Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-824-14.03.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում վենչուրային հիմնադրամների ստեղծման, կառավարման, դրանց գործունեության կանոնակարգման, ինչպես նաեւ վենչուրային ներդրումների հետ կապված իրավահարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, Հայաստանի Հանրապետության եւ համայնքների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում վենչուրային հիմնադրամների ստեղծման, գործունեության, վենչուրային հիմնադրամներում ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների կողմից առեւտրային կազմակերպություններում իրականացվող ներդրումների վրա:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը.

1) Վենչուրային (մասնավոր ներդրումային) հիմնադրամ` մասնավոր ներդրումային հիմնադրամ, որը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վենչուրային ներդրում,

2) Վենչուրային ներդրում` վենչուրային հիմնադրամի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կատարվող ներդրում, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող կամ գործող վենչուրային ձեռնարկության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կամ այլ առեւտրային իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կամ այլ ձեւով կատարվող ներդրում:

3) Վենչուրային կառավարիչ (կառավարիչ)` առեւտրային իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը պայմանգրի հիման վրա իրականացնում է վենչուրային հիմնադրամի գործադիր մարմնի լիազորությունները, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամի անունից կառավարում է վենչուրային ներդրումները: Տնտեսական ընկերակցություն հանդիսացող վենչուրային հիմնադրամներում որպես կառավարիչ հանդես է (են) գալիս լիակատար ընկերը (ընկերները):

4) Վենչուրային ձեռնարկություն՝ առեւտրային իրավաբանական անձ, որը սահմանված կարգով ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից գրանցված գյուտը եւ/կամ օգտակար մոդելն օգտագործում է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան եւ հանդիսանում է այդ գյուտի եւ/կամ օգտակար մոդելի արտոնագրատեր կամ օգտագործման լիցենզիայի իրավասու տիրապետող անձ:

2. Սույն օրենքով սահմանված հասկացությունները այլ օրենքերում կիրառվում են սույն օրենքով սահմանված նշանակությամբ, եթե այդ օրենքներում այլ նշանակություն սահմանված չէ:

3. Սույն օրենքի իմաստով վենչուրային հիմնադրամ չի համարվում բանկը, ապահովագրական ընկերությունը, ինվեստիցիոն հիմնադրամը, կենսաթոշակային հիմնադրամը, վարկային կազմակերպությունը եւ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձը:

Հոդված 4. Վենչուրային հիմնադրամները

1. Վենչուրային հիմնադրամը կարող է ստեղծվել ցանկացած առեւտրային իրավաբանական անձի ձեւով, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների:

2. Վենչուրային հիմնադրամների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ դրանց լուծարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են համապատասխան ձեւի իրավաբանական անձանց ստեղծումը, գործունեությունը, վերակազմակերպումն ու լուծարումը կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով` հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

3. Վենչուրային հիմնադրամը պետք է ունենա ոչ ավելի, քան 49 մասնակից (բաժնետերեր, փայատերեր, լիակատար ընկերներ, ավանդատուներ եւ այլն):

Եթե վենչուրային հիմնադրամի մասնակիցների թիվը 49-ից ավելի է դարձել, ապա վենչուրային հիմնադրամը մեկ տարվա ընթացքում պետք է համապատասխանաբար կրճատի իր մասնակցիցների քանակը կամ լուծարվի:

4. Արգելվում է վենչուրային հիմնադրամի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը համալրել կամ այլ ձեւով միջոցներ ներգրավել հրապարակային առաջարկի միջոցով:

5. Վենչուրային հիմնադրամի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կարող է համալրվել բացառապես դրամական միջոցներով:

6. Վենչուրային հիմնադրամի, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների ներդրումների կառավարումը պարտադիր կարգով պետք է իրականացվի կառավարիչի կողմից:

7. Վենչուրային հիմնադրամն իրավունք ունի իրականացնել բացառապես վենչուրային ներդրումներ: Վենչուրային հիմնադրամն իրավունք չունի իրականացնել արտադրական, առեւտրային, ապահովագրական, բանկային եւ այլ գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

8. Վենչուրային հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո երեք ամսվա ընթացքում իր մասնակիցներին տրամադրել տեղեկություններ վենչուրային հիմնադրամի ֆինանսական վիճակի եւ կատարված ներդրումների մասին: Վենչուրային հիմնադրամի կանոնադրությամբ կարող է նախատեսվել տեղեկատվության տրամադրման այլ ավելի կարճ ժամանակահատված:

Հոդված 5. «Վենչուրային հիմնադրամ» բառակապակցության օգտագործումը

Վենչուրային հիմնադրամնները կարող են իրենց ֆիրմային անվանման մեջ օգտագործել «վենչուրային հիմնադրամ» կամ «մասնավոր վենչուրային հիմնադրամ» բառակապակցությունը:

«Վենչուրային հիմնադրամ» կամ «մասնավոր վենչուրային հիմնադրամ» բառակապակցությունն իրենց անվանման մեջ իրավունք ունեն օգտագործել միայն այն իրավաբանական անձինք, որոնց գործունեությունը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին:

Հոդված 6. Վենչուրային կառավարիչը

1. Վենչուրային կառավարիչ կարող է լինել ցանկացած առեւտրային իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

2. Տնտեսական ընկերակցության ձեւով ստեղծված վենչուրային հիմնադրամում գործերի վարման (ընկերակցության անունից ձեռնարկատիրական գործունեությամբ ձբաղվելու) կարգը սահմանվում է տվյալ ընկերակցության կանոնադրությամբ:

3. Վենչուրային հիմնադրամի եւ կառավարչի միջեւ կնքվող պայմանագիրը պարտադիր պետք է պարունակի դրույթներ կառավարչի վարձատրության, նրա կողմից վենչուրային հիմնադրամի մասնակիցներին հաշվետվություններ ներակայացնելու կարգի եւ ժամկետների, պայմանագիրը միակողմանիորեն լուծելու դեպքերի եւ կարգի, ինչպես նաեւ միակողմանիորեն պայմանագրի լուծման դեպքում փոխհատուցումների մասին:

4. Կառավարիչն իր պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործի ելնելով վենչուրային հիմնադրամի շահերից, իրականացնի իր իրավունքները եւ կատարի իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով:

Կառավարիչը պատասխանատվություն է կրում իր գործողություների (անգործության) հետեւանքով վենչուրային հիմնադրամին պատճառված վնասի համար:

Կառավարիչն ազատվում է սույն կետով նախատեսված վնասի համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ, ներդրումային հայտարագրին համապատասխան, չգիտեր եւ չէր կարող իմանալ, որ իր գոծողությունների (անգործության) հետեւանքով վենչուրային հիմնադրամը կկրի վնասներ:

5. Կառավարչը պարտավոր է պայմանգրի կնքման պահից երկամսյա ժամկետում վենչուրային հիմնադրամի հաստատմանը ներկայացնել ներդրումային հայտարարագիր, որը պետք է ներառի վենչուրային հիմնադրամի ներդրումային քաղաքականությունը եւ ուղղությունները, ներդրման պայմա ններն ու կարգը (այդ թվում` ներդրումն երի կազմի եւ կառուցվածքի սահմանափակումները ) , ինչպես նաեւ ներդրման հետ կապված հնարավոր ռիսկերի նկարագիրը :

Վենչուրային հիմնադրամի կողմից հաստատված ներդրումային հայտարարագրում փոփոխությունները կարող են կատարվել փոխադարձ համաձայնությամբ:

6. Կառավարիչն իրավունք չունի վենչուրային հիմնադրամի անունից ներդրումներ կատարել մինչեւ ներդրումային հայտարարագրի հաստատումը:

7. Կառավարիչը կարող է վենչուրային հիմնադարմի չտեղաբաշխված միջոցները տեղաբաշխել բացառապես ներդրումային հայտարարագրով նախատեսված ֆինանսական գործիքներում:

Հոդված 7. Վենչուրային հիմնադրամի մասնակիցները

1. Վենչուրային հիմնադրամի մասնակից կարող են լինել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական ու իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունները, Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները։

2. Վենչուրային հիմնադրամի մասնակիցներն օգտվում են այն իրավունքներից եւ կրում են այն պարտականությունները որոնք բխում են տվյալ վենչուրային հիմնադրամի կազամակերպա-իրավական կարգավիճակից, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

Հոդված 8. Վենչուրային հիմնադրամի կանոնադրական կապիտալը

1. Վենչուրային հիմնադրամի կանոնադրական (բաժնեհավաք)_կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ:

3. Վենչուրային հիմնադրամի կողմից զուտ շահույթը (կուտակված շահույթ) մասնակիցներին բաշխելն արգելվում է, եթե դրանք բաշխելու պահին վենչուրային հիմնադրամի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին վենչուրային հիմնադրամում առկա չբաշխված զուտ շահույթի գումարին:

Հոդված 9. Վենչուրային հիմնադրամների միություններ

Վենչուրային հիմնադրամներն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու եւ այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել վենչուրային հիմնադրամների միություններ եւ անդամակցել դրանց:

Հոդված 10. Վենչուրային հիմնադրամների հիմնադրամ

Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները կարող են ստեղծել վենչուրային հիմնադրամների հիմնադրամ կամ հանդես գալ որպես նրանց մասնակից:

Վենչուրային հիմնադրամների հիմնադրամն պետության կամ համայնքի պարտադիր մասնակցությամբ առեւտրային իրավաբանական անձ է, որը ստեղծվում է բացառապես վենչուրային հիմնադրամներում ներդրումներ կատարելու եւ վենչուրային հիմնադրամների եւ /կամ/ վենչուրային ներդրումները երաշխավորելու նպատակով:

Հիմնադրամների հիմնադրամները պարտավոր են իրենց ֆիրմային անվանման մեջ օգտագործել «Վենչուրային հիմնադրամների հիմնադրամ» բառակապակցությանը:

«Վենչուրային հիմնադրամների հիմնադրամ» բառակապակցությունը իրենց անվանման մեջ իրավունք ունեն օգտագործել միայն սույն հոդվածի դրույթներին համապատասխանող իրավաբանական անձինք:

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: