Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1047-08.04.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 53-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասը «ուշ ներկայացնելու» բառերից հետո լրացնել «կամ հարկը (վճարը) ուշ վճարելու» բառերով, իսկ «հաշվարկի ներկայացման» բառերից հետո լրացնել «կամ հարկի (վճարի) վճարման» բառերով.

2) 6-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Այն ֆիզիկական անձը, որը մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչեւ նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչեւ նույնականացման քարտը ստանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում եւ 4.1-ին մասում «մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը (2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների համար համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը եւ 2026 թվականի մարտի 2-ից մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը)» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «մայիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչեւ հուլիսի 1-ը (2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների համար համապատասխանաբար՝ մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը եւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը)» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում  եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման վերջնաժամկետների վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգավորումների համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին ներկայացնելու եւ եկամտային հարկի գումարը վճարելու վերջնաժամկետ է սահմանված յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը ներառյալ:

Խնդիրն այն է, որ 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարտու համարվող ֆիզիկական անձանց շրջանակը էականորեն ընդլայնվել է, ինչի հետեւանքով որոշակիորեն երկարաձգվել են ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի տրամադրման գործընթացները: Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել 2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների համար հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը: Միաժամանակ, հայտարարագրերի ինքնաշխատ եղանակով լրացումը լիարժեք ապահովելու եւ հարկային գործակալներից ստացվող տեղեկությունները լիարժեք մշակելու առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաեւ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման՝ գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝

1) այն ֆիզիկական անձը, որը մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը դիմել է Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար, սակայն մինչեւ նշյալ վերջնաժամկետը չի ստացել նույնականացման քարտը, եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնում է կամ եկամտային հարկը վճարում է մինչեւ նույնականացման քարտը ստանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

2) եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու ժամկետը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ն է (2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների համար համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը եւ 2026 թվականի մարտի 2-ից մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը),

3) եկամտային հարկի գումարների վճարման վերջնաժամկետը մայիսի 1-ի փոխարեն հուլիսի 1-ն է (2024 եւ 2025 թվականների հաշվետու տարիների համար համապատասխանաբար՝ մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը եւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը):

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման ժամկետների սահմանման հետ կապված հարաբերություններն են:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերանայել եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման ժամկետները, ինչպես նաեւ վերանայել հայտարարագրերի ներկայացման հետ կապված որոշ կարգավորումներ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն