Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.
«Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը
1. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը գործում է սահմանային վերահսկողության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում արտացոլվում է տվյալների հետեւյալ համախումբը՝
1) անձանց, տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ օդանավերի, երկաթուղային տրանսպորտի)՝ պետական սահմանը հատելու վերաբերյալ տվյալներ,
2) Հայաստանի Հանրապետություն անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը թույլատրող փաստաթղթերի, ինչպես նաեւ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու հանգամանքը հիմնավորող տվյալներ,
3) անձանց, տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ այլ շարժական գույքի՝ Հայաստանի Հանրապետութունից ելքի սահմանափակման վերաբերյալ տվյալներ,
4) «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված անձանց տվյալներ,
5) միջազգային պայմանագրերով նախատեսված տվյալներ,
6) սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի օգտահաշիվների եւ դրանցով իրականացվող գործողությունների պատմությանը վերաբերող տվյալներ:
3. Սահմանային վերահսկողության ընթացքում անձի նույնականացումն ապահովելու նպատակով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կարող են մշակվել նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված անձանց վերաբերյալ կենսաչափական տվյալներ:
4. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարումը, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմիններին ու կազմակերպություններին հասանելիության տրամադրման ապահովումը, ինչպես նաեւ համակարգի սպասարկման եւ արդիականացման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը:
5. Պետական մարմինները (կազմակերպությունները) կարող են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունենալ եւ համակարգում տվյալներ մուտքագրել օրենքով իրենց վերապահված լիազորությունների (գործառույթների) շրջանակներում եւ այդ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծավալով:
6. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը կարող է օգտագործվել նաեւ պետական սահմանի պահպանության ոլորտում լիազորված մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման, ահաբեկչության, զենքի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, թրաֆիքինգի, ապօրինի միգրացիայի, անդրսահմանային այլ հանցավորության կանխարգելման, բացահայտման, պետական սահմանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական եւ ապօրինի գործունեության դեմ պայքարելու նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը, համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների կողմից համակարգում մուտքագրվող տվյալների շրջանակը եւ մուտքագրման կարգը, անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը եւ համակարգի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 10.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: