Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1004-05.02.2025-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 108.2-րդ հոդվածում՝

1) Վերնագրում «կալանքը» բառից հետո լրացնել «կամ տնային կալանքը» բառերը.

2) Լրացնել 1.1-ին, 1.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված, եթե դատարանի որոշմամբ բնակության տարածքը չլքելուց բացի կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ: Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով: Այս դեպքում աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված մինչեւ նշված համաձայնության ձեռքբերումը:

1.2. Աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու դեպքում աշխատողի լիազորությունները կասեցվելու կամ չկասեցվելու համար գործատուն հիմք է ընդունում տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը:»:

3) Լրացնել նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը (պաշտոնը), իսկ աշխատողի լիազորությունները գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում նաեւ վարձատրությունը ամբողջությամբ պահպանվում են: Տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի լիազորությունները կասեցված համարվելու դեպքում աշխատողի (բացառությամբ հանրային ծառայության մեջ գտնվող անձի) վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի վարձատրությունը չի պահպանվում:

2.2. Տնային կալանքը եւ պաշտոնավարման կասեցումը աշխատողի նկատմամբ համակցված կիրառվելու դեպքում աշխատողի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում վճարվում է միայն սույն օրենսգրքի 108.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին տրամադրվող ամսական հատուցումը:»:

4) 3-րդ մասում «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տնային կալանքի տակ գտնվելու այն ժամանակահատվածում, երբ նշված խափանման միջոցի կիրառման ուժով աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված,» բառերը.

5) 4-րդ մասում «կալանքը» բառից հետո լրացնել «, կամ տնային կալանքը» բառերը, «կալանքի» բառից հետո՝ «, կամ տնային կալանքի» բառերը.

6) 5-րդ մասում «1-ին եւ 2-րդ մասերը» բառերը փոխարինել «1-ին, 1.1-ին, 1.2-րդ, 2-րդ, 2.1-ին եւ 2.2-րդ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խափանման միջոցներն են կալանքը եւ այլընտրանքային խափանման միջոցները:

2. Այլընտրանքային խափանման միջոցներն են`

1) տնային կալանքը.

(...)»:

Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի լրացման ժամանակահատվածում գործած եւ 01.07.2022 թվականին ուժը կորցրած Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«2. Խափանման միջոցներն են`

1) կալանավորումը.

2) գրավը.

3) ստորագրություն` չհեռանալու մասին.

4) անձնական երաշխավորությունը.

5) կազմակերպության երաշխավորությունը.

6) հսկողության հանձնելը.

7) հրամանատարության հսկողության հանձնելը:»:

Նշված կարգավորումների կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին եւ ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին: Նշված օրենսգրքով սահմանվել է խափանման միջոցի նոր տեսակ՝ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը: Իսկ 108.2-րդ հոդվածը Օրենսգրքում լրացվել է 2021 թվականի մարտի 25-ին ընդունված եւ 2021 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-124-Ն օրենքով՝ երբ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը դեռեւս ուժի մեջ չէր մտել:

Այսպիսով, ակնհայտ է, որ նշված իրավանորմերի գործողության պարագայում որպես այլընտրանքային խափանման միջոց նախատեսված տնային կալանքի կիրառման դեպքում աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցերը դուրս են մնացել իրավական կարգավորման դաշտից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Գործող Քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը, ի թիվս այլնի, որպես այլընտրանքային խափանման միջոց դիտարկում է նաեւ տնային կալանքը: Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:

Նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնավարման կասեցումը հանրային ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագրով աշխատող մեղադրյալի լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատումն է:

Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից բխում է, որ Օրենսգրքով որպես աշխատողի լիազորությունների կասեցման հիմք նախատեսված է միայն խափանման միջոց կալանքը, ինչպես նաեւ այլընտրանքային խափանման միջոց պաշտոնավարման կասեցումը, որպիսի պայմաններում համանման փաստական հանգամանքներում անձի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը կիրառվելու դեպքում պարզ չէ, թե ինչ կարգավիճակ է ունենալու աշխատողը, արդյոք այդ դեպքում կարող է շարունակել իր աշխատանքային պարտականությունների կատարումը, թե՝ ոչ: Այսինքն, այս մասով աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին վերաբերող հարցերը մնում են օրենսդրորեն չկարգավորված:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի տրամաբանությամբ անձի նկատմամբ կալանքի կիրառման դեպքում առաջացող իրավական հետեւանքերը, հետագա աշխատանքային հարաբերություններին առնչվող իրավական առանձնահատկություննեը համանման պետք է լինեն նաեւ տնային կալանքի դեպքում` որոշակի վերապահումների հաշվառմամբ: Մասնավորապես, քննարկվող խափանման միջոցները իրենց բնույթով որոշակի նմանություններ ունեն, այնուամենայնիվ առկա են նաեւ տարբերություններ՝ կալանքի տակ պահվելու վայրը քրեակատարողական հիմնարկն է, տնային կալանքի տակ պահվելու վայրը՝ բնակավայրը, միաժամանակ Քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի ուժով մեղադրյալի նկատմամբ կիրառվող հիմնական սահմանափակումը դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը չլքելն է: Մյուս կողմից՝ նույն հոդվածի 2-րդ մասի ուժով դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ կիրառվելիք հնարավոր այլ սահմանափակումներ են հանդիսանում նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ ունենալու, հաղորդակցության այլ ձեւերից այդ թվում՝ փոստային առաքանուց օգտվելու, որոշակի անձանց հետ շփում ունենալու կամ իր բնակության վայրում այլ անձանց հյուրընկալելու արգելքը:

Արդյունքում պարզ է դառնում, որ այն դեպքում, երբ դատարանի որոշմամբ մեղադրյալի համար չեն սահմանվում Քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները, վերջինս գործնականում կարող է դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքից կատարել իր աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաեւ հեռավար եղանակով:

Ուստի, գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում աշխատանքային հարաբերությունները կողմերի՝ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ հնարավոր լինի շարունակել աշխատանքային պարտականությունների կատարումն ապահովելով հեռավար եղանակով:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին, 3-4-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են, որ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա): Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները եւ կարգը: Օրենքի անալոգիան եւ իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը: Համանման դրույթներ են սահմանված նաեւ Օրենսգրքի 10-րդ հոդվածով:

Նշված դրույթներից ուղղակիորեն բխում է, որ օրենքի անալոգիայի կիրառման հնարավորությունը պարզելու տեսանկյունից առաջին հերթին պետք է առկա լինի համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, իսկ դրա առկայության դեպքում պետք է դիտարկվի նաեւ նշված նորմի՝ տվյալ հարաբերությունների էությանը հակասելու հարցը, ինչպես նաեւ քննարկման առարկա դառնա՝ արդյոք համանման հարաբերություններ կարգավորող նորմով սահմանափակվում են գործատուների կամ քաղաքացիների իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, նրանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները եւ կարգը, որպիսի պայմաններում օրենքի անալոգիայի կիրառումը բացառվում է: Հետեւաբար, քննարկվող բացը հնարավոր չէ լուծել անալոգիայի կիրառման միջոցով:

Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) եւ ապահովել տնային կալանքի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի, ներառումը Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի կարգավորման շրջանակներում՝ այդպիսով սահմանելով անձի նկատմամբ տնային կալանքի կիրառման դեպքում ծագող իրավական հետեւանքները, աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքը:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը, որի արդյունքում տնային կալանքը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, կներառվի Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի կարգավորման համատեքստում:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Ազգային ժողովի 26.08.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» թիվ ԱԺՈ-002-Ն որոշման Հավելվածով հաստատված՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Աշխատանք եւ սոցիալական պաշտպանություն» վերտառությամբ 4.6-րդ բաժնի այն կետից, որի համաձայն՝ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու եւ բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաեւ Վարչապետի 16.08.2024 թվականի թիվ /02/10.9/28197-2024 հանձնարարականից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն