Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «ինչպես նաեւ կարգավորում է» բառերից հետո լրացնել «ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունը եւ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով՝
«7) ուղեգրում՝ անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ենթակա լինելու հավաստում, որի արդյունքում տրվում է ուղեգիր.
8) ամփոփագիր՝ ներկայացված բժշկական փաստաթղթերի, Կառավարության որոշմամբ սահմանված ինքնագնահատման հարցաշարի եւ այլ տեղեկատվության հիման վրա մշակված անձի ֆունկցիոնալության նկարագիր.
9) դիտարկում՝ տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման եւ բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն.
10) դիտարկվող սուբյեկտ՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը ներգրավված լիազոր մարմնի, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին աշխատակիցներ, այդ թվում՝ ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողով կամ հանձնաժողովի անդամ, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն.
11) դիտարկվող օբյեկտ՝ կոնկրետ անձի կապակցությամբ իրականացված ֆունկցիոնալության գնահատում»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝
«4.1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի անդամի վերապատրաստման իրականացումը եւ հավաստագրի տրամադրումը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝
«2. Լիազոր մարմինն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկումների արդյունքները կարող է օգտագործել միայն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում քաղաքականության իրականացման գնահատման համար:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «նախաձեռնության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ տեսչական մարմնի կողմից ներկայացված միջնորդագրի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ եւ 5.2-րդ մասերով.
«5.1. Անձին ֆունկցիոնալության գնահատման, բացառությամբ մահվան պատճառական կապը որոշելու դեպքի, ուղեգրում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունը օրենսդրությամբ սահմանած կարգով:
5.2. Անձի ֆունկցիոնալության գնահատման դիմումը մուտքագրվում է էլեկտրոնային համակարգ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից, իսկ դիմումին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրին ներկայացվող պահանջների ստուգումն ու ամփոփագրի մշակումն իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «եւ վերահսկողությունը» բառերը,
2) 2-րդ մասը ուժ կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.
«Հոդված 11.1. Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության իրականացումը
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը դիտարկումների միջոցով:
2. Դիտարկումն իրականացվում է Կառավարության հաստատած դիտարկման ստուգաթերթով, որը մշակվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով ստուգաթերթի մշակման համար սահմանված կարգով:
3. Դիտարկումները լինում են դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված եւ ըստ անհրաժեշտության:
4. Դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված դիտարկումներ իրականացվում են տեսչական մարմնի ղեկավարի հաստատած դիտարկման տարեկան ծրագրին (այսուհետեւ՝ ծրագիր) համապատասխան, որը կազմվում է Կառավարության որոշմամբ հաստատած մեթոդաբանության հիման վրա:
5. Ծրագրում նշվում է դիտարկվող սուբյեկտի անվանումը եւ դիտարկման իրականացման ժամանակահատվածը: Ծրագրով նախատեսված դիտարկումները կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ:
6. Ըստ անհրաժեշտության դիտարկումներ իրականացնելու հիմք են՝
1) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները.
2) ֆիզիկական անձի կամ նրա օրինական ներկայացուցչի (օրենսդրությամբ ֆունկցիոնալության գնահատման դիմում ներկայացնելու իրավունքի ունեցող անձի) դիմումը, որի ֆունկցիոնալությունը գնահատվել է.
3) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հաղորդումները.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը:
7. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման օբյեկտի վերաբերյալ տեղեկություններ, դիտարկվող սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ (եթե դիտարկման հրամանը կազմելու պահին դիտարկվող սուբյեկտները հայտնի են), դիտարկման նպատակը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզել տվյալ դիտարկման ընթացքում, դիտարկման իրավական հիմքերը, սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում` նաեւ դիտարկումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները:
8. Դիտարկումն իրականացնելու մասին հրամանի օրինակը դիտարկումը սկսելուց առնվազն երեք օր առաջ ծանուցվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին, ինչպես նաեւ դիտարկվող սուբյեկտին:
9. Դիտարկման վարույթի տեւողությունը երեսուն օր է:
10. Դիտարկում իրականացնող անձինք իրավունք ունեն դիտարկվող սուբյեկտից պահանջելու տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող դիտարկման նպատակներին, վերցնել իրեր եւ այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են դիտարկման նպատակներին: Փաստաթղթերը վերցնելիս դիտարկում իրականացնող պաշտոնատար անձինք կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները եւ հանձնում դիտարկվող սուբյեկտին (ներկայացուցիչներին):
11. Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են՝
1) արձանագրությունը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.
2) դիտարկում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) դիտարկում նշանակելու մասին հրամանի ամսաթիվն ու համարը.
4) դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
5) դիտարկվող օբյեկտի վերաբերյալ տեղեկություններ.
6) դիտարկվող սուբյեկտի անունը, ազգանունը.
7) դիտարկում անցկացնելու ամսաթիվը եւ վայրը.
8) դիտարկման ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է դիտարկումը, ինչպես նաեւ ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար.
9) դիտարկմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, եւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել կա, պահպանվել.
10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
11) դիտարկվող սուբյեկտի ներկայացրած առարկությունների վերաբերյալ նշումները:
12. Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը՝ ելնելով խախտման բնույթից.
1) միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու վերաբերյալ.
2) միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու վերաբերյալ.
3) միջնորդագիր է ներկայացնում առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողին անհատական լիցենզիայից զրկելու վերաբերյալ՝ եթե բուժաշխատողը մեկ տարվա ընթացքում ուղեգրման առնվազն երեք դեպքով թույլ է տվել խախտում:
13. Սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կետով սահմանված միջնորդագիրը հիմք է ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ որոշման իրավաչափությունը գնահատելու եւ վարչական վարութ հարուցելու համար, որի արդյունքով անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմինը կարող է ընդունել վարչական ակտն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում:
14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված, ինչպես նաեւ դիտարկման վարույթի նկատմամբ կիրառվում են վարչական վարույթի վերաբերյալ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դրույթները՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
15. Սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետով սահմանված միջնորդագրի հիման վրա լիազոր մարմինն ընդունում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու մասին որոշում:
16. Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձին անձի ֆունկցիոնալություն գնահատող մասնագետի որակավորման հավաստագիր չի կարող տրամադրվել:
17. Լիազոր մարմինը, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը եւ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 12-րդ մասով նշված միջնորդագրի քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները պատշաճ ձեւով ծանուցում է տեսչական մարմնին՝ համապատասխան վարչական վարույթի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
18. Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների համար կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
19. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով իրականացրած դիտարկման վարույթի ավարտից հետո՝ տեսչական մարմինը 3-օրյա ժամկետում հաղորդում ներկայացրած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատշաճ ձեւով ծանուցվում է միայն դիտարկման արդյունքների վերաբերյալ՝ բացառելով բժշկական գաղտնիք կամ անձնական տվյալ համարվող տեղեկությունների տրամադրումը:»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
13. Տեսչական մարմնին տրվում է հասանելիություն տեղեկատվական շտեմարանին այն ծավալով, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներն իրականացնելու համար:»
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումների:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 11.1-ին հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետն անհատական լիցենզիայի մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից: