Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-840-06.04.2006-ՊԱ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (2004 թվականի դեկտեմբերի 24) 61-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող կալանքի դատապարտված զինծառայողները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ եւ պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Նշված անձանց պահպանությունն ապահովում է տվյալ հիմնարկի գտնվելու վայրի կայազորի պետը:»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կալանքի դատապարտված զինծառայողների նյութակենցաղային եւ բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով: Սակայն օրենսգրքում նախատեսված չէ կալանքի դատապարտված զինծառայողների բուժսանիտարական ապահովման կարգի վերաբերյալ դրույթ:

Ներկայացվող օրենքի նախագիծը կազմվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանքի դատապարտված զինծառայողները, կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների պես, պատժի կրումից ազատվելուց հետո, ուղարկվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը շարունակելու, հետեւաբար հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող կալանքի դատապարտված զինծառայողների բուժսպասարկումը նպատակահարմար է իրականացնել կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների համար ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի կարգավորելու հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող կալանքի դատապարտված զինծառայողների բժշկական սպասարկման կարգը: