Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 461-րդ հոդվածի 1-ին մասում «երկուսից հինգ» բառերը փոխարինել «երեքից վեց» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասը «տուգանքով՝» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածն ամրագրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականությունը:
Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:»:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձեւն է: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում եւ այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:»:
Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունը ազգային անվտանգության ապահովման եւ երկրի պաշտպանության կարեւորագույն երաշխիքն է: Երկիրը շրջապատված է բարդ աշխարհաքաղաքական իրադրությամբ, ինչը պահանջում է մշտական զգոնություն եւ զինված ուժերի մարտունակության բարձր պահպանում: Զինվորական ծառայությունն ազգային ինքնիշխանության պահպանման անհրաժեշտ բաղադրիչն է:
Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ խնդրո առարկա պարտականության կատարումն ապահովելու համար օրենսդրությամբ նախատեսվել են մի շարք երաշխիքներ, այդ թվում՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաեւ վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության ձեւով:
Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով կամ
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ զորահավաքային զորակոչից խուսափելը`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել եւ զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը:»:
ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի համաձայն՝
«1. Անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:
Վերոթվարկյալ հանցակազմերը դասվում են կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին եւ բնութագրվում են որպես հանցավոր արարքներ, որոնք ոտնձգում են ՀՀ զինված ուժերի, զինվորական ծառայության շահերի եւ պետության պաշտպանունակության դեմ:
Ներկայում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճը (2023 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1779 քրեական վարույթ) վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական խիստ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին:
Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով եւ 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը, ինչը կհանգեցնի նաեւ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազեցմանը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու եւ նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկում ենք խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի եւ 462-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաներով նախատեսված պատիժները:
Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է տուգանք պատժատեսակի չափը սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված՝ «առավելագույնը երկու տարի» ժամկետը փոխարինել «մեկից երեք տարի» ժամկետով:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կխստացվի ՀՀ քրեական 461-րդ հոդվածի 1-ին մասով եւ 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:
6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու եւ օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում