Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11042-09.06.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 83-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«6 Վարչական դատարանն անշարժ գույքի վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրի կայացրած վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու, ինչպես նաեւ այդ որոշումը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 91-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու դեպքում դատարանն առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու, հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկում էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 93-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«7. Դատարանն անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման միջոցը փոփոխելու, իսկ հայցի ապահովումը մերժելու կամ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր, եթե տվյալ հայցի ապահովման միջոցը կիրառելու մասին որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկել առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու: Այն դեպքում, երբ անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովումը մերժելու կամ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ դատարան, ապա այն դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկվում վերաքննիչ դատարանի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո չորս ամսվա ընթացքում: