրենց զբաղեցրած եւ պատմականորեն դրանց հետ կապված տարածքով, դրանց մաս կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, որմնանկարները, պատմամշակութային արգելոցները, պատմական լանդշաֆտները եւ հիշարժան վայրերը, պատմական բնակավայրերի քաղաքաշինական եւ պատմական կենտրոնները՝ անկախ պահպանվածության աստիճանից, հուշարձանի տարածք՝ հուշարձանի տարածքն իր զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածք, հուշարձանի պահպանական գոտիներ՝ հուշարձանի պահպանության, կառուցապատման կարգավորման կամ տեղանքապատկերի (լանդշաֆտի) պահպանման գոտիների տարածքներ եւ դրանցում օգտագործման պայմանակարգ (ռեժիմ) սահմանող փաստաթուղթ:

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն.

 «Հուշարձանի տարածքը իր զբաղեցրած եւ պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է:

Հուշարձանների եւ դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, նպատակային օգտագործման եւ բարենպաստ տեսողական ընկալման նպատակով սահմանվում է հուշարձանի պահպանական գոտիների համակարգ եւ օգտագործման ռեժիմ:

Հուշարձանների պահպանական գոտիների համակարգը կարող է ներառել՝

ա) հուշարձանի պահպանության գոտին.

բ) կառուցապատման կարգավորման գոտին.

գ) լանդշաֆտի պահպանման գոտին:

Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների եւ մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման եւ կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական եւ այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաեւ տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:

Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային եւ ունի այդ հողերի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ եւ օգտագործման ռեժիմ:

Հուշարձանների տակ գտնվող, ինչպես նաեւ դրանց պահպանության գոտու եւ պատմամշակութային արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Միեւնույն ժամանակ, նույն Օրենքը լրացվել է 35.1-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն՝ «2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը՝

1) պետական գրանցման օբյեկտը հուշարձան հանդիսանալու մասին տեղեկությունը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.»:

Նման իրավակարգավորումների առկայության պարագայում անհրաժեշտություն է առաջանում նաեւ համապատասխան դրույթներ սահմանելու «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում՝ Օրենքի իմպերատիվ դրույթներով նախատեսված պահանջների իրացումը գործնականում ապահովելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հիմք ընդունելով վերը հիշատակված նորմերի պահանջները՝ Նախագծով նախատեսվում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքների եւ պահպանական գոտիների հաշվառում՝ հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի նախաձեռնությամբ կազմված հուշարձանի տարածքի եւ դրա պահպանական գոտիների հատակագծի եւ համապատասխան համայնքին ծանուցումը հավաստող փաստաթղթերի հիման վրա:

Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտին կամ հուշարձանի տարածքը կարող են ներառել նաեւ համայնքի կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասեր՝ Նախագծով սահմանվել է դրույթ առ այն, որ նմանատիպ դեպքերում այդ պահպանական գոտու կամ հուշարձանի տարածքի տարածական հաշվառումն իրականացվում է հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից նախապես տվյալ հողամասի սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը ձեռք բերելու պարագայում:

Գործընթացն առավել արագ եւ մատչելի կազմակերպելու նպատակով Նախագծով սահմանվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների եւ պահպանական գոտիների հաշվառումն իրականացնել օրթոֆոտոհատակագծերի (օրթոլուսանկարների) հիման վրա կազմված հատակագծերով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չափագրման աշխատանքների իրականացման համար կպահանջվեն ավելի երկար ժամկետներ եւ լրացուցիչ ռեսուրսներ:

Ներկա փուլում՝ որպես ոլորտի իրավակարգավորումն ապահովող առաջին քայլ, նախատեսվում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների եւ պահպանական գոտիների հաշվառում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց պետական գրանցման պարագայում գործնականում կարող են առաջանալ, օրինակ, միեւնույն գույքի կրկնակի պետական գրանցման դեպքեր, քարտեզում՝ երկու եւ ավելի գույքերի համադրումներ եւ այլ գործնական խնդիրներ: Բացի այդ, կարող են լինել դեպքեր, երբ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ այլ անձի անվամբ արդեն իսկ կատարված լինի պետական գրանցում, ինչի պարագայում համապատասխան տարածքների գրանցման գործընթացը կդանդաղի՝ բացասաբար ազդելով հուշարձանների պաշտպանությունը գործնականում ապահովելու վրա:

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 16-րդ հոդվածը 5–րդ պարբերությամբ սահմանում է, որ հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային եւ ունի այդ հողերի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ եւ օգտագործման ռեժիմ:   Նման իմպերատիվ կարգավորումը ենթադրում է, որ տարածքը հուշարձանի պահպանական գոտի դասելու արդյունքում անհրաժեշտ է լինելու կատարելու հողի նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխություն՝ դրանք դասելով հատուկ պահպանվող նպատակային նշանակությամբ պատմական եւ մշակութային գործառնական նշանակությամբ հողերի շարքին: Մեր դիտարկմամբ, նման կարգավորման առկայությունը կարող է հանգեցնել հողամասերի արդյունավետ օգտագործման հնարավորության խիստ սահմանափակման: Ավելին, հողամասերի նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխությունների կատարման կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով եւ «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ: Ընդ որում, յուրաքանչյուր փոփոխության կատարման համար հստակ սահմանված են համապատասխան վավերապայմանները, հիմքերը եւ ընթացակարգը, միեւնույն ժամանակ առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համայնքի ավագանու կողմից կարող են հաստատվել միայն լիազոր մարմնում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում, իսկ, եթե պահպանական տարածքում առկա լինեն նաեւ այլ շինություններ, ապա անհրաժեշտ է լինելու կարգավորել այդ գույքերի գործառնական նշանակության հարցը եւս: Այսինքն՝ հնարավոր են դեպքեր, երբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացության հիման վրա լիազոր մարմնի կողմից հաստատվի հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, իսկ նորահայտ հուշարձանի հաշվառման դեպքում դրա պահպանական գոտին ինքնաշխատ դառնա հատուկ պահպանվող նպատակային նշանակության հողամաս: Հարկ ենք համարում նաեւ ընդգծել, որ այս կարգավորման առկայության պարագայում հասկանալի չէ, թե որ պահից է հուշարձանի պահպանական գոտին վերափոխվում «պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիա»-ին, ինչպես եւ որտեղ է դա արտացոլվում: Բացի այդ, նշվածի համատեքստում բացառված չեն այն իրավիճակները, երբ քաղաքացին, վստահ լինելով, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասն օգտագործում է դրա նպատակային եւ գործառնական նշանակությանը համապատասխան՝ օրինակ, որպես վարելահող՝ անտեղյակ լինելով այն փաստից, որ օրենքի ուժով իր հողամասը դասվում է  «պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիա»-ին: Այս նկատառումներից ելնելով՝ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է 16-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը խմբագրել՝ հնարավորություն ստեղծելով նշյալ հողերը կառավարել եւ օգտագործել առավել արդյունավետ՝ չսահմանափակելով դրանց նկատմամբ հետագայում կատարվելիք գործարքների, դրանց սահմաններում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը: Նոր խմբագրությամբ նախատեսվում է բացառություն սահմանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հուշարձանների համար՝ հաշվի առնելով, որ համապատասխան հուշարձանները (եկեղեցիները) տրամադրվել են վերջինիս՝ ի սկզբանե հստակ օգտագործման նպատակով եւ այդ պարագայում հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունները օրենքի ուժով փոփոխվելու պարագայում իրավունքի որեւէ սահմանափակում չի առաջանա:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դ1) կետը, քանի որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի
1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով սահմանվում են գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների (այսուհետ՝ սահմանափակումներ) պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների եւ պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:

Վերոգրյալ նորմերից ակնհայտ է դառնում, որ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ընթացակարգը սահմանվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ: Ընդ որում՝ վարչարարության առանձին ընթացակարգ չի կարող սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով:

Հավելենք, որ նման կարգավորումը նաեւ խնդրահարույց է մեկ այլ տեսանկյունից, մասնավորապես տվյալ պարագայում առաջանում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթը կարգավորող իրավական ակտերի բազմաթվություն՝ անհամաչափորեն դժվարացնելով գրանցման վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքը, ինչպես նաեւ իրավական ակտերի միջեւ հակասությունների հավանականություն:

Վերոգրյալի հիման վրա Նախագծով առաջարկում ենք «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «դ1» պարբերությունը ուժը կորցրած ճանաչելու մասին դրույթ:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների եւ պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում: Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի՝

1) նույնականացնել եւ հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների եւ պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները,  դրանք արտացոլել կադաստրային քարտեզում.

2) գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրելիս ներառել նաեւ հուշարձանների, դրանց տարածքների, պահպանական գոտիների առկայության վերաբերյալ տվյալներ.

3) ստացված պատկերի հիման վրա մշակել անհրաժեշտ չափորոշիչներ՝ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ պետական գրանցում կատարելու գործընթացում՝ ապահովելով հողային ռեսուրսների օպտիմալ կառավարումն ու օգտագործումը, հողօգտագործման արդյունավետության բարձրացումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստղթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն