Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10936-30.05.2025-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ա» կետում «համար» բառից հետո լրացնել «չմարված կամ չվերացված» բառերը.

2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ա1-ին  կետ.

«ա1) անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».

3) 2-րդ մասի «ե» կետում «Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով հաստատած կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով» բառերով.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս.

«7. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո մինչ նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնել նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը:».

Հոդված 2. Oրենքի 181 -րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Oրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում.

1) «ա» կետում «համար» բառից հետո լրացնել «չմարված կամ չվերացված» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ա1 -ին կետ.

«ա1) Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում ներառված անձինք.».

3) «ե» կետում «որոնք» բառից հետո լրացնել «կամ որոնց հետ փոխկապակցված անձինք» բառերը, իսկ «Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով հաստատած կարգով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ լրացնել նոր 6.1-ին եւ 6.2-րդ մասերով.

«6. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե բանկի կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի կողմից չեն իրականացվում սույն օրենքի 55-րդ հոդվածի 3- րդ մասի պահանջները, ինչպես նաեւ եթե բանկում կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում են սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ» կամ «ե» կետերով կամ 181-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը, ինչպես նաեւ եթե բանկի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել բանկի հետ կապված անձանց, իսկ բանկի հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ նրա մասնակցի, ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ բանկի ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել բանկի ավանդատուների կամ այլ պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի՝

1) առաջարկելու բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձին, որպեսզի նա Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի բանկում իր ունեցած ներդրումները կամ բանկի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել բանկի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է բանկի ֆինանսական վիճակին, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում՝ այդ մասնակցի ունեցած ներդրումները կամ բանկի նկատմամբ ունեցած համապատասխան պահանջի իրավունքը կարող է օտարվել դատական կարգով.

2) բանկի նկատմամբ կիրառելու սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված պատժամիջոցներից մեկը:

6.1. Սույն հոդվածի 6-րդ մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից մինչեւ չվերանան սույն մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկության համար հիմք հանդիսացած փաստերը: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:

Եթե սույն օրենքի 55-րդ հոդվածի 3- րդ մասի «գ» կետին համապատասխան՝ անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի ստացել Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը, ապա բանկի այն նշանակալից մասնակցություն ունեցող անձը, որի միջոցով տվյալ անձը ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետներում օտարել բանկում իր մասնակցությունը, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետներում չօտարելու դեպքում անուղղակի նշանակալից մասնակցությունը կարող է օտարվել դատական կարգով:

6.2. Եթե նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ա1»-ին կետով նախատեսված հիմքը, բանկի կանոնանադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը,  ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ» կամ «ե» կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի բանկում իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով: Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում բանկը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում բանկի համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ: Սույն մասով նախատեսված ժամկետում բանկի կողմից համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը ընդունում է տվյալ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող «ա1»-ին կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը,  ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: