Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-814-27.02.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱՎԱՇԱՐԺ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը նպաստում է հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց (Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց) համար անարգել միջավայրի ձեւավորմանը, տեղաշարժի ազատության ապահովմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ իրավունքների եւ ազատությունների իրականացման այլ անձանց հետ հավասար հնարավորության ստեղծմանը:

Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար սոցիալական, տրանսպորտային եւ ինժեներա-տեխնիկական ենթակառույցների օբյեկտների մատչելիության ապահովման, նրանց ազատ տեղաշարժի հետ կապված հարաբերությունները, նպաստում է հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց հասարակության մեջ լիարժեք ինտեգրմանը:

Հոդված 2. Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

սակավաշարժ անձինք ` հենաշարժողական ապարատի կամ տեսողության խանգարումով հաշմանդամները, այդ թվում հաշմանդամի սայլակ օգտագործողները, տարեց մարդիկ, մանկական սայլակով երեխաներ ուղեկցող անձինք, հաշմանդամին ուղեկցող անձինք, ինքնուրույն տեղաշարժվելու սահմանափակ ունակություններ կամ հնարավորություններ ունեցող այլ անձինք, որոնք կայուն կամ ժամանակավոր ?ֆիզիկական արատի պատճառով իրենց տեղաշարժման համար օգտագործում են սայլակներ կամ անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներ ու հարմարանքներ,

սոցիալական, ինժեներա-տեխնիկական եւ տրանսպորտային ենթակառույցներ ` տրանսպորտի, կապի, սարքավորումների, ինչպես նաեւ բնակչության սպասարկման սոցիալական, մշակութային, կենցաղային եւ հանրային օգտագործման այլ հաստատությունների տարածքների, շենքերի, շինությունների եւ կոմունիկացիաների համալիր, որն ապահովում է տարածքների եւ բնակեցման վայրերի կայուն զարգացումը եւ գործունեությունը,

հաշմանդամների ու սակավաշարժ այլ անձանց համար մատչելիության եւ ազատ տեղաշարժի ապահովում ՝ ինժեներա-տեխնիկական, տրանսպորտային եւ սոցիալական ենթակառույցներ անարգել մուտք գործելու, դրանց տարածքում տեղաշարժվելու, ինչպես նաեւ տվյալ հաստատությունում առկա եւ նրա կողմից տրամադրվող բոլոր ծառայություններից լիարժեք օգտվելու հնարավորություն։

Հոդված 3. Հատուկ սարքավորումներով հարմարեցման ենթակա սոցիալական, ինժեներա-տեխնիկական եւ տրանսպորտային ենթակառույցները եւ օբյեկտները

Ինֆրակառույցներ եւ օբյեկտներ, որոնք հաշմանդամների ու սակավաշարժ այլ անձանց համար մատչելիության եւ ազատ տեղաշարժի ապահովման նպատակով ենթակա են հատուկ հարմարեցման.

- պետական, բնակելի, համայնքների եւ գերատեսչական բնակֆոնդի բնակելի շենքերը,

- վարչական շենքերը եւ շինությունները,

- մշակութային օբյեկտները, կրթության եւ գիտության օբյեկտները եւ հաստատությունները, առողջապահական, բնակչության սոցիալ-կենցաղային սպասարկման, առեւտրի, հասարակական սննդի, ֆինանսաբանկային հաստատությունները,

- բնակչության տրանսպորտային սպասարկման, կապի եւ տեղեկատվության կառույցները եւ օբյեկտները` երկաթուղային կայարանները, ավտոկայանները, օդանավակայանները, բնակչությանը սպասարկող ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտների այլ օբյեկտները,

-քաղաքային եւ մերձքաղաքային բոլոր տեսակի տրանսպորտային կայանատեղերը եւ կանգառները, կապի եւ տեղեկատվության շենքերը եւ շինությունները, արդյունաբերական օբյեկտները, փողոցի անցումները, մայթերը, ճանապարհները եւ մայրուղիները, որոնք կից են վերը թվարկված շենքերին, շինություններին ու հրապարակներին:

Հոդված 4. Մատչելիության ապահովման համար անհրաժեշտ հատուկ հարմարանքները եւ սարքավորումները

Սոցիալական, տրանսպորտային եւ ինժեներա-տեխնիկական ենթակառույցների օբյեկտները շինարարության, վերակառուցման, վերանորոգման եւ բարեկարգման ընթացքում պետք է հագեցվեն հետեւյալ հատուկ հարմարանքներով եւ սարքավորումներով.

- շենք մտնելու մուտքի, մայթերի մոտ թեքահարթակներով եւ բազրիքներով,

- հաշմանդամների համար հարմարեցված սանհանգույցով (տվյալ օբյեկտում հասարակական օգտագործման սանհանգույցների առկայության դեպքում),

- հաշմանդամների համար մատչելի հեռախոս-ավտոմատներով,

- փողոցի անցումների մոտ թեքահարթակներով,

- տրանսպորտային կայարաններում, քաղաքային պուրակների տարածքներում հաշմանդամների տեղաշարժման համար երթուղիների հատուկ նշաններով,

- մերձկայարանային տարածքներում, երթուղային տրանսպորտների կանգառներում եւ ուղեւորների վայրէջքի տեղերում թեքահարթակներով եւ աստիճանների բազրիքներով,

- շենքերի մուտքերի մոտ թեքահարթակներով կամ աստիճանների մոտ բարձրացնող (շենքում վերելակի առկայության դեպքում՝ վերելակին մոտեցնող) սարքավորումներով,

- լուսափոխների մոտ ձայնային ազդանշաններով:

Ավտոկայանատեղիներում, անկախ դրանց սեփականության ձեւից, պետք է հատկացվեն մինչեւ 10%-ի չափով տեղեր (սակայն մեկ տեղից ոչ պակաս) հաշմանդամների համար նախատեսված տրանսպորտային միջոցների հարմար ելք եւ մուտքի համար:

Հաշմանդամները եւ այն անձինք, որոնք ուղեկցում կամ տեղափոխում են նրանց, օգտվում են ավտոկայանատեղիներից անվճար:

Հոդված 5. Ինֆրակառույց օբյեկտների հարմարավետության կազմակերպումը սակավաշարժ անձանց համար

Գործադիր իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները եւ կազմակերպությունները, անկախ կազմակերպա-իրավական տեսակից, իրավաբանական անձ լինելուց եւ սեփականության ձեւից, հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար ստեղծում են անհրաժեշտ պայմաններ նրանց անխոչընդոտ եւ անկաշկանդ տեղաշարժի համար:

Նոր միկրոշրջանների, բնակելի եւ հանգստի տարածքների պլանավորումը եւ շինարարությունը, շենքերի եւ շինությունների վերակառուցումը եւ կապիտալ վերանորոգումը չի թույլատրվում, եթե հաշվի չեն առնված հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց մատչելիությունն ապահովող անհրաժեշտ պայմանները:

Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար գործող օբյեկտների հարմարեցումը պետք է իրականացվի այդ օբյեկտների վերակառուցման կամ կապիտալ վերանորոգման ժամանակ, եթե դա տեխնիկապես հնարավոր է: Այն դեպքում, եթե հնարավոր չէ լրիվ ծավալով կատարել նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար գործող օբյեկտների հարմարեցման ուղղությամբ, ապա այդպիսի օբյեկտների սեփականատերերը իշխանության համապատասխան մարմինների համաձայնությամբ պետք է իրականացնեն ճարտարապետորեն հնարավոր բոլոր լուծումները:

Հոդված 6. Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար տրանսպորտային մատչելիության ապահովումը

Ներքաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտային փոխադրումներ իրականացնող ավտոբուսները եւ երթուղային տաքսիները հնարավորինս պետք է մատչելի լինեն հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար:

Սույն օրենքի գործողության մեջ մտնելուց հետո, ավտոբուսներով եւ երթուղային տաքսիներով ուղեւորների փոխադրումներ իրականացնելու նպատակով հայտարարվող մրցութային պահանջներում պետք է առկա լինի հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար յուրաքանչյուր երթուղիում ոչ պակաս քան մեկ մատչելի փոխադրամիջոցի առկայության ապահովման պահանջը, եթե նախատեսված է, որ տվյալ երթուղին սպասարկելու է ոչ պակաս քան հինգ փոխադրամիջոց:

Մինչեւ սույն օրենքի գործողության մեջ մտնելը ավտոբուսներով եւ երթուղային տաքսիներով ուղեւորների փոխադրումներ իրականացնելու արտոնագիր ստացած տրանսպորտային կազմակերպությունները, որոնք իրենց տրանսպորտային միջոցները մատչելի կդարձնեն հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար նոր մրցույթին մասնակցելիս հավասար պայմանների դեպքում ստանում են նախապատվություն:

ԳԼՈՒԽ II

Անարգել միջավայրի ապահովման բնագավառում հսկողության իրականացումը

Հոդված 7. Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց հասարակական նշանակության վայրերի եւ հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման հսկողությունը

Շենքերի, շինությունների, տարածքների բարեկարգման, հանգստյան գոտիների, փողոցների եւ մայթերի նախագծման, կառուցման, վերակառուցման, կապիտալ վերանորոգման ժամանակ հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար մատչելիությունը եւ ազատ տեղաշարժը ապահովող նորմատիվ իրավական ակտերի, քաղաքաշինական նորմատիվների կիրառման նկատմամբ հսկողությունը օրենքով սահմանված կարգով եւ իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնում են տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի խախտման համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վարչական պատասխանատվությունը կիրառվում է հետեւյալ դեպքերում.

ա) Նախագծային փաստաթղթերի մշակումը եւ հաստատումը՝ առանց հաշվի առնելու հաշմանդամների ու սակավաշարժ այլ անձանց համար մատչելիության եւ ազատ տեղաշարժի ապահովման հետ կապված քաղաքաշինական նորմերի պահանջները:

բ) Շենքերի, շինությունների, տարածքների բարեկարգման, հանգստյան գոտիների, փողոցների եւ մայթերի նախագծման, կառուցման, վերակառուցման, կապիտալ վերանորոգման ժամանակ հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար մատչելիությունը եւ ազատ տեղաշարժը ապահովող նորմատիվ իրավական ակտերի, քաղաքաշինական նորմատիվների կիրառումից կառուցապատողների, սեփականատերերի եւ շինարարական կազմակերպությունների խուսափելու դեպքում:

գ) Ներքաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտային փոխադրումներ իրականացնող յուրաքանչյուր երթուղիում, որը սպասարկում է ոչ պակաս քան 5 փոխադրամիջոց, հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար մատչելի մեկից ոչ պակաս փոխադրամիջոցի բացակայության դեպքում։ Սույն կետով նախատեսված պատասխանատվությունը կիրառվում է միայն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անցկացված մրցույթների արդյունքներով տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու արտոնագիրը ստացած կազմակերպությունների նկատմամբ։

Սույն օրենքի դրույթների երեք անգամ խախտելը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով իրավաբանական անձի լուծարման համար:

ԳԼՈՒԽ III

Անցումային դրույթներ

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ 5-րդ հոդվածի եւ 8-րդ հոդվածի «գ» կետի:

Սույն օրենքի 5-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2007թ. հունվարի 1-ից:

Սույն օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետը ուժի մեջ է մտնում 2007թ. հուլիսի 1-ից։ 
  

Հիմնավորում

«Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար հասարակական նշանակության վայրերի եւ հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստան Հանրապետության օրենքների ընդունման վերաբերյալ:

Ներկայումս աշխարհում 600 միլիոնից ավելի մարդ ունի հաշմանդամություն. Եվրամիության երկրներում` 37 միլիոնից ավելի, Հայաստանում` 115000-ից ավելի: Գիտական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ նույնիսկ զարգացած երկրնում վերոգրյալ ցուցանիշները զգալիորեն աճելու միտում ունեն եւ առանց պետական աջակցության հաշմանդամների հիմնախնդիրները չեն կարող լուծվել, առավել եւս` հաշմանդամների հավասար իրավունքների ապահովման խնդիրները: Այդ խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլ միջոցառումներ, որոնցից առավելապես կարեւորվում է հաշմանդամությանն առնչվող օրենսդրության կատարելագործումը:

«Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար հասարակական նշանակության վայրերի եւ հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ուղղված են հաշմանդամների սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործմանը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, հասարակական տրանսպորտից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծմանը, հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելուն:

Դրա հետ մեկտեղ հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող 22 հասարակական կազմակերպություններ օրինագծի քննարկման ընթացքում հավանություն են տվել օրենքի նախագծին եւ ուղերձով դիմել են Ազգային ժողովին եւ Կառավարությանը` ընդունելու այն: