Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 47.28. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը
«1. Անձի ֆունկցիոնալության գնահատումը իրականացնող հանձնաժողովի անդամի (մասնագետի) կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված կարգը, այդ թվում՝ չափորոշիչները, խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար:
2. Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակողի կողմից ամփոփոգիր կազմելու կամ գնահատող հանձնաժողովի անդամների թիվը որոշելու օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար:
3. Բուժաշխատողի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգրման օրենսդրությամբ սահմանված ներկայացնելու կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով՝ ուղեգրման յուրաքանչյուր դեպքի համար:
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված արարքներից որեւէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: