Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «գրավով ապահովված պարտավորությունը դադարելով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական անձանց՝ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում (ներառյալ դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման գործարքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված պարտավորությունների)՝ անկախ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով այդ իրավաբանական անձանց գրանցման ճանաչման փաստից, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի՝ սույն կետում նշված պարտավորությունից բխող ֆինանսական կորուստները որեւէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով եւ չափով վերականգնվել են (փոխհատուցվել են):»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27.2-րդ հոդվածի 1-ին մասը եւ 35.1-ին հոդվածի 1-ին մասը նպատակ ունեն ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը եւ այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Կարգավորումները նպատակ ունեն նաեւ ապահովել նրանց կողմից գործունեության, այդ թվում՝ առկա իրավունքների եւ պարտավորությունների իրականացումը:
Այդուհանդերձ, հնարավոր են դեպքեր, երբ անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք չեն օգտվել Օրենքի ընձեռած հնարավորությունից՝ փորձելով այդ կերպ խուսափել նաեւ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց: Արդյունքում, ֆինանսական մի շարք կազմակերպություններ, որպես պարտատեր, զրկվել են իրենց այնպիսի իրավունքները իրացնելու հնարավորությունից, ինչպիսին է՝ պարտապանից պահանջել իր պարտականությունների կատարում եւ գրավի իրավունքի իրացում:
Հետեւաբար, Քաղաքացիական օրենսգրքի գործող կարգավորումների շրջանակներում միեւնույնն է գրավառու ֆինանսական կազմակերպությունները հնարավորություն չունեն գրավի առարկայից բավարարել իրենց պահանջները:
Արդյունքում, ֆինանսական կազմակերպությունները՝ որոնք վարկավորման միջոցով ֆինանսավորել են իրավաբանական անձանց գործունեությունը, վերջիններիս վարքագծի արդյունքում փաստորեն կրում են չարդարացված ֆինանսական կորուստներ, ինչը կարող է բացասական հետեւանքների հանգեցնել ինչպես ավանդատուների իրավունքների եւ շահերի պաշտպանության, այնպես էլ ֆինանսական համակարգի կայունության համատեքստում: Մասնավորապես, պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող գույքի գրավի իրացման հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել ինչպես առանձին ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակի, այնպես էլ ամբողջ ֆինանսական համակարգի կայունության վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագիծը իրավաչափ եւ համաչափ կարգավորում է առաջարկում բարեխիղճ գրավառուի համար՝ իր իրավունքների իրականացման համատեքստում:
2. Նախագծի նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագիծը նպատակ ունի ստեղծված իրավիճակում ֆինանսական կազմակերպություններին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն տալ իրացնել գրավի իրենց իրավունքը, ինչպես նաեւ զերծ պահել ֆինանսական համակարգը հնարավոր բացասական հետեւանքների ազդեցությունից:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ Սահմանադրությամբ ամրագրված մանդատի՝ ֆինանսական կայունության ապահովման իրականացման անհրաժեշտությունից:
Նախագիծը նաեւ բխում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2025-2027 թվականների ռազմավարությունից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում