Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1003-03.02.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 29. Դրամական օգնությունը Ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում

1. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում Ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում Ծառայողին տրվում է միանվագ դրամական օգնություն:

 2. Ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Oրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում «2025» թիվը փոխարինել «2027» թվով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՕ-364-Ն օրենքով եւ ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի 29-րդ հոդվածը կարգավորել է էկոպարեկային ծառայողի պարտադիր պետական ապահովագրությունը, որի 3-րդ մասի համաձայն՝ Ծառայողի պարտադիր պետական ապահովագրության եւ ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:

ՀՀ վարչապետի 2024 թվականի հունվարի 24-ի «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 69-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի համաձայն նախատեսվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել էկոպարեկային ծառայողի պարտադիր պետական ապահովագրության եւ ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները: Նախագիծը մշակվել եւ ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, սակայն տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի ապրիլի 8-ի նիստի (արձանագրություն N ԿԱ/110-2024) արդյունքում հանվել է օրակարգից եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկման համաձայն՝ առաջարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնել էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիքների եւ պարտադիր պետական ապահովագրության կարգավորումների վերանայման վերաբերյալ «էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն նախատեսող համապատասխան իրավական ակտի նախագիծ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթների ապահովմամբ (պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովելը), ինչը կհանդիսանա էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք: Նախագծի ընդունման արդյունքում տրվող սոցիալական երաշխիքի անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ էկոպարեկային ծառայողների կողմից բնապահպանական իրավախախտումներ (ապօրինի ծառահատում, որսագողություն, ձկնագողություն, պետական անտառային հողերի ապօրինի օգտագործում, ապօրինի արածեցում, աղբոտում, աղտոտում եւ այլն) հայտնաբերելու, կանխելու եւ կանխարգելելու գործառույթներից բխող նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող ամենօրյա վտանգից:

Միեւնույն ժամանակ, Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվել է, որ էկոպարեկային ծառայողները (այսուհետ՝ Ծառայող) սույն օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Էկոպարեկային ծառայության համալրման շրջանակներում տեխնիկական վերազինումը նախատեսվում էր իրականացնել պետական բյուջեի միջոցների եւ միջազգային գործընկերների դոնորական աջակցությամբ, սակայն դոնորական աջակցության ուշացման պատճառով ներկայումս հնարավոր եղավ մեկնարկել միայն էկոպարեկային ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության համալրման աշխատանքները պետական բյուջեի միջոցների հաշվին, ուստի այլեւս ակտուալ չէ այն կարգավորումը, որ ծառայողները իրենց լիազորություններն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է որպես էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք սահմանել դրամական օգնությունը ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողի պարտադիր պետական ապահովագրության փոխարեն, ինչպես նաեւ ծառայողների՝ իրենց վերապահված լիազորությունների  իրականացման ժամկետ սահմանել մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում էկոպարեկային ծառայողներին կտրվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված սոցիալական երաշխիքը, կապահովվի տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի ապրիլի 8-ի նիստի արդյունքում կայացած որոշումը, ինչպես նաեւ ծառայողների կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո իրենց վերապահված լիազորություններն իրականացնելու  համար վերջնաժամկետ կսահմանվի 2027 թվականի հունվարի 1-ը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետից (Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության (էկոպարեկային) ծառայության մասին օրենքի նախագիծը Կառավարության հավանությանն արժանանալու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունում): Նախագծի ընդունման արդյունքում էկոպարեկային ծառայողներին կտրվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված սոցիալական երաշխիքը, կապահովվի տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի ապրիլի 8-ի նիստի արդյունքում կայացած որոշումը, ինչպես նաեւ ծառայողների կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո իրենց վերապահված լիազորություններն իրականացնելու համար վերջնաժամկետ կսահմանվի 2027 թվականի հունվարի 1-ը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն