Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10987-03.06.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.33-169.35-րդ եւ 244.20-րդ հոդվածներով.

«Հոդված 169.33. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգում չմուտքագրելը

1. Ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից ռիելթորական ծառայությունների, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո հինգ աշխատանքային օրվա ժամկետում պայմանագրերը, վերջիններիս առարկա հանդիսացող անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգում չմուտքագրելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 169.34. Ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից առանց ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման ռիելթորական ծառայություններ մատուցելը

1. Ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից առանց ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման ռիելթորական ծառայություններ մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 169.35. Առանց լիազոր մարմնում հաշվառման ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի կողմից ռիելթորական ծառայություններ մատուցելը

1. Առանց լիազոր մարմնում հաշվառման ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի կողմից ռիելթորական ծառայություններ մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 244.20. Ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը

1.Սույն օրենքի 169.33-169.35-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող եւ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ին: