Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «իրավունք ունի» բառերը փոխարինել «, իսկ Լիազոր մարմինը սույն մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում իրավունք ունեն» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-6-րդ կետերով.
«4) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից (բացառությամբ պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզության ծառայության եւ պետական պահպանության ծառայության), ազգային անվտանգության ծառայությունից՝ միայն պետական սահմանի անցման կետերում տեղադրված տեսահսկման համակարգերի մասով, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող եւ շտապ օգնության բնագավառի լիազոր մարմիններից եւ օդանավակայաններից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող եւ շտապ օգնության բնագավառի լիազոր մարմինների դեպքում՝ օրենքով նախատեսված համապատասխան տրանսպորտային միջոցների տեսահսկման համակարգերին:
Սույն կետում նշված մարմինները, կազմակերպությունները եւ հիմնարկները պարտավոր են տեսահսկման համակարգերի տեսագրությունները պահպանել առնվազն 15 օր: Սույն կետում նշված մարմիններից, կազմակերպություններից եւ հիմնարկներից պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի՝
ա. տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն,
բ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման հնարավորություն,
գ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման եւ պահպանման հնարավորություն,
դ. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն,
ե. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի բեռնման, արտահանման հնարավորություն,
զ. առցանց ռեժիմով տեսանկարահանվող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների եւ դիտման սարքերի հասանելիության հնարավորություն.
5) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու անձանց նույնականացում բացառապես այն դեպքերում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում.
6) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու տվյալների մշակում հետեւյալ նպատակներով.
ա. իրավախախտումների կանխում, հայտնաբերում եւ բացահայտում, ինչպես նաեւ օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառում,
բ. հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում՝ արագ արձագանքում,
գ. քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերում,
դ. անհետ կորած քաղաքացիների եւ հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերում,
ե. հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովում,
զ. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովում,
է. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցություն,
ը. օրենքով սահմանված նպատակներով պետական եւ օրենքով չարգելված նպատակներով ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով, միայն ապանձնավորված եղանակով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրում:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-10-րդ մասերով.
«Սույն հոդվածով նախատեսված տեսագրություններ պահանջելը եւ ստանալը, տեսահսկման համակարգերին հասանելիությունը, տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակումը եւ տեսահսկման համակարգերի կիրառումը կարող են իրականացվել բացառապես սույն հոդվածով նախատեսված նպատակներով եւ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն չափով:
Սույն հոդվածով նախատեսված տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեն իրավասու աշխատակիցները (ծառայողները), որոնց շրջանակը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում պահանջվում է իրավասու աշխատակցի (ծառայողի) խիստ նույնականացում, իրավասու աշխատակցի (ծառայողի) մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում կատարվում է հաշվառում (լոգավորում), իսկ աշխատակիցը (ծառայողը) պարտադիր մուտքագրում է իր տվյալները եւ մուտք գործելու նպատակն արտացոլող տեղեկատվությունը:
Սույն հոդվածով նախատեսված տեսահսկման համակարգերի միջոցով տեսանյութի ներբեռնման յուրաքանչյուր դեպքում տեսանյութի վրա պետք է արտացոլվեն դրա ներբեռնման օրը, ամիսը, տարեթիվը եւ ժամը, ինչպես նաեւ «Ներքին գործերի նախարարություն» անվամբ ջրանշանը: Առցանց ռեժիմով տեսահսկման դեպքում տեսահսկող սարքի էկրանին պետք է առցանց ռեժիմով արտացոլվեն տեսահսկման օրը, ամիսը, տարեթիվը եւ ժամը:
Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված աշխատակիցները (ծառայողները) պարտավոր են պահպանել տեսահսկման համակարգերով իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, ինչպես նաեւ տեսահսկման համակարգերով ստացված տվյալները մշակել բացառապես օրենքով նախատեսված նպատակներով: Սույն մասով նախատեսված պարտականության չկատարումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Լիազոր մարմինն իր տեսահսկման համակարգերի մասով համայնքներին տրամադրում է սույն հոդվածով նախատեսված հասանելիություն այն սկզբունքով, որ յուրաքանչյուր համայնք հասանելիություն ունենա Լիազոր մարմնի՝ միայն տվյալ համայնքի վարչական տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին: Լիազոր մարմնի եւ համայնքների միջեւ տեսահսկման համակարգերին փոխադարձ հասանելիությունն ապահովվում է փոխադարձ հատուցմամբ՝ տեսահսկման համակարգերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավախախտումը կատարած անձանցից գանձված գումարի մի մասը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե փոխանցելու միջոցով, որի չափը որոշելու բանաձեւը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման եւ տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»:
Հոդված 3. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 9-ից: