Armenian ARMSCII Armenian
Կ-1151-11.09.2025-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1.   «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.8-րդ հոդվածով.

«Հոդված 2.8. Հաստատել 2025 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ՝ Ժամանակավոր ծրագիր)՝ համաձայն  9-րդ հավելվածի:»:

Հոդված 2.  Օրենքով հաստատված՝ Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.10-րդ կետով.

«6.10. 2025 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 200 մլն մ3 : 2025 թվականի ընթացքում Սեւանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ՝ Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման՝ այդ գումարների հավաքման եւ դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի  1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան  բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ՝ Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը եւ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ  տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

Հոդված 3.  Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ հավելվածով՝  «Ժամանակավոր ծրագիր 2025 թվականին Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ»:

Հոդված 4.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):