Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1050-11.04.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) շարքային կազմի`

ա. արական սեռի քաղաքացիների համար՝ 24 ամիս, կամ 6 ամիս՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 15 միլիոն դրամ վճարելու դեպքում, կամ 1 ամիս՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 20 միլիոն դրամ վճարելու դեպքում.

բ. կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար` 6 ամիս.».

2) 1.1-ին կետում «19-րդ հոդվածի 1.1-ին մասում» բառերը փոխարինել «21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 1.2-րդ կետը:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի՝

ա. «27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` գիտության եւ կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները` մինչեւ 28 տարին լրանալը» բառերը, թվերը եւ կետադրական նշանները փոխարինել «37 տարին լրանալը» բառերով եւ թվով,

բ. «27, 28 եւ (կամ)» բառերը, թվերը եւ կետադրական նշանները փոխարինել «37 կամ» բառերով եւ թվով.

2) ուժը կորցրած ճանաչել 1.1-ին եւ 1.2-րդ մասերը:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ծառայություն» բառից հետո «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով եւ լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն կետում նշված՝ մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացին սույն մասի 1-ին կամ 3-րդ կետերով կամ 2-րդ կամ 5-րդ մասերով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով կամ 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր չունենալու դեպքում կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում այլընտրանքային ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից.»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասում «27» թիվը փոխարինել «37» թվով:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ եւ երրորդ նախադասություններում «27» թիվը փոխարինել «37» թվով:

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում «մինչեւ 27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում`» բառերը, թվերը եւ կետադրական նշանները եւ «իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում` մինչեւ 45 տարին լրանալը,» բառերը, թվերը եւ կետադրական նշանները հանել:

Հոդված 7. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում ուժը կորցրած ճանաչել 2.1-ին եւ 2.2-րդ կետերը:

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի՝

1) 1-ին հոդվածի 1-ին կետով փոփոխված Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մաս 1-ին կետի «ա» ենթակետի գործողությունը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա.

2) 2-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը՝

ա. տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիների վրա,

բ. տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը 18 տարին լրացած եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած արական սեռի քաղաքացիների վրա,

գ. չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների վրա, որոնք շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են մինչեւ 27 տարին լրանալը.

3) 3-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը 18 տարին լրացած եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած արական սեռի քաղաքացիների վրա.

4) 4-րդ եւ 5-րդ հոդվածների գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն Օրենքի 23-րդ կամ 24-րդ հոդվածներով սահմանված տարկետում ստացած արական սեռի քաղաքացիների վրա.

5) 6-րդ հոդվածի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերի կամ 2-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակված եւ պահեստազորում հաշվառված, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը մինչեւ 27 տարին լրանալը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն ունեցող քաղաքացու վրա, որի վրա Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի գործողությունը տարածվում է մինչեւ քաղաքացու 27 տարին լրանալը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած եւ Օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ բոլորը միասին՝ օրենքներ) պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված արական սեռի քաղաքացիների՝ մինչեւ 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 45 տարին լրանալը, կարող են իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության` 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 6 ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 1 ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն Օրենքով սահմանված` շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասով նախատեսված օրենքների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած եւ համապատասխանաբար 27 կամ 35 տարին լրանալուց հետո Օրենքով սահմանված` շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության եւ պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով` օրենքների պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
 

Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն