Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10131-21.02.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 124.8-րդ հոդվածով.

«Հոդված 124.8. Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում` վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը

1. Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում` վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 169.23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասում «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «124.6-րդ,» բառերից հետո լրացնել «124.8-րդ,» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թիկնապահական եւ պահնորդական գործունեությունն իրականացնելիս կարող են մատուցվել հետեւյալ ծառայությունները.

1) ֆիզիկական անձի կյանքի եւ առողջության պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից (այդ թվում` զենքի օգտագործմամբ).

2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ եւ շարժական գույքի, տարածքի պահպանությունը.

3) պահպանվող օբյեկտներում անցագրային եւ ներօբյեկտային պայմանակարգերի ապահովումը.

4) հատուկ կապի եւ տրանսպորտային միջոցների տրամադրումը:

Այս առումով պետք է նշել, որ անվտանգային սարքավորումների տեղադրման միջոցով իրականացվող տեսահսկման ծառայությունները, ահազանգման համակարգի միջոցով պահպանությունը եւ արագ արձագանքման ծառայությունները, ըստ էության, օրենքի կարգավորման առարկա չեն հանդիսանում, սակայն ծառայության այս ենթատեսակը փաստացի կիրառվում է մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թիկնապահական եւ պահնորդական գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա:

Ընդ որում, «Լիցենզավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածը, որով սահմանված են եղել լիցենզիաների տեսակները, այն է՝ պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ եւ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ, 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-121-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել:

Այսպիսով, «Լիցենզավորման մասին» ներկայիս օրենսդրությամբ, 2015 թվականից ի վեր, չի կիրառվում «բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա» հասկացությունը:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում, ըստ էության, առկա չէ պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիայի ձեռք բերման համար կազմակերպության կողմից որեւէ պայմանի համապատասխանելու կամ որեւէ պայման ապահովելու մասով իրավակարգավորում:

Այս առումով հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի եւ լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին» N 1152-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ կետը սահմանում է, որ հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1152-Ն որոշման N 2 հավելվածի.

2) պահնորդի եւ (կամ) թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաեւ այդ անձանց անձնագրերի պատճենները:

Նշված դրույթից բխում է, որ առնվազն մեկ պահնորդի (թիկնապահի) առկայության ապահովումն անհրաժեշտ եւ բավարար է տնտեսավարող սուբյեկտի կողմից մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար:

Հարկ է նշել, որ մասնավոր պահնորդական գործունեության ինստիտուտի՝ 2012 թվականին ներդրումից ի վեր, ոլորտի լավարկմանն ու ստանդարտների ներդրմանն ուղղված էական օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել: Այս համատեքստում ինչպես Ներքին գործերի նախարարությունը, այնպես էլ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում իրականացրել են ուսումնասիրություններ, այդ թվում՝ միջազգային փորձի ուսումնասիրմամբ եւ համադրմամբ: Մասնավորապես Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրվել է.

«........Այսպիսով, Ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության եւ այլ երկրների համապատասխան իրավակարգավորումների համեմատության արդյունքում կարող ենք տեսնել, որ ՀՀ-ում պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիայի ձեռք բերման համար առկա են համեմատաբար ոչ բարդ պահանջներ: Եվ ինչպես ցույց է տվել առկա տեղեկատվության ուսումնասիրությունը, ՀՀ-ում լիցենզիա ստացած տնտեսավարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 2017 թվականի համեմատ աճել է շուրջ 3,6 անգամ՝ 42-ից հասնելով 152-ի: Ներկա պահին նման կազմակերպությունների թիվը 210 է: Հաշվի առնելով Ոլորտի հանրային նշանակությունը, կարեւորվում է այն հանգամանքը, որ լիցենզիա ստացող տնտեսավարող սուբյեկտները ունենան համապատասխան ներուժ եւ տնտեսական միջոցներ: Հակառակ դեպքում, բարձրանում է ռիսկն առ այն, որ տնտեսավարող սուբյեկտները, չունենալով բավարար միջոցներ Ոլորտում պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար, ինքնարժեքի նվազեցման նպատակով չհետեւեն մի շարք օրենսդրական պահանջների կատարմանը (ինչպես պահնորդական գործունեության հետ ուղղակի առնչություն ունեցող, այնպես էլ աշխատանքային եւ այլ օրենսգրքերի): Սա էլ իր հերթին կարող է հանգեցնել Ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների միջեւ հավասար մրցակցային պայմանների խաթարման:»:

Ուսումնասիրության արդյունքներով արվում են հետեւյալ եզրահանգումները.

«....Այս համատեքստում, Հանձնաժողովը գտնում է, որ համապատասխան լիցենզիայի տրամադրման պահանջները որոշ չափով խստացնելը կարող է դրական ազդել ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման վրա եւ հետագայում հեշտացնել վերահսկողությունը ոլորտում: Մասնավորապես, որպես օրինակ կարող է դիտարկվել հետեւյալ պայմանների կիրառումը. տնտեսավարող սուբյեկտի տնտեսական եւ ֆինանսական ռեսուրսների առկայության վերաբերյալ նվազագույն պահանջ, համապատասխան տարածքի առկայություն՝ անհրաժեշտ համապատասխան կահավորմամբ, աշխատակիցների նվազագույն քանակ եւ այլն:»:

Մեկ այլ խնդիր է նաեւ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով պատճառված վնասի հատուցման ապահովումը, որի ապահովման որեւէ մեխանիզմ օրենսդրությամբ ներկայումս նախատեսված չէ:

Բացի այդ, Տնտեսական պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրություններով արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ լիցենզիան ստանալուց հետո մասնավոր պահնորդական կազմակերպությունները փաստացի համապատասխան գործունեություն չեն ծավալել, եւ սույն օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է նաեւ նման կազմակերպությունների մուտքը մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտ սահմանափակելուն:

Միաժամանակ, օրենսդրական նախաձեռնությունը միտված է մեկ անձի թիկնապահական ծառայություններ մատուցելու նպատակով մասնավոր պահնորդական կազմակերպություններ ստեղծելու հնարավորությունների սահմանափակմանը, որպիսի հնարավորությունից կարող են օգտվել նաեւ քրեական տարրերը:

Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաեւ օբյեկտները կարեւորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2073-Ն որոշումը, որով վերանայվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկը: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, եւ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից դադարեցվելու է այդ թվում պետական մարմինների շենքերի եւ շինությունների պահպանությունը, ու այդ գործառույթը փոխանցվելու է մասնավոր պահնորդական կազմակերպություններին: Այս համատեքստում եւս առաջնահերթություն է դառնում հիշյալ կազմակերպությունների լիցենզավորմանը ներկայացվող պահանջների հստակեցումը եւ որոշակի խստացումը՝ այն իմաստով, որպեսզի նման լիցենզիա ստանան որակյալ ծառայություններ մատուցելու ունակ կազմակերպությունները՝ պետական մարմինների շենքերում պատշաճ պահպանության ծառայություն կազմակերպելու համար:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ թիկնապահական եւ պահնորդական գործունեության լիցենզավորման, այդ թվում` լիցենզիայի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, վերաձեւակերպման, լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման եւ այլ ընթացակարգերն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն՝ երկարաձգվում են այն լիցենզիաները, որոնք տրված են եղել որոշակի ժամկետով:

Այս առումով հատկանշական է, որ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիան տրվում է անժամկետ, ուստի լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման ռեժիմը գործունեության այս տեսակի համար կիրառելի լինել չի կարող:

Ներկայումս լիազոր մարմնի կողմից չի վարվում մասնավոր պահնորդական կազմակերպությունների եւ պահնորդների ռեեստր, ինչը հնարավորություն չի տալիս ըստ ուղղությունների ձեւավորել անհրաժեշտ եւ բավարար վիճակագրություն, իրականացնել ոլորտի տենդենցների օբյեկտիվ վերլուծություն: Այդ իսկ պատճառով լիազոր մարմինը հենվում է հատվածային, հիմնականում լիցենզավորման կամ ստուգման փուլում կազմակերպությունների եւ պահնորդների վերաբերյալ ստացված տվյալների վրա, ինչը չի արտացոլում տվյալ ժամանակահատվածի համար իրական պատկերը, եւ հետեւաբար բացասաբար է ազդում ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ որոշումների կայացման արդյունավետության վրա:

Մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից օբյեկտների պահպանության կազմակերպման ստանդարտներ կամ չափորոշիչներ ներկայումս սահմանված չեն: Առանց նման ստանդարտների նախատեսման՝ մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից որակյալ ծառայությունների մատուցումը եւ դրա նկատմամբ վերահսկողությունը բավականին խնդրահարույց է: Համապատասխան ստանդարտների սահմանման անհրաժեշտությունը հատկապես կարեւորում է այն համատեքստում, որ 2026 թվականի հունվարի 1-ից Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից դադարեցվելու է պետական մարմինների շենքերի եւ շինությունների պահպանությունը, ու այդ գործառույթը փոխանցվելու է մասնավոր պահնորդական կազմակերպություններին:

Ընդ որում, պետական պահպանություն իրականացնող ոստիկանության մասնագիտացված ծառայության համար վերոնշյալ իրավահարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտեր են հանդիսանում ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշումը եւ ՀՀ ոստիկանության պետի 2002 թվականի հուլիսի 2-ի թիվ 287-Ա հրամանը:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահնորդի (թիկնապահի) կյանքն ու առողջությունը ապահովագրվում են գործատուի հաշվին, իսկ նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնավոր պահնորդական կազմակերպության լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերից է գործատուի կողմից պահնորդի (թիկնապահի) կյանքն ու առողջությունը չապահովագրելը: ՀՀ ապահովագրական շուկայում ներկայումս չի մատուցվում կյանքի ապահովագրման ծառայություն, ինչն անհնար է դարձնում օրենքի այս պահանջի իրագործումը:

Ներքին գործերի նախարարության ձեւավորմամբ պայմանավորված՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն է իրականացնում նախարարության գործունեության ոլորտին վերապահված լիցենզավորման գործընթացի ապահովումը, ինչպես նաեւ լիցենզիաների պահանջների կատարման կապակցությամբ վարչարարության իրականացումը, ինչը նախկինում իրականացնում էր Ոստիկանությունը՝ որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական մարմին: Վերոնշյալ փոփոխությունը պետք է ամրագրվի նաեւ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում:

Հատկանշական է, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» եւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքների պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս, լիազոր մարմինն իրավունք ունի պահնորդական ծառայություններ մատուցելու վայրում սահմանված կարգով իրականացնել ստուգում՝ միայն պատվիրատուների համաձայնությամբ, ինչն էական բարդացնում է մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության լիարժեք իրականացումը՝ սահմանափակելով օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման հնարավորությունները:

Ներկայումս առկա են խնդրահարույց գործոններ ոլորտային կազմակերպությունների գործունեության ստուգման եւ առհասարակ արդյունավետ վերահսկողության առումով, որոնք ավելի ռիսկային են դառնում մասնավոր պահնորդական կազմակերպությունների եւ պահնորդների թվի կանխատեսվող աճի պարագայում:

Այսպես՝ մասնավոր պահնորդական կազմակերպություններում ստուգումների հաճախականությունը որոշվում է ըստ հետեւյալ ռիսկայնության խմբերի.

- ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում՝ յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ,

- միջին ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում՝ յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ,

- բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում՝ տարեկան 1 անգամ:

Սակայն, այս ռիսկայնության խմբերի որոշման համար, ըստ գործող օրենսդրության, անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունում մեկ անգամ արդեն անցկացված լինի ստուգում, որի արդյունքներով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ստուգաթերթով նախատեսված միավորների կիրառմամբ է /կոնկրետ խախտումը գնահատվում է X միավոր/ որոշվում, թե կազմակերպությունը որ ռիսկային խմբին է պատկանում: Այսինքն՝ հենց առաջին ստուգման արդյունքներով էլ կանխորոշվում է տվյալ կազմակերպությունում հետագա ստուգումների հաճախակիությունը:

Ընդ որում, հարկ է նշել, որ առկա չէ որեւէ գործիքակազմ, որը հնարավորություն կտար քիչ թե շատ օբյեկտիվ չափորոշիչներով որոշել, թե դեռեւս առաջին անգամ չստուգված եւ ռիսկայնության որեւէ խմբում չընդգրկված որ կազմակերպությունում /դրանք բավական ծավալ են կազմում/ է առավել նպատակահարմար իրականացնել ստուգում, որն է դրանցից առավել ռիսկայինը:

Բացի այդ, ներդրված չէ որեւէ կառուցակարգ այն կազմակերպությունների հետագա գործունեության օրինականությունը մոնիթորինգի ենթարկելու համար, որոնք արդեն իրականացված ստուգումների արդյունքներով դասվել են ցածր ռիսկայնության խմբում:

Այս խնդիրների չեզոքացման եւ ոլորտի վերահսկողության արդյունավետ կազմակերպման համար առաջարկվում է նախատեսել մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու օրենսդրական պահանջ, որում ընդգրկված տեղեկությունների վերլուծությունը թույլ կտա որոշել, թե դեռեւս առաջին անգամ չստուգված եւ ռիսկայնության որեւէ խմբում չընդգրկված որ կազմակերպությունում է առավել նպատակահարմար իրականացնել առաջնային ստուգում:

«Մասնավոր պահնորդական գործունեության» մասին օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ պաշտպանվող յուրաքանչյուր անձի կարող է ուղեկցել միայն մեկ տրանսպորտային միջոց եւ երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը):

ՀՀ ներքին գործերի նախարարությունում իրականացված վերլուծությունները փաստում են, որ պահպանվող անձին տրանսպորտային միջոցով ուղեկցելու նշված իրավական հնարավորությունը պրակտիկայում հաճախ է չարաշահվում. բազմաթիվ են ուղեկցման ընթացքում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումները, որոշ դեպքերում նաեւ՝ պահպանվող անձի «արտոնյալ կարգավիճակը» ընդգծելու շարժառիթով, ինչն առաջացնում է քաղաքացիների արդարացի դժգոհությունը՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի խաթարման իմաստով:

Այսպիսով, նման գործողություններն առաջացնում են ռիսկեր՝ երթեւեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ առհասարակ օրինականության եւ քաղաքացիների իրավահավասարության տեսանկյունից:

Մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտում ապօրինի գործունեության կանխարգելման նպատակով սահմանված վարչական իրավախախտումները եւ դրանց կատարման համար նախատեսված վարչաիրավական ներգործության միջոցները գործող օրենսդրությամբ հետեւյալն են.

1) ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը /ՎԻՎՕ 169-րդ հոդված/, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:

2) մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը /ՎԻՎՕ 169.23-րդ հոդվածի 1-ին մաս/, որն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ այդ ծառայությունից օգտվելը /ՎԻՎՕ 169.23-րդ հոդվածի 2-րդ մաս/, որն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով: Հաշվի առնելով ստվերային պահնորդական գործունեության իրականացումից ակնկալվող անօրինական եկամուտների չափերը՝ ակնհայտ է դառնում, որ իրավական հակազդման նշված միջոցները չեն կարող ծառայել որպես անօրինական պահնորդական գործունեության կանխարգելման արդունավետ գործիքներ, եւ առկա է պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտություն:

Ինչպես նշվեց, մասնավոր պահնորդական գործունեության ինստիտուտը ներդրվել է 2012 թվականից, եւ նշված գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար, այդ ժամանակահատվածից սկսած, պետական տուրքի դրույքաչափ է սահմանվել բազային տուրքի 500-ապատիկը: Եվ չնայած 2012 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացվածության ցուցանիշներում արձանագրված էական փոփոխություններին, շուրջ 13 տարի այս տեսակի գործունեության լիցենզիա ստանալու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի փոփոխություն տեղի չի ունեցել:

Խնդրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից ուսումնասիրվել է Վրաստանի Հանրապետության փորձը, որը ինչպես տարածքով եւ բնակչությամբ, այնպես էլ մասնավոր պահնորդական գործունեության ինստիտուտի առումով համադրելի է Հայաստանի Հանրապետության հետ: Ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ Վրաստանի Հանրապետությունում մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար նախատեսված բավական մեծ պետական տուրքի դրույքաչափ՝ 50.000 լարիի չափով, ինչը համարժեք է շուրջ 7.000.000 ՀՀ դրամին:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների` զենք կրելու թույլտվությունը հանդիսանում է իրավաբանական անձանց տրվող թույլտվության տեսակ: Այլ կերպ ասած, պահնորդը կամ թիկնապահը զենք կրելու թույլտվություն ստանում է որպես այս կամ այն մասնավոր պահնորդական կազմակերպության աշխատող, ինչով պայմանավորված՝ գործատուի փոփոխության դեպքում, օրինակ՝ զենք կրելու թույլտվությունը ստանալուց մեկ ամիս հետո, վերջիններս ստիպված են, որպես արդեն այլ իրավաբանական անձի աշխատող, կրկին անցնել զենք կրելու թույլտվության ստացման՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը, ինչը ողջամիտ չէ:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը.

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվող ծառայությունների տեսակներն առաջարկվում է լրացնել մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից փաստացի մատուցվող ծառայությունների բոլոր ենթատեսակներով՝ ավելացնելով անվտանգային սարքավորումների տեղադրման միջոցով իրականացվող տեսահսկման ծառայությունները, ահազանգման համակարգի միջոցով պահպանության եւ արագ արձագանքման ծառայությունները:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասից հանվել է «բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա» հասկացությունը, քանի որ «Լիցենզավորման մասին» ներկայիս օրենքով նման ընթացակարգ առկա չէ:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածում նախատեսվել է նոր 3-րդ մաս, որով սահմանվել է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պարտադիր նվազագույն պահանջ, այն է՝ լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի (պահնորդի եւ (կամ) թիկնապահի) հետ կնքված աշխատանքային պայմանագրերի առկայություն:

Միաժամանակ, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը լրացվել է «Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության գույքային պատասխանատվությունը» վերնագրով նոր 28.1.-ին հոդվածով, որով մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանվում է պարտավորություն՝ ապահովագրելու իրենց պատասխանատվության ռիսկը նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասից հանվել են «լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման,» բառերը, քանի որ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1152-Ն որոշման համաձայն մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիան տրվում է անժամկետ:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը լրացվել է նոր` 8.1-րդ հոդվածով, որով սահմանվել է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան վարելու հնարավորություն եւ դրանում ընդգրկվող տեղեկությունների ցանկ:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 24-րդ հոդվածում նախատեսվել է նոր 3-րդ մաս, որով լիազոր մարմնի համար լիազորող նորմ է սահմանվել մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը եւ պայմանները սահմանող հրամանի ընդունման համար:

Առաջարկվում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասից հանել գործատուի կողմից պահնորդի (թիկնապահի) կյանքն ապահովագրելու պահանջը՝ մինչեւ ՀՀ ապահովագրական շուկայում նման ծառայության մատուցման ներդրումը՝ թողնելով միայն պահնորդի առողջության պարտադիր ապահովագրման պահանջը:

Նկատի ունենալով, որ Ներքին գործերի նախարարության ձեւավորմամբ պայմանավորված՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն է իրականացնում նախարարության գործունեության ոլորտին վերապահված լիցենզավորման գործընթացի ապահովումը, ինչպես նաեւ լիցենզիաների պահանջների կատարման կապակցությամբ վարչարարության իրականացումը, ինչը նախկինում իրականացնում էր Ոստիկանությունը՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում, ինչպես նաեւ 32-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանություն» բառը փոխարինվել է «Լիազոր մարմին» բառերով:

Միաժամանակ, օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում հանվել են «(պատվիրատուների համաձայնությամբ)» բառերը, ինչպես նաեւ լիազոր մարմնի կողմից ստուգումների կազմակերպման եւ անցկացման վայրերի առումով բացառություն է նախատեսվել բնակարանների կամ բնակարանի հավասարեցված վայրերի համար:

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածում նախատեսվել է նոր 4-րդ մաս, որով սահմանվել է լիցենզավորված մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին իրենց գործունեության վերաբերյալ կիսամյակային կտրվածքով հաշվետվություն ներկայացնելու պահանջ:

Նշված փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն նախատեսել նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, որով լիցենզիայի տվյալ տեսակի, այն է՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող սուբյեկտի համար կնախատեսվի հաշվետվություն ներկայացնելու պահանջ:

Նախատեսվում է վերացնել պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելու իրավական հնարավորությունը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նախատեսել նոր զանցանք, այն է՝ մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեք ավելի թիկնապահի (այդ թվում` վարորդ-թիկնապահի) կողմից ուղեկցելը, սահմանելով իրավախախտման հասարակական վտանգավորությանը համարժեք տուգանքի բարձր չափ:

Միաժամանակ, խստացվել են առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու եւ այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը:

Առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը բազային տուրքը, որը շուրջ 13 տարի չի փոփոխվել, եւ կազմակերպության գործունեության ողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով, ինչը համահունչ կլինի տնտեսության արդի ցուցանիշներին եւ բխում է միջազգային փորձից: Նման իրավակարգավորումը կնպաստի նաեւ, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների: Առաջարկվող փոփոխությունը եւս դիտարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու պահանջների՝ դրական էֆեկտ կանխատեսող խստացման տրամաբանության մեջ:

Առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Օրենքի նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները դրական ազդեցություն կունենան ոլորտի մրցակցային միջավայրի բարելավման, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների արդյունավետ վերահսկման, պահնորդական կամ թիկնապահական գործունեության արդյունավետության բարձրացման վրա, ինչպես նաեւ մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիայի ստացման համար կնախատեսվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող հստակ չափորոշիչներ:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի:

6. Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը եւ ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» թիվ 1116-Ն եւ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի եւ լիցենզիայի ձեւերը հաստատելու մասին» թիվ 1152-Ն որոշումների մեջ:

Նախագծերի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2024թ. նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 8-րդ ուղղության 1.7-րդ՝ «Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա օբյեկտների արդի դասակարգում եւ պահնորդական գործունեության չափանիշների լավարկում» կետը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն