Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1151-11.09.2025-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի NՀՕ-276 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.8-րդ հոդվածով.

«Հոդված 2.8. Հաստատել 2025 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ՝ Ժամանակավոր ծրագիր)՝ համաձայն N 9 հավելվածի :»:

Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.10-րդ կետով.

«6.10. 2025 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 200 մլն մ3 : 2025 թվականի ընթացքում Սեւանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ « Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ՝ Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման՝ այդ գումարների հավաքագրման եւ դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանած ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան  բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ՝ Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը եւ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ  տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել «2025 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» N9 հավելվածով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը՝ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները՝ Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2025 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում կկազմի շուրջ 441.32 մլն մ3 :

Հարկ է նշել, որ 2025 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ նշված հողատարածքների ջրառաջարկն ապահովող համակարգերում ջրառաջարկը՝ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը կազմում է 228.31 մլն մ3 , որը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 142.41 մլն մ3 -ով /370.72 մլն մ3   - 228.31 մլն մ3 = 142.41 մլն մ3 /:

Տեւական շոգ եւ չոր եղանակով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը եւ ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սեւանա լճից իրականացվել են պլանավորածից վաղ ջրբացթողումներ՝ նախորդ տարվա համեմատ մեկնարկել է 10 օր շուտ:

Հարկ է նշել, որ Հրազդան գետում միջին ամսական հոսքը 2025 թվականի հուլիս եւ օգոստոս ամիսներին դիտվել է համապատասխանաբար 5.61 մ3 /վրկ եւ 4.0 մ3 /վրկ, այն դեպքում, երբ նույն ցուցանիշները 2024 թվականին կազմել են համապատասխանաբար 6.68 մ3 /վրկ եւ 6.47 մ3 /վրկ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ 2025 թվականի հավանական սակավաջրության պայմաններում ոռոգման բնականոն ջրամատակարարումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կլենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված կանխատեսումը, վերը նշված հողատարածքները սնող ջրաղբյուրների ջրառաջարկը սեպտեմբերի 8-ի դրությամբ կազմում է՝

1. Հրազդան գետ+Մարմարիկի ջրամբարից՝ շուրջ 151.8 մլն մ3 ,

2. Ազատի ջրամբարից՝ շուրջ 50.2 մլն մ3 ,

3. Ապարանի ջրամբարից՝ շուրջ 11 մլն մ3 ,

4. Սեւանա լճից՝ շուրջ 167 մլն մ3 ,

5. Մխչյանի եւ Ռանչպար պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ՝ շուրջ 31.3 մլն մ3 :

6. Ընդամենը՝ շուրջ 411.3 մլն մ3 ,

7. Դեֆիցիտը՝ շուրջ 30 մլն մ3 :

Նշված դեֆիցիտը մինչեւ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար հրատապ է եւ անհրաժեշտ լրացնել Սեւանա լճից լրացուցիչ ջրբացթողումներով՝ մինչեւ 30 մլն մ3 :

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը՝ Անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2025 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչեւ 200 մլն մ3 :

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները՝ ներկայացված որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքները՝ Հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում, ջրապահովվածության բարձրացում, ընթացիկ տարվա հնարավոր սակավաջրության հնարավոր ռիսկերի մեղմմում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն