Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8432-07.04.2006-ՊԱ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի  (1-ը հուլիսի 1998 թվականի, ՀՕ-248, այսուհետ` օրենսգիրք) 52-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե դատապարտյալը եռամսյա ժամկետում չի դիմում դատարան դատական ակտի վերանայման նպատակով, ապա դատախազը եռամսյա ժամկետը լրանալուց հետո  մեկամսյա ժամկետում համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:

Նախկինում մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ դատական կարգով չվերանայված դատական ակտերը վերանայելու նպատակով դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան մինչեւ 2006 թվականի հունիսի 1-ը»:

Հոդված 2. Օրենսգրքի 374-րդ հոդվածում եւ 427-րդ հոդվածի չորրորդ մասում «ազատազրկման հետ կապ չունեցող» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 438-րդ հոդվածի չորրորդ մասը «ներկայացուցիչը» բառից հետո լրացնել «, որը դատարանին է ներկայացնում ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտությունը առաջին հերթին պայմանավորված է նշված օրենսդրական ակտերը ՀՀ Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանեցնելու, ինչպես նաեւ քրեական քաղաքականության մեջ որոշակի հստակեցումներ մտցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես,

1. Վերջին 5 տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուղղիչ աշխատանքներ պատժատեսակի նշանակումն ու կիրառումն աստիճանաբար նվազում է: Նման պարագայում, իրավական ասպեկտից բոլորովին չի արդարացվում ուղղիչ աշխատանքներ պատժատեսակի գոյությունը: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում քրեական եւ քրեակատարողական օրենսդրության մեջ ուժը կորցրած ճանաչել «ուղղիչ աշխատանքներ» պատժատեսակի նշանակման եւ կիրառման հետ կապված դրույթները:

2. Սակայն հիշատակված օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունների եւ լրացումների առանցքն անկասկած քրեական օրենսգրքում միասնական պետական պատժային քաղաքականության իրագործմանն ուղղված որոշակի ելակետային դրույթների ամրագրումն է: Մասնավորապես, քրեական օրենսգրքի ընդհանուր մասում սահմանվում է, թե որ պատիժը ծանրության ինչպիսի աստիճան ունեցող հանցագործությունների համար կարող է նշանակվել: Այսինքն.

 նախ` օրենսդրի կողմից նախապես գնահատական է տրվում այս կամ այն պատժատեսակի բովանդակային հատկանիշներին, եւ հատկապես անձի ուղղմանը նպաստելու ունակությանը: Դա թույլ է տալիս որոշել, թե վտանգավորության ինչպիսի բնույթ եւ աստիճան ունեցող հանցագործությունների համար կիրառելիս տվյալ պատժատեսակը կարող է արդյունավետ լինել, թե` ոչ:

երկրորդ` օրենսգրքի Հատուկ մասում հաշվի առնելով կոնկրետ հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը եւ դրա համար այս կամ այն պատժատեսակը նախատեսելով, օրենսդիրը դրանով իսկ  կոնկրետ հանցագործությունը դասում է ծանրության որոշակի աստիճան ունեցող արարքների թվին,

Մասնավորապես, սահմանվում է, որ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների համար: Այսինքն` այս դրույթի մեջ արդեն իսկ նկատվում է օրենսդրի վերաբերմունքը այս պատժատեսակի եւ դրա կիրառման ոլորտի նկատմամբ: Իսկ արդեն կոնկրետ հանցագործության սանկցիայում հանրային աշխատանքներ նախատեսելը վկայում է այն մասին, որ այդ հանցագործությունը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների թվին:  Ներկայումս ազատությունից զրկելու հետ չկապված պատիժը (օրինակ տուգանքը) կարող է նշանակվել ծանր հանցագործության համար, ինչը անընդունելի է, այն պատճառով, որ իր մեջ պարունակում է սուբյեկտիվիզմի զգալի տարրեր եւ պատիժ նշանակող մարմնի կամային գործոնին տրվում է ավելի ընդգծված բնույթ: Ուստի այս փոփոխությունը գնահատվում է նաեւ արդարադատության իրականացման անաչառության  ապահովման եւ կոռուպցիոն ռիսկերի կրճատման տեսանկյունից:

3. Ասվածից բացի, նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն «տուգանք» եւ «հանրային աշխատանքներ» պատժատեսակների նշանակման եւ կիրառման պայմանները, տուգանքի կատարման անհնարինության դեպքում այն հանրային աշխատանքներով փոխարինելը:

4. Կսահմանվեն անչափահաս դատապարտյալների  պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության այլ տեսակով փոխելու հետ կապված առանձնահատկությունները. ի տարբերություն չափահաս դատապարտյալների, անչափահասները հնարավորություն կունենան  պատժի կրման ավելի վաղ ժամկետում տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ: Սա անշուշտ պետք է դրական քայլ համարել, առաջին հերթին անչափահասների հանցավորությանը վերաբերող միջազգային փաստաթղթերին համապատասխանության տեսանկյունից:

6. Որոշակի հստակություն կմտցվի նաեւ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործերի դատական քննության կարգում, որով կսահմանվի ուղղիչ հիմնարկի կամ կարգապահական գումարտակի կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը դատարանին ներկայացնելու պարտավորությունը