Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10931-30.05.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1659-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր խախտման համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից մինչեւ հինգ հազարապատիկի չափով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ից 1.3. մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատության ղեկավարի կամ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների պատասխանատու անձի, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված պարտականություններ ունեցող պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր խախտման համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

1.2. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների եւ անձանց կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, յուրաքանչյուր խախտման համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ տասը հազարապատիկի չափով:

1.3. Տրաստի ֆիզիկական անձ հանդիսացող կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:».

3) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նշանակված նախազգուշացմամբ կարող են տրվել նաեւ խախտումները վերացնելու, շտկելու կամ հետագայում բացառելու հանձնարարականներ՝ սահմանելով խախտումները վերացնելու կամ շտկելու հանձնարարականների կատարման ժամկետներ կամ միջոցառումներ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 24412 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 «1.1. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման առնչությամբ կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պահանջների խախտման գործերը քննում է համապատասխան վերահսկողական իրավասություններ ունեցող մարմինը, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է տվյալ մարմնի ղեկավարը, իսկ այդպիսի մարմին առկա չլինելու դեպքում՝ Կենտրոնական բանկը, որի անունից վարչական տույժեր նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Օրենսգրքի 1659 -րդ հոդվածում լրացվող 1.3-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի (այսուհետ՝ ՄԱՆԻՎԱԼ) 67-րդ նիստում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ) դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատումը տեղի է ունենալու 2025թ.-ին, որի շրջանակներում երկիր այցելությունը նախատեսվում է 2025թ.-ի սեպտեմբեր ամսին: Գնահատման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (այսուհետ՝ ՖԴԿ) իրականացրել է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կարգավորումների համապատասխանության նախնական գնահատում՝ հիմք ընդունելով Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (այսուհետ՝ ՖԱԹՖ) մեթոդաբանությամբ սահմանված չափորոշիչները:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատումից հետո վերանայվել են մի շարք ՖԱԹՖ-ի հանձնարարականներ եւ հետեւաբար նաեւ փոփոխվել են դրանց տեխնիկական համապատասխանության գնահատման չափորոշիչները՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսվող գնահատմանն ընդառաջ համապատասխանեցնել Օրենքի որոշ դրույթներ ՖԱԹՖ-ի պահանջներին: Զուգահեռաբար, նախագծով առաջարկվում են նաեւ փոփոխություններ, որոնք բխում են գործնականում բացահայտված խնդիրների շտկման եւ հաշվետվություն տրամադրող անձանց՝ Օրենքով նախատեսված պարտականությունների ծավալի հստակեցման անհրաժեշտությունից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով ներկայացված փոփոխությունները եւ լրացումներն ընդհանուր առմամբ հանգում են հետեւյալին.

Օրենքում օգտագործվող հասկացություններ – ՖԱԹՖ-ի հանձնարարականներին չհակասող ծավալով կկրճատվի հաշվետվություն տրամադրող անձանց ցանկը: Մասնավորապես ցանկից կհանվեն արվեստի գործերի դիլերները, սակարկության կազմակերպիչները եւ անհատ աուդիտորները: Կհստակեցվեն վերահսկող մարմնի եւ իրական շահառուի հասկացությունները: Կվերանայվի տրաստի հասկացությունը՝ հիմք ընդունելով «Տրաստների եւ դրանց ճանաչման նկատմամբ կիրառելի իրավունքի վերաբերյալ» 1985 թվականի Հաագայի կոնվենցիայի 2-րդ հոդվածը: Կհստակեցվի տրաստ եւ իրավաբանական անձ հասկացությունների հարաբերակցությունը: Չհամապատասխանող երկիր կամ տարածք հասկացությունը կփոփոխի՝ հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի կողմից օգտագործվող ձեւակերպումը: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 19-ով, 24-ով եւ 25-ով նախատեսված պահանջներին:

Ռիսկերի գնահատման ընթացակարգեր եւ ներքին իրավական ակտերի ընդունում – Օրենքով ավելի հստակ կսահմանվեն ռիսկերի գնահատման արդյունքների փաստաթղթավորման եւ պահպանման պահանջները, ինչպես նաեւ փաստաթղթերի պահպանման ժամկետները: Կնախատեսվի, որ ներքին իրավական ակտերը նախագծելիս հաշվետվություն տրամադրող անձինք պետք է հաշվի առնեն ոչ միայն ՓԼ/ԱՖ, այլ նաեւ ԶՈԶ ՏՖ ռիսկերի գնահատման արդյունքները: Ռիսկերի գնահատման եւ ներքին իրավական ակտերի ընդունման պարտականությունները այսուհետ կտարածվեն բոլոր իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների վրա՝ անկախ աշխատակիցների քանակից: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 1-ով եւ 18-ով նախատեսված պահանջներին:

Հաճախորդի՝ ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության իրականացում – Ռիսկերի ազգային գնահատման արդյունքների, ինչպես նաեւ ֆինանսական բնույթի հանցանքների տիպաբանությունների զարգացման միջազգային եւ ազգային միտումներին ճկուն կերպով եւ ժամանակին արձագանքելու նպատակով բարձր եւ ցածր ռիսկի չափանիշները կնախատեսվեն ենթաօրենսդրական ակտերով եւ ըստ անհրաժեշտության կփոփոխվեն՝ ապահովելով արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Կհստակեցվի, որ ցածր ռիսկի չափանիշի առկայության դեպքում հաճախորդի պարզեցված ուսումնասիրության սահմանափակ գործընթացը վերաբերում է միայն ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացմանը: Հաշվետվություն տրամադրող անձանց համար կսահմանվեն ռիսկերի զսպանն ուղղած հավելյալ պարտականություններ՝ կապված մինչեւ հաճախորդի ինքնության ստուգումը գործարար հարաբերությունների հաստատման, հաճախորդի կամ նրա իրական շահառուի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու հանգամանքի պարզման, կյանքի ապահովագրության շահառուներին առնչվող ռիսկի չափանիշների գնահատման եւ հավելյալ միջոցառումների իրականացման հետ: Կհստակեցվեն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժման կամ դադարեցման հիմքերը՝ ներառելով նաեւ հաճախորդի ընթացիկ ուսումնասիրություն եւ հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու անհնարինության դեպքերը: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 10-ով եւ 12-ով նախատեսված պահանջներին:

Ոչ ֆինանսական հաստատությունների հաշվառում – Հիմք ընդունելով հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացման անհրաժեշտությունը՝ Օրենքից հանվելու է լիցենզավորում չպահանջող գործունեությամբ զբաղվող անձանց հաշվառման պարտականությունից ազատող նորմը: Հաշվետվություն տրամադրող բոլոր անձինք պարտավոր կլինեն հաշվառվել ՖԴԿ-ում՝ Օրենքով սահմանված ժամկետներում: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 28-ով նախատեսված պահանջներին:

Օրենքի հիման վրա ընդունման ենթակա նորմատիվ իրավական ակտեր –Առաջարկվում է ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հետ կապված անձանց ցանկերի կազմման, գույքի սառեցմանն, անձանց ցանկերից հանելու եւ գույքի ապասառեցմանն առնչվող հարցերը կարգավորել համալիր կերպով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունման ենթակա ենթաօրենսդրական ակտով: Տվյալ իրավական ակտը մինչեւ ընդունումը ենթակա է լինելու համաձայնեցման ՀՀ արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ԱԳՆ) հետ: Հաշվի առնելով, որ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշները եւ տիպաբանություններն իրենց բնույթով հնարավոր սխեմաների եւ բնութագրիչների օրինակներն են, առաջարկվում է դրանք իրավական ակտի փոխարեն հրապարակել որպես ուղեցուցային նյութ, որը, հիմք ընդունելով ազգային եւ միջազգային միտումները, պարզեցված գործընթացով փոփոխությունների կենթարկվի:

Տրաստերի կառավարիչների պարտականություններ – Չնայած Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա տրաստեր եւ այլ իրավաբանական կազմավորումներ չեն կարող ձեւավորվել ՝ՖԱԹՖ-ի վերանայված հանձնարարական 25-ը նախատեսում է նաեւ որոշ պարտականություններ իրենց օրենսդրությամբ կարգավորվող տրաստեր չունեցող երկրների համար: Մասնավորապես, ՖԱԹՖ-ի մեթոդաբանության 25.4-ից 25.7-րդ չափորոշիչները նախատեսում են, որ երկրները պարտավոր են սահմանել տեղեկությունների հավաքման, պահպանման եւ տրամադրման պարտականություններ տրաստի կառավարիչների (այլ համանման իրավաբանական կազմավորման դեպքում՝ համարժեք գործառույթներ իրականացնող անձանց) համար, որոնք բնակվում են իրենց երկրի տարածքում կամ իրականացում են տրաստի կամ այլ համանման իրավական կազմավորման կառավարումն իրենց երկրում: Նշված պահանջի իրագործման նպատակով առաջարկվում է Օրենքը եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը (այսուհետ՝ ՎԻՎՕ) լրացնել տրաստի կառավարիչների համար հավելյալ պարտականություններով եւ դրանց խախտման համար պատասխանատվության միջոցներ նախատեսող նորմերով: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 25-ով նախատեսված պահանջներին:

ՖԴԿ-ի համագործակցությունն այլ մարմինների հետ – ՖԴԿ-ն իրավասու պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում նաեւ հավաքում է վերջիններիս գործունեության վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ ՓԼ/ԱՖ/ԶՈԶ ՏՖ դեմ պայքարի ոլորտին առնչվող ռազմավարական վերլուծությունների իրականացման նպատակով: Նշվածի առնչությամբ գործնական անհրաժեշտություն է առաջացել նաեւ ստանալու վիճակագրական տեղեկություններ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների եւ դրանց արդյունքների վերաբերյալ՝ հանցավոր գույքի շրջանառության դեմ պայքարին առնչվող ռազմավարական վերլուծությունների իրականացման նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է Օրենքում ավելացնել համապատասխան տեղեկությունների փոխանցման վերաբերյալ դրույթ: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 33-ով նախատեսված պահանջներին:

Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկեր եւ գույքի սառեցում – Հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի հանձնարարականների պահանջները՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ տարածքում գտնվող անձանց պարտականությունները ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերով եւ դրանց համաձայն հրապարակված ներպետական ցանկերում ներառված անձանց մասով: Մասնավորապես, Օրենքով նախատեսվելու է ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ծավալը, որը ենթակա է սառեցման, ինչպես նաեւ գույքի այն ծավալը, որը չի կարող հասանելի դարձվել ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց: Օրենքով հստակեցվելու են նաեւ անձանց՝ ՄԱԿ ԱԽ-ի կամ ներպետական ցանկերում ներառելու եւ ցանկերից հանելու հետ կապված ՀՀ պետական մարմինների իրավասությունները եւ պարտականությունները: Օրենքով սահմանված համապատասխան գործառույթների իրականացման կարգը կնախատեսվի ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ՝ հիմք ընդունելով ՄԱԿ ԱԽ-ի վերաբերելի բանաձեւերի պահանջները: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 6-ով եւ 7-ով նախատեսված պահանջներին:

Ոչ ֆինանսական հաստատությունների վերահսկողության իրականացնում - Հիմք ընդունելով իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների համաչափության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է վերանայել Օրենքով նախատեսված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար նախատեսված սանկցիաները: Մասնավորապես, նախատեսվել է սանկցիայի ավելի ճկուն միջակայք, ինչը թույլ կտա հաշվի առնել վարույթի բոլոր էական փաստական հանգամանքները եւ ըստ այդմ ընտրել կիրառման ենթակա տուգանքի չափը: Նախատեսվելու է իրավաբանական անձի ավագ ղեկավարության անդամների կողմից Օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության կիրառման հնարավորություն: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 35-ով նախատեսված պահանջներին:

Նախորդող հանցագործություններին առնչվող իրավասություններ – Հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի հանձնարարականները՝ նախագծով առաջարկվում է նաեւ ընդլայնել Օրենքով նախատեսված որոշ դրույթներ նախորդող հանցագործությունների մասով: Մասնավորապես, Օրենքով կհստակեցվի, որ ՖԴԿ-ի կողմից իրականացվող միջազգային համագործակցության շրջանակը ներառում է ոչ միայն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման, այլ նաեւ նախորդող հանցագործությունների դեմ պայքարը: Կհստակեցվի նաեւ, որ գործարքը կամ գործարար հարաբերությունը ՖԴԿ-ն կարող է կասեցնել ոչ միայն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման, այլ նաեւ նախորդող հանցագործության կասկածի դեպքում: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 4-ով եւ 40-ով նախատեսված պահանջներին:

Ֆինանսական խմբին առնչվող կարգավորումներ – Հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի հանձնարարականների պահանջները՝ նախագծով առաջարկվում է ֆինանսական խմբի օրենսդրական հասկացության վերանայման միջոցով ֆինանսական խմբերին առնչվող կարգավորումները տարածել նաեւ ոչ ֆինանսական հաստատությունների վրա, որոնք իրանց կառավարման կառուցվածքով համապատասխանում են ֆինանսական խմբի հատկանիշներին: Օրենքով կհստակեցվի նաեւ ֆինանսական խմբի համար ընդունման ենթակա ներքին իրավական ակտերի ծավալը: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 18-ով եւ 23-ով նախատեսված պահանջներին:

Դրամական փոխանցումներ – Նախագծով առաջարկվում է հստակեցնել դրամական փոխանցումներին վերաբերող հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունների ծավալը: Կնախատեսվի նաեւ, որ դրամական փոխանցումը ուղարկող եւ ստացող կողմին վերահսկող ֆինանսական հաստատությունները պետք է հաշվի առնեն փոխանցումը կատարողին եւ ստացողին առնչվող բոլոր հանգամանքները՝ գործարքի կասկածելիությունը գնահատելու նպատակով: Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը կտրամադրվի բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնց առնչվում է կատարված անդրսահմանային գործարքը: Կնախատեսվի, որ դրամական փոխանցման պահանջը ենթակա է մերժման փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատության կողմից, եթե հնարավոր չէ ապահովել Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված պարտականություններից որեւէ մեկի կատարումը: Ներկայացված փոփոխությունները նպատակ ունեն ապահովել Օրենքի դրույթների համապատասխանությունը ՖԱԹՖ-ի հանձնարարական 16-ով նախատեսված պահանջներին:

Այլ դրույթներ – Նախագծով առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք բխում են որոշ գործընթացների պարզեցման, գործող իրավական ակտերի հետ համապատասխանեցման կամ որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությունից: Մասնավորապես, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով նախատեսվում է որոշ կանխիկ գործարքների իրականացման արգելք, ինչի արդյունքում Օրենքով նախատեսված կանխիկ գործարքներին վերաբերող որոշ դրույթներ կորցրել են իրենց արդիականությունը եւ ենթակա են հանման: Օրենքի շահառուների կողմից բարձրացված հարցերի պարզաբանման նպատակով հստակեցվել է մասնագիտական գաղտնիքին վերաբերող բացառությունը: Հստակեցվելու է թղթակցային հարաբերությունների հաստատմանը վերաբերող պարտականությունների ծավալը: Ըստ ներկայացնողի արժեթղթերի շրջանառության արգելքը առաջարկվում է փոխարինել ըստ ներկայացնողի բաժնետոմսերի շրջանառության արգելքով, ինչպես ամրագրված է ՖԱԹՖ հանձնարարականներում: Զուգահեռ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ բաժնետոմսերին առնչվող դրույթները համապատասխանեցնել Օրենքով, ինչպես նաեւ «Արժեթղթերի շուկային մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դրույթներին: Փոփոխվելու է ՖԴԿ-ի աշխատակիցների նշանակման գործընթացը: Կատարվելու են նաեւ այլ ոչ էական կամ տեխնիկական բնույթի փոփոխություններ եւ հստակեցումներ:

Ֆինանսական հաստատությունների ղեկավարների, նշանակալից մասնակիցների, իրական շահառուների եւ նրանց փոխկապակցված անձանց անաղարտության պահանջներ - առաջարկվում է ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների եւ նշանակալից մասնակիցների նկատմամբ սահմանված պահանջները համապատասխանեցնել ՖԱԹՖ հանձնարարականներից բխող չափանիշներին: Մասնավորապես՝ ՖԱԹՖ-ի 26-րդ հանձնարարականի պահանջների համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ իրավական կամ կարգավորման միջոցառումներ՝ կանխելու համար հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից ֆինանսական հաստատության կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ձեռք բերելը կամ այդպիսի մասնակցության կամ բաժնեմասի իրական շահառու հանդիսանալը, կամ ֆինանսական հաստատությունում կառավարման գործառույթ իրականացնելը: Միեւնույն ժամանակ, ՖԱԹՖ-ի հանձնարարականներից (մասնավորապես, ՖԱԹՖ 6-րդ հանձնարարական) բխում է նաեւ, որ ահաբեկչության եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումներ պետք է սահմանվեն նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ բանաձեւերով եւ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում ներառված անձանց եւ վերջիններիս հետ իրականացվող գործարքների առնչությամբ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ՓԼ/ԱՖ դեմ պայքարին առնչվող օրենսդրական կարգավորումները ավելի կհամապատասխանեցվեն ՖԱԹՖ-ի հանձնարարականներով նախատեսված պահանջներին, կհարթվեն գործնականում բացահայտված որոշ իրավակիրառ խնդիրներ, կհստակեցվի հաշվետվություն տրամադրող անձանց՝ Օրենքով նախատեսված պարտականությունների ծավալը: Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվեն նաեւ ֆինանսական հաստատությունների ղեկավարների, նշանակալից մասնակիցների, իրական շահառուների եւ նրանց փոխկապակցված անձանց անաղարտության ապահովման վերաբերյալ պահանջներ:

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծերի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն