Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10822-21.05.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 26.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«
26.1.ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) թվային հաշվառման վկայագիր տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով

»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«
1.1. թվային վարորդական վկայական տալու (թվային վարորդական վկայականը փոխանակելու) համար բազային տուրքի տասներկուապատիկի չափով

1.2. վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար

քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում, քննության հաջորդ օրը կրկին քննությանը մասնակցելու համար բազային տուրքի քառասունհնգապատիկի, իսկ 3-րդ օրը մասնակցելու համար բազային տուրքի երեսնապատիկի չափով, քննություն երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անհաջող փորձի դեպքում քննությանը հաջորդող 7-րդ օրը քննությանը մասնակցելու համար բազային տուրքի քառասունհնգապատիկի, իսկ 14-րդ օր անց մասնակցելու համար բազային տուրքի երեսնապատիկի չափով
1.3. տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տպագրված փաստաթղթերը եւ (կամ) հաշվառման համարանիշներն առաքելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը եւ արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների օտարման եւ պետական գրանցման-հաշվառման գործողությունների, ինչպես նաեւ՝ վարորդական վկայականի ստացման թվայանացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ:

Պետք է նշել, որ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ եւ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշմամբ սահմանված պահանջների համաձայն՝ համապատասխանաբար տրանսպորտային միջոցի հաշվառման արդյունքում տրվող հաշվառման վկայագիրը եւ տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված որակավորման քննությունները դրական հանձնած անձին հատկացվող (այդ թվում՝ փոխանակման կամ կրկնօրինակի տրամադրման) վարորդական վկայականը հանդիսանում է պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտեր:

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելիս վարորդը պետք է իր մոտ ունենա տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը եւ վարորդական վկայականը եւ դրանք ոստիկանի պահանջով ներկայացնի վերջինիս ստուգմանը, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 128-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում նշված փաստաթղթերի բացակայությամբ տրանսպորտային միջոց վարելու համար:

Արդի ծրագրատեխնիկական զարգացման ժամանակաշրջանում ՀՀ քաղաքացու համար ՀՀ տարածքում վերը նշված փաստաթղթերի ֆիզիկական առկայությունը կորցրել է իր արդիականությունը, քանի որ այդ փաստաթղթերի ստուգման իրավասություն ունեցող պաշտոնատար անձիք ապահովված են տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ համակարգերին հասանելիության հնարավորություններով, ինչը լայն հնարավորություն է տալիս անձի վարորդական վկայականի եւ հաշվառման վկայագրի հետ կապված հարցերը պարզել անմիջապես ցանցային ստուգման, իսկ ցանցային անհասանելիության դեպքում՝ այդ փաստաթղթերի թվային ակտիվ հղումը սքանավորելու միջոցով, եթե առկա լինեն այդ փաստաթղթերի թվային տարբերակները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը.

Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթեւեկել առանց հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից:

Հարկ է նշել նաեւ, որ նախագիծը չի բացառի ֆիզիկապես հաշվառման վկայագիր եւ վարորդական վկայական ունենալու գործընթացը, այլ, դիմողի ցանկությամբ, կապահովվի դրանց թվային տարբերակը հատկացնելու հնարավորություն:

Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանել պետական տուրք վարորդական վկայականների եւ հաշվառման վկայագրերի թվային տարբերակի հատկացման համար՝ դրանց ֆիզիկական տարբերակի հատկացման համար նախատեսված չափով:

Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության՝ գործընթացների թվայնացման ծրագրի շրջանակներում տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումը ամբողջապես թվայնացնելու եւ անձի՝ ՀՀ ՆԳՆ իրավասու ստորաբաժանում այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ կառավարության՝ գործընթացների թվայնացման ծրագրի շրջանակներում տրանսպորտային միջոցների պետական գրանցումը-հաշվառումը ամբողջապես թվայանցնելու եւ անձի ՀՀ ՆԳՆ լիազոր մարմին այդ նպատակով այցելելու անհրաժեշտությունը բացառելու համար նախատեսել պետական տուրք տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի եւ հաշվառման վկայագրերի առաքման համար՝ արժեքի մասով հիմք ընդունելով այն, որ համարանիշերի քաշը կազմում է մոտ 480 գրամ, որի պատվիրված ծարոցային առաքման արժեքն է մոտ 2000 ՀՀ դրամ՝ ըստ փոստային հաշվիչի (https://www.haypost.am/am/postal-calculator ), իսկ առաքման համար ծառայության մատուցման համադրմամբ այդ ծառայության համար նախատեսել 5000 ՀՀ դրամի չափով տուրք:

Հանրային պահանջարկով պայամանավորված առաջարկվում է նաեւ նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական եւ (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահամներում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը:

Նախագծերի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացումներ նախատեսել՝

1) ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ՝ նախատեսելով թվային հաշվառման վկայագրի բովանդակության եւ տրամադրման հետ կապված կարգավորումներ,

2) ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշման մեջ՝ նախատեսելով թվային վարորդական վկայականի բովանդակության եւ տրամադրման հետ կապված կարգավորումներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը եւ արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետից (տրանսպորտային միջոցների օտարման եւ պետական գրանցման-հաշվառման գործողությունների, ինչպես նաեւ վարորդական վկայականի ստացման թվայանացման գործընթացի լավարկում):

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լավարկել տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման գործընթացը, ինչպես նաեւ ապահովել վարորդական վկայականի ստացման թվայանացման գործընթացը եւ վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունը բացասական հանձնած անձի կողմից օրենքով սահմանվող վճարի դիմաց հնարավորություն կտրվի արտահերթ մասնակցելու հաջորդ որակավորման քննությանը:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ գործընթացի թվայնացման համատեքստում, պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազում չի ակնկալվում՝ այն հաշվառմամբ, որ թվային հաշվառման վկայագիր եւ վարորդական վկայական նախընտրող անձանց համամասնությամբ ՀՀ կողմից պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտերի եւ դրանց տպագրման համար անհրաժեշտ նյութերի եւ միջոցների գնման ծախսերը կնվազեն, սակայն, միաժամանակ, որոշակիորեն կաճեն թվայնացման գործընթացի ծրագրատեխնիկական ապահովման ծախսերը:

Միաժամանակ, նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների ավելացում տրանսպորտային միջոցի պետական գրանցման-հաշվառման գործողության արդյունքում տպագրված փաստաթղթերի կամ հաշվառման համարանիշների առաքման, ինչպես նաեւ՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունը բացասական հանձնած անձի կողմից հաջորդ որակավորման քննությանն արտահերթ մասնակցելու համար գանձվող վճարների համատեքստում: Նշված վճարների արդյունքում ակնկալվող բյուջետային եկամուտները թեեւ այս փուլում հնարավոր չէ կանխատեսել, սակայն հաշվի առնելով, որ այն մեծապես կիրառվելու է տրանսպորտային միջոցների թվային եղանակով գրանցում-հաշվառում իրականացնելու ժամանակ, հետեւաբար, գործողության կողմերը, որպես կանոն, կնախընտրեն լիազոր մարմին այցելելու փոխարեն սահմանվող վճարի դիմաց տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը եւ համարանիշը ստանալու կամ որոշակի վճարի դիմաց վարորդական վկայականը ստանալու քննությանը արտահերթ մասնակցել տարբերակը:

Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտ ծրագրատեխնիկական լուծումները եւ այդ համակարգի սպասարկումը չի իրականացվի ծառայությունների գնման միջոցով, քանի որ այդ մասով գործընթացներն ապահովվելու են «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն»-յան եւ ՀՀ ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի վարչության ռեսուրսներով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն