Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1124-09.07.2025-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 187.1-ին հոդվածով.

«Հոդված 187.1 Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը

1. Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»: