Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-980-03.12.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 73-րդ հոդվածի 8.1-ին մասի առաջին նախադասության մեջ «ենթակա չէ հաշվանցման (պակասեցման)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցն օգտագործվել է վարձույթով տրամադրելու նպատակով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1.2-րդ մասում «դիլեր» բառից հետո լրացնել «կամ լիզինգատու» բառը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2.  Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ կիրառվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով Հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված կարգավորումների կիրառության առումով բացառություն նախատեսելը, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարումից եկամտի որոշման առանձնահատուկ կարգավորումները լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման գործարքների նկատմամբ չկիրառելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով Հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված` ԱԱՀ-ի վերաձեւակերպումների կատարման առանձնահատկություններ սահմանված չեն: Միեւնույն ժամանակ, ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոց արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման գործարքների մասով շահութահարկով հարկման նպատակով սահմանված է եկամտի որոշման առանձնահատուկ կարգավորում:

Խնդիրն այն է, որ՝

1) ավտովարձույթով տրամադրելու նպատկով շահագործված եւ օտարվող մեքենաների մասով նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները վերահաշվարկելու պահանջի կիրառությունը չի բխում նշյալ պահանջը սահմանելու առումով ի սկզբանե հետապնդվող նպատակադրումներից եւ էականորեն խոչընդոտում է նշյալ գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը՝ վերջիններիս համար առաջացնելով լրացուցիչ ֆինանսական ծախսեր,

2) լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից ձեռքբերված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցները, այնուհետեւ լիզինգառուին օտարվում են առանց վերադիրի, ինչով պայմանավորված՝ տեղին չէ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարումից եկամտի որոշման առանձնահատուկ կարգավորումները լիզինգի (տարատեսակների) պայմանագրով օտարվող ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների նկատմամբ նույնպես կիրառելը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով Հարկային օրենսգրքի 73-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված` ԱԱՀ-ի վերաձեւակերպումներ չեն կատարվում, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարումից եկամտի որոշման առանձնահատուկ կարգավորումները լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների օտարման գործարքների նկատմամբ կիրառելի չեն:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով ԱԱՀ-ի վերաձեւակերպումների կատարման, ինչպես նաեւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններն են:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով եւ լիզինգով  տրամադրելու գործունեության հարկային միջավայրը:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն