Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17) գնման առարկայի բնութագիր՝ գնվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշներ, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմաններ.»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված եւ բխեն կարիքից, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը.».
2) 2-րդ մասի 4-րդ կետից հանել «եւ համարժեք» բառերը:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մրցակցային գնման ձեւերի կիրառման ժամանակ առանձին բնութագրեր ունեցող գնումները մեկ գնման գործընթացի շրջանակներում կարող են բաժանվել չափաբաժինների: Արգելվում է՝
1) մեկ գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների՝ մրցակցային գնման ձեւի կիրառումից խուսափելու նպատակով.
2) փոփոխել գնման առարկան.
3) խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն հիմնավորում է նման խմբավորման անհրաժեշտությունը:
2. Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների բնութագրերի փոփոխման դեպքերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր» բառերը փոխարինել «ժամկետը սահմանվում է հրավերով եւ չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրից» բառերով:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած եւ չավարտված գնման գործընթացների վրա:
3. Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: