Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11333-04.08.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 5.1-ին մասից հանել «, ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաեւ փրկարարական ծառայողներին», «ոստիկանության ծառայության,» եւ «, փրկարար ծառայության» բառերը:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում պահպանում են զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները): Սույն մասով նախատեսված աշխատավարձը պահպանվում է համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում ծառայությունից ազատվելուց հետո ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո 6 ամիս ժամկետով, բայց ոչ ավել քան ոստիկանության կամ փրկարար ծառայության նշանակված պաշտոնում սահմանված կարգով ատեստավորում անցնելը:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ներքին գործերի նախարարության ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները, ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանում են զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) չի պահպանվում:»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 2.3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.3. Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում ոստիկանության ծառայողներին, փրկարար ծառայողներին նշանակելու դեպքում պահպանվում է այդ ծառայողների աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված՝ այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա համապատասխանաբար ոստիկանության ծառայության, փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված աշխատավարձի (հիմնական աշխատավարձի, հավելումների, լրավճարների) պահպանվող չափի եւ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջեւ տարբերությունը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք չբերած ծառայողների համար հաշվարկվում է մինչեւ այն պահը, երբ տվյալ պետական ծառայողին օրենքով սահմանված կարգով կվճարվի պետական կենսաթոշակ կամ տվյալ պետական ծառայողի՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը:»:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել 2.4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.4. Ներքին գործերի նախարարության հանցանքների եւ վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձեւավորելու գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում ոստիկանության ծառայողներին, փրկարար ծառայողներին նշանակելու դեպքում պահպանվում է այդ ծառայողների աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված՝ այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա համապատասխանաբար ոստիկանության ծառայության, փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված աշխատավարձի (հիմնական աշխատավարձի, հավելումների, լրավճարների) պահպանվող չափի եւ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջեւ տարբերությունը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք չբերած ծառայողների համար հաշվարկվում է մինչեւ այն պահը, երբ տվյալ պետական ծառայողին օրենքով սահմանված կարգով կվճարվի պետական կենսաթոշակ կամ տվյալ պետական ծառայողի՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: