Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստան Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.11-րդ մասերով.
«2.1. Քաղաքացիական գործի հարուցումից հետո մինչեւ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կողմերը կարող են ներկայացնել հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն:
2.2. Հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է միացման ենթակա գործերով հայցն առավել վաղ վարույթ ընդունած դատավորին, իսկ եթե հայցերը վարույթ են ընդունվել նույն օրը՝ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
2.3. Գործերը կարող են միացվել մեկ վարույթում, եթե դրանց միջեւ առկա է փոխադարձ կապ, դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծումը եւ միացման ենթակա բոլոր գործերով դեռեւս չեն կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումներ:
2.4. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն ստանալուց հետո անհապաղ՝ ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, դատավորը իր վարույթում գտնվող գործով գործին մասնակցող անձանց ուղարկում է միջնորդության պատճենը եւ միաժամանակ ծանուցում է միջնորդության վերաբերյալ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունքի եւ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դատարանում դեպոնացված լինելու մասին: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կարող է ներկայացվել ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
2.5. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է սույն հոդվածի 2.4-րդ մասով նախատեսված դիրքորոշում ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
2.6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում կայացվելու դեպքում որոշումը եւ դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններն անհապաղ ուղարկվում են միացման ենթակա մյուս գործը քննող դատավորին:
2.7. Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը սույն հոդվածի 2.6-րդ մասով սահմանված որոշումը եւ փաստաթղթերը ստանալու պահից անհապաղ՝ ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իր վարույթում գտնվող գործով գործին մասնակցող անձանց ուղարկում է միջնորդության պատճենը եւ միաժամանակ ծանուցում է միջնորդության վերաբերյալ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունքի եւ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2.6-րդ մասով սահմանված որոշումը եւ փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դատարանում դեպոնացված լինելու մասին: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կարող է ներկայացվել ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
2.8. Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացնում է սույն հոդվածի 2.7-րդ մասով նախատեսված դիրքորոշում ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
2.9. Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը հարցի քննության արդյունքում որոշում է կայացնում իր վարույթում գտնվող գործը մեկ այլ գործին միացնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին:
2.10. Սույն հոդվածի 2.9-րդ մասով նախատեսված որոշումը, իսկ գործի միացումը թույլատրելու դեպքում՝ նաեւ գործն անհապաղ ուղարկվում է հայցն առավել վաղ վարույթ ընդունած, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
2.11. Դատավորը սույն հոդվածի 2.10-րդ մասով նախատեսված որոշումը եւ գործը ստանալուց հետո եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը վարույթ ընդունելու եւ գործերը մեկ վարույթում միացնելու մասին, բացառությամբ եթե առկա են ինքնաբացարկի հիմքեր: Ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում դատարանը որոշում է կայացնում ինքնաբացարկ հայտնելու մասին եւ միացման ենթակա գործերն անհապաղ հանձնում է միացման ենթակա գործերով հայցը հաջորդն առավել վաղ վարույթ ընդունած, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ հաջորդ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) ուժով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթները քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով: Ընդ որում, Օրենսգրքով սահմանված կարգավորումները գործում են, եթե այլ հատուկ կարգավորում առկա չէ: Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների միացման կամ անջատման հատուկ կարգավորումներ առկա չեն, ինչը նշանակում է, որ կիրառվում են Օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումները:
Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչեւ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը մեկ վարույթում միացնելու իր վարույթում քննվող մի քանի միատեսակ գործեր, որոնցով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, եթե դրանց միջեւ առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծումը:
Այսինքն՝ օրենսդիրը, գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծումն ապահովելու հրամայականից ելնելով, նախատեսել է հնարավորություն միացնելու մի քանի միատեսակ գործեր` պայմանով, որ դրանք պետք է լինեն մեկ դատավորի վարույթում: Հետեւաբար՝ միմյանց հետ փոխկապակցված, սակայն տարբեր դատավորների վարույթներում գտնվող գործերը միացնելու օրենսդրական հնարավորությունը բացակայում է, ինչը բացառում է նաեւ հակակոռուպցիոն դատարանում տարբեր դատավորների վարույթներում քննվող գործերի միացման հնարավորությունը: Այնուամենայնիվ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների առանձնահատկություններով պայմանավորված առաջանում է առանձին վարույթների միացման առավել լայն օրենսդրական հնարավորությունների սահմանման անհրաժեշտություն:
Այսպես, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթները՝
Նշվածը խնդրահարույց է ինչպես դատավարության շրջանակներում ռեսուրսների օգտագործման արդյունավետության, այնպես էլ նույն դատարանի (ՀՀ հակակոռուպցիոն դատարան) տարբեր դատավորների կողմից միեւնույն փաստերի կապակցությամբ տարբեր (որոշ դեպքերում նաեւ իրարամերժ) գնահատականներ տալու անթույլատրելիության տեսանկյունից՝ հնարավոր ռիսկեր պարունակելով նաեւ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:
Այսպես, ներկայիս կարգավորումների պայմաններում միմյանց հետ փոխկապակցված վարույթների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ որպես հայցվոր, եւ պատասխանողները ստիպված են յուրաքանչյուր վարույթով ներկայացնել եւ հիմնավորել միեւնույն փաստական հանգամանքները (կամ միջնորդությունները), իսկ դատավորները՝ քննարկել եւ հետազոտել դրանք: Այսինքն` միմյանց հետ փոխկապակցված վարույթների շրջանակներում եւ՛ դատավարության կողմերը, եւ՛ դատարանը ծախսում են կրկնակի ռեսուրսներ՝ առաջին հերթին՝ ժամանակ, ինչն արդյունավետության տեսանկյունից արդարացված չէ, նաեւ չի բխում արդարադատության շահերից:
Ինչ վերաբերում է նույն դատարանի (տարբեր դատավորների) կողմից միեւնույն փաստերի կապակցությամբ տարբեր գնահատականներ տալուն, ապա նման իրավիճակների առաջ գալու հնարավորությունն ինքնին խնդրահարույց է դատական ակտերի հեղինակության, իրավական որոշակիության եւ հետագա բողոքարկման տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ նույն փաստի մասին երկու օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը չի կարող իրավական պետությունում ընդունելի լինել: Այդպիսի իրավիճակների առաջ գալն օբյեկտիվորեն հավանական է բոլոր փոխկապակցված վարույթներով, քանի որ դժվար է պատկերացնել, որ հազարավոր փաստական հանգամանքներից յուրաքանչյուրին տարբեր դատավորներ կարող են տալ համանման (կամ առնվազն միմյանց չհակասող) իրավական գնահատականներ:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեկից ավելի վարույթների առանձին քննությունը նպատակահարմար չէ դրանց միջեւ այնպիսի փոխկապակցվածության պայմաններում, երբ, օրինակ, տարբեր վարույթներով փաստական հանգամանքները եւ ապացույցները մեծամասամբ նույնանում են: Որպես առանձին օրինակ՝ կարելի է դիտարկել նաեւ այն իրավիճակը, երբ միեւնույն գույքն Օրենքի իմաստով պատկանում է մեկից ավելի անձանց՝ մեկին որպես իրական շահառու, մյուսին՝ որպես տիտղոսային սեփականատեր, եւ նշված երկու անձանց պատկանող գույքերի առնչությամբ առկա են առանձին վարույթներ: Այսպես, հնարավոր է առաջին ուսումնասիրվող անձին (օրինակ՝ պաշտոնատար անձի վարորդ) պատկանող (որպես տիտղոսային սեփականատեր) կոնկրետ գույքի իրական շահառուն Օրենքի իմաստով հանդիսանա մեկ այլ ուսումնասիրվող անձ (օրինակ՝ պաշտոնատար անձ), եւ տվյալ գույքի ձեռքբերումը չհիմնավորվի ո՛չ առաջինի եւ ո՛չ էլ երկրորդի օրինական եկամուտներով, ինչը հիմք է դրա բռնագանձման համար՝ ինչպես գույքի տիտղոսային սեփականատիրոջից, այնպես էլ դրա իրական շահառուից: Նման իրավիճակներում կարող է միեւնույն գույքի բռնագանձման պահանջ ներկայացվել միաժամանակ երկու անձանց դեմ՝ տարբեր հայցադիմումներով:
Այսպիսով, նշվածն առաջացրել է Օրենսգրքում լրացում նախատեսելու եւ դրա միջոցով տարբեր դատավորների կողմից քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթները մեկ վարույթում միացնելու կառուցակարգ սահմանելու անհրաժեշտություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման բոլոր վարույթները միատեսակ են եւ բոլոր դեպքերում գործին մասնակցող անձինք առնվազն մասնակի համընկնում են (հայցվորը միշտ ՀՀ գլխավոր դատախազությունն է)՝ նախագծով առաջարկվում է որպես տարբեր դատավորների վարույթներում գտնվող գործերը մեկ վարույթում միացնելու չափանիշներ սահմանել վարույթների միջեւ փոխադարձ կապը, դրանց համատեղ քննության նպատակահարմարությունը՝ գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծման տեսանկյունից, ինչպես նաեւ նախատեսել ժամկետային սահմանափակում, այն է՝ միացման ենթակա բոլոր գործերով պետք է կայացված չլինեն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումներ: Նման ժամկետային սահմանափակումը հնարավորություն կտա հնարավորինս նվազեցնել այն դեպքերը, երբ գործով արդեն իսկ մեծածավալ դատավարական գործողություններ կատարված կլինեն եւ գործերը միացվելու արդյունքում դրանց քննությունը սկզբից կսկսվի:
Նախագծի համաձայն՝ տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել մինչեւ դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը: Միջնորդության ներկայացման նման ժամկետ սահմանելը բխում է քաղաքացիական դատավարության ընդհանուր տրամաբանությունից:
Նախատեսվում է, որ մի քանի գործերը մեկ վարույթում միացնելու հարցը պետք է քննարկվի կողմի միջնորդության հիման վրա, որով պետք է հիմնավորվի ինչպես այլ փոխկապակցված վարույթի (վարույթների) առկայությունը, այնպես էլ դրանց համատեղ քննության համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը: Հաշվի առնելով կողմերի հավասարության սկզբունքը՝ նախատեսվում է նման միջնորդություն ներկայացնելու իրավունք ընձեռել ինչպես հայցվոր, այնպես էլ պատասխանող կողմին: Միջնորդությունը պետք է ներկայացվի այն գործը քննող դատավորին, որը հայցադիմումն ավելի վաղ է ընդունվել վարույթ, իսկ եթե հայցերը նույն օրն են վարույթ ընդունվել, ապա առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
Կողմերի լսված լինելու եւ դիրքորոշում ներկայացնելու իրավունքի լրացուցիչ երաշխիքներ նախատեսելու համար սահմանվում է, որ դատարանը միջնորդությունը ստանալուց հետո կողմերին ուղարկելու է միջնորդության պատճենը եւ ծանուցում միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դատարանում դեպոնացված լինելու մասին:
Միջնորդության քննարկման արդյունքում դատավորը գնահատելու է մեկից ավելի վարույթների համատեղ քննության հիմքերի առկայությունն ու նպատակահարմարությունը եւ կայացնելու է որոշում միջնորդությունը բավարարելու եւ գործերի միացումը թույլատրելու կամ այդ միջնորդությունը մերժելու մասին: Ընդ որում, սահմանվում է միջնորդության գրավոր ընթացակարգով քննության կանոն՝ դիրքորոշում ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում:
Առաջնորդվելով դատարանների անկախության սկզբունքով՝ նախագծով նախատեսվում է մեկ վարույթում միացնել միայն այն դատավորների վարույթներում գտնվող գործերը, ովքեր կթույլատրեն իրենց վարույթում գտնվող գործի միացումը այլ դատավորի վարույթում գտնվող գործին: Ուստի, նախատեսվում է, որ ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին որոշումն ուղարկվում է մյուս դատավորներին, ովքեր եւս պետք է քննարկեն նշված հարցը եւ կայացնեն համապատասխան որոշում՝ իրենց վարույթում գտնվող գործը մեկ այլ գործին միացնելը թույլատրելու վերաբերյալ:
Այսպիսով, երկու կամ ավելի վարույթներ կարող են միացվել, եթե միացման ենթակա գործերը քննող բոլոր դատավորները քննարկել են միջնորդությունը եւ կայացրել են այդ միացումը թույլատրելու մասին որոշումներ: Ընդ որում, եթե միացման ենթակա գործերը քննող դատավորների թիվը երկուսից ավելի է, ապա առաջինը միջնորդությունը ստացած դատավորը միացումը թույլատրելուց հետո բոլոր դատավորներին է ուղարկում որոշումը եւ դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը: Եթե միացման ենթակա գործը քննող հաջորդ դատավորը կայացնում է որոշում՝ միացումը թույլատրելու մասին, ապա գործն անհապաղ հանձնում է հայցն առավել վաղ վարույթ ընդունած կամ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ կարող են առաջանալ իրավիճակներ, երբ դատավորը, ում հանձնվել է գործերը միացնելու եւ մեկ վարույթում քննելու համար, ինքնաբացարկի հիմքեր հայտնաբերի, նախատեսվում է, որ գործը ստացած դատավորը կա՛մ վարույթ է ընդունում գործը եւ միացնում դրանք մեկ վարույթում, կա՛մ հայտնում է ինքնաբացարկ եւ գործերը հանձնվում են հայցը հաջորդն առավել վաղ վարույթ ընդունած, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ հաջորդ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կստեղծվի հնարավորություն մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը, ինչը կնպաստի գործերի ողջամիտ ժամկետում քննությանը եւ արդյունավետ լուծմանը:
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.5 ենթագլխից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում