Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«փոխկապակցված անձ՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք.
իրական շահառու՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված անձինք:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) «ը1 » կետում «ունեցող ղեկավար» բառերից առաջ լրացնել «(եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ը2 -րդ կետ.
«ը2 ) չպետք է ունենա 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից, իրական շահառու կամ ղեկավար, որը կամ որոնց փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես գրավատան կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի կամ որպես ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել այդ գրավատան սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ ը3 -րդ կետ.
«ը3 ) չպետք է ունենա 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակից կամ ղեկավարը, որը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում.
1) բ.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ.1) հայտատուի 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից կամ իրական շահառուներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եւ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, կամ ղեկավարն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եւ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր բ.2-րդ կետ.
«բ.2) հայտատուի 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը, իրական շահառուն կամ ղեկավարը, կամ նրանց հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես գրավատան կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի կամ որպես ղեկավարի գործողությունները կարող են հանգեցնել այդ գրավատան սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր բ.3-րդ կետ.
«բ.3) հայտատուի 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ ղեկավարը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.»:
Հոդված 4. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 131-րդ հոդված.
«Հոդված 131 . Գրավատան 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի մասնակցության դադարեցումը
1. Եթե լիցենզավորման ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաեւ եթե անձի՝ սույն օրենքով սահմանված կարգով գրավատնային գործունեության լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.1»-ին կամ «բ.2»-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ եթե ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել գրավատան հետ փոխկապակցված անձանց (իսկ գրավատան հետ փոխկապակցված իրավաբանական անձի դեպքում՝ նաեւ նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ գրավատան ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել գրավատան պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի գրավատան 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ իրական շահառուն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի գրավատանն իր ունեցած ներդրումները, կամ գրավատան նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել գրավատան գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է գրավատան ֆինանսական վիճակին: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում համապատասխան ներդրումները չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետին հաջորդող օրվանից գրավատան 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Գրավատան որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Եթե գրավատնային գործունեության լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.3»-րդ կետով նախատեսված հիմքը, գրավատան 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Գրավատան 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»» բառերը փոխարինել ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս.
«4. Գրավատները պարտավոր են «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով գրավատների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 6-րդ հոդվածի «ը.1»-ին կամ «ը.2»-րդ կամ 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.1»-ին կամ «բ.2»--րդ կետերով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որպեսզի գրավատան 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված ժամկետում օտարի իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով: Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից գրավատան 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու եւ առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից: Գրավատան որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 2-րդ կամ 3-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առաջացման դեպքում գրավատունը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում գրավատան համապատասպան ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ: Սույն մասով նախատեսված ժամկետում գրավատան կողմից համապատասխան ղեկավարին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը ընդունում է տվյալ ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող «ը3
»-րդ կետով կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով լրացվող «բ.3»-րդ կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում գրավատան 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաեւ անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաեւ ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Գրավատան որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով՝ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: