Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-978-03.12.2024-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«տարածական հաշվառում՝ «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված տարածական օբյեկտի արտացոլումը կադաստրային քարտեզում:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «պատմամշակութային» բառը փոխարինել «պատմության եւ մշակույթի անշարժ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1. 2-րդ մասի 22-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «22) իրականացնում է պետական սեփականություն համարվող՝ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական գրանցումը, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածական հաշվառումը.»:

2. 2-րդ մասը լրացնել նոր՝ 23-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝ «23) Սույն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքի եւ պահպանական գոտիների տարածական հաշվառում:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր՝ 47.2-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 47.2. Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքի եւ պահպանական գոտիների տարածական հաշվառման առանձնահատկությունները

1. Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած եւ պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված եւ սահմանված կարգով առանձնացված հողատարածքը (այսուհետ՝ հուշարձանի տարածք) եւ պահպանական գոտին տարածական հաշվառման են ենթարկվում հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ հուշարձանների պահպանության լիազորված մարմին) նախաձեռնությամբ կազմված հուշարձանի տարածքի, դրա պահպանական գոտիների հատակագծի, ինչպես նաեւ հուշարձանի անվան եւ պետական ցուցիչի հիման վրա:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտին կամ հուշարձանի տարածքն ընդգրկում է համայնքին կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամաս կամ դրա մի մասը, ապա այդ պահպանական գոտու կամ հուշարձանի տարածքի տարածական հաշվառումն իրականացվում է հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից նախապես տվյալ հողամասի սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը ձեռք բերելու դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ հուշարձանների տարածքների եւ դրանց պահպանական գոտիների հատակագծերը կազմվում են կառավարության սահմանած կարգով հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված ազգային գեոպորտալի «Օ Ջի Սի Վի Մի Էս» (OGC WMS) առցանց քարտեզագրական ծառայության միջոցով հասանելի բազային տարածական տվյալների հիման վրա:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարածական հաշվառումը անշարժ գույքի պետական ռեգիստրն իրականացնում է հուշարձանի տարածքի եւ դրա պահպանական գոտիների հատակագիծը, հուշարձանի անվան եւ պետական ցուցիչի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաեւ սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ եւս տասն աշխատանքային օրով՝ ներկայացված փաստաթղթերի մեծածավալությամբ պայմանավորված

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատակագծերի օրինակելի ձեւերը, հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման եւ ներկայացման եւ տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հուշարձանի, հուշարձանի տարածքի եւ պահպանական գոտու տարածական հաշվառման դեպքում պարտադիր նշում է կատարվում համապատասխան հուշարձանի անվան եւ հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից տրամադրված պետական ցուցիչի վերաբերյալ:

7.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարածական հաշվառում իրականացնելուց հետո հուշարձանի, հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու հաշվառման վերաբերյալ անհամաձայնությունների դեպքում համապատասխան անշարժ գույքի սեփականատերը կարող է տարածական հաշվառման փոփոխություն կատարելու դիմում ներկայացնել հուշարձանների պահպանության լիազորված մարմնին, որը քննվում է եռօրյա ժամկետում:

8. Դիմումի բավարարման դեպքում հուշարձանների պահպանության լիազորված մարմնինը եռօրյա ժամկետում հուշարձանի տարածքի եւ դրա պահպանական գոտիների փոփոխված հատակագիծը Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է անշարժ գույքի պետական ռեգիստր՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետներում տարածական հաշվառման տվյալներում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

9. Դիմումի մերժման դեպքում հուշարձանների պահպանության լիազորված մարմինը դիմում ներկայացնող անձին հիմնավորում է տարածական հաշվառման տվյալներն անփոփոխ թողնելու պատճառները:»:

Հոդված 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում
ՀՀ կառավարությունն ընդունում է հուշարձանի տարածքի եւ դրա պահպանական գոտիների հատակագծերի օրինակելի ձեւերը,  հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման եւ հատակագծերի ներկայացման եւ տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանելու մասին որոշում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվանից: