Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 5. Պետական կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը
1. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով հանձնել ցանկացած շարժական գույք, իսկ անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ՝ Կառավարության սահմանված կարգի համաձայն:
2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանը հանձնված շարժական գույքը, ինչպես նաեւ Կառավարության սահմանված կարգի համաձայն դադարեցնել անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:
3. Պետական կազմակերպությունն իրավունք չունի իրեն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
4. Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը պետության անունից տրամադրել ենթավարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Պետական կազմակերպությանն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը ենթավարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով:
5. Պետական կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
6. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպության հանձնելը կամ վարձակալության տրամադրելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
7. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա շարժական գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»:
Հոդված 2. Օրենքի 5.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 5.1. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը
1. Կառավարության որոշմամբ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով կարող է հանձնել ցանկացած շարժական գույք, իսկ անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ՝ Կառավարության սահմանված կարգի համաձայն:
2. Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանը հանձնված շարժական գույքը, ինչպես նաեւ Կառավարության սահմանված կարգի համաձայն դադարեցնել անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:
3. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի իրեն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
4. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը պետության անունից տրամադրել ենթավարձակալության, եթե դա արգելված չէ Կառավարության որոշմամբ կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ: Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանը հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքը ենթավարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով:
5. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն հանձնված կամ վարձակալությամբ տրամադրված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
6. Կառավարության կողմից գույքը համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանը հանձնելը կամ վարձակալության տրամադրելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
7. Կառավարության կողմից համայնքային ոչ առեւտրային կազմակերպության վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա շարժական գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «իրավունքով հանձնված եւ (կամ) ամրացված» բառերը փոխարինել «կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շարժական եւ վարձակալությամբ տրամադրված անշարժ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում «իրավունքով հանձնվող եւ (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող» բառերը փոխարինել «կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շարժական եւ վարձակալությամբ տրամադրված անշարժ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետում «ամրացված պետական սեփականության» բառը փոխարինել «սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շարժական եւ վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի» բառերով:
Հոդված 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի հունվարի 10-ը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը Հայատանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչպես նաեւ համապատասխան պայմանագրերի գործողությունների դադարեցման գործընթացը:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 10-ից: