Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-847-13.04.2006-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հիմք ընդունելով «Բնապահպանական եւ բնօգտագործմանվճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդեւՀայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածները սահմանել, որ`

«Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության համար, հաշվի առնելով ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման մարմին ներկայացված բնապահպանական գործողությունների աստիճանական բարելավման պլանը, վարձակալության ամբողջ ժամկետում բնապահպանական վճարները հաշվարկվում եւ վճարվում են ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի եւ միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմերի (իսկ նորմերը չգերազանցելու դեպքում` փաստացի չափաքանակների), Երեւանի «Աէրացիա» մաքրման կայանից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

«Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտա-գործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի

«Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան հիմքեր ստեղծել «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի արդյունավետ գործունեության ապահովման համար` նպատակ ունենալով բարելավել ընկերության կողմից սպասարկվող Երեւան քաղաքի եւ հարակից 33 համայնքների ջրամատակարարումն ու ջրահեռացումը:

Ներկայացվող օրենքի նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը եւ նպատակաուղղված է ՀՀ կառավարության 09.12.2005թ. N2200-Ն որոշման 2-րդ հավելվածի 12.1 կետում ամրագրված գերակա խնդրի իրականացմանը:

«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ստեղծվել է 2005թ. դեկտեմբեր ամսին, վարձակալության միջազգային մրցույթում ՀՀ կռավարության 23.09.2004թ. N1361-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության կողմից, իսկ Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2005թ. դեկտեմբերի 14-ին: Վարձակալության պայմանագրի համաձայն, Երեւան «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը վարձակալությամբ պետք է փոխանցվի «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին, որի գործունեության մեկնարկը նախատեսված է ս/թ մայիսի 1-ին: Ներկայացված օրենքի նախագծով նպատակահարմար է գտնվել սահմանել բնապահպանական վճարների գծով արտոնություններ նաեւ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի համար:

Հարկ է նշել, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսական առողջացման ու բնականոն գործունեության ապահովման նպատակով, 2002թ. դեկտեմբերի 11-ին եւ 2005թ. դեկտեմբերի 16-ին ընդունվել են օրենքներ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերություններին, (այդ թվում նաեւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին)` բնապահպանական վճարների գծով արտոնություններ տրամադրելու վերաբերյալ, որոնցով մինչեւ 2009թ. հունվարի 1-ը հետաձգվել է հաշվարկված բնապահպանական վճարների վճարումը եւ ընկերություններն ազատվել են բնապահպանական վճարների գծով հաշվարկված եւ չվճարված տույժերից ու տուգանքներից: Այսինքն հանրապետության բոլոր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների համար սահմանվել են բնապահպանական վճարների գծով արտոնություններ:

Օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել նաեւ այն, որ վարձակալության մրցույթի առաջարկների վերջնաժամկետից` սեպտեմբերի 30-ից հետո «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան ընդունվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N1652-Ն որոշումը (ուժի մեջ է մտել 10.11.2005թ.), որն առաջ է բերել բնապահպանական վճարների գծով նոր մեծածավալ պարտավորություններ որոնք չէին կարող կանխատեսվել ուստի եւ նախատեսվել մրցույթի մասնակիցների հայտերում:

Այդ որոշման համաձայն Երեւանի «Ջրմուղ-կոյուղի»ՓԲԸ-ն, իսկ հետագայում «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն մեկ տարվա ընթացքում պետք է վճարեն 1.5 միլիարդ դրամի բնապահպանական վճարներ, կամ ընկերության 2005 թվականի հասույթի 22.4%:

Պարզ է, որ այսպիսի մոտեցման դեպքում ջրամատակարար կազմակերպությունը չի կարող ծավալել բնականոն գործունեություն, որն էլ կհանգեցնի սակագնի զգալի չափով ավելացման անհրաժեշտության: Այս մոտեցումը անընդունելի է նաեւ այն պատճառով, որ ՀՀ կառավարության 17.03.2005թ. N658-Ն որոշմամբ արդեն իսկ հաստատվել են «Ցուցումներ հայտատուներին» փաստաթուղթը եւ վարձակալության պայմանագրի նախագիծը, որոնց հիման վրա կազմվել են հայտատուների ֆինանսական առաջարկները:

Անհրաժեշտ է նշել նաեւ, որ «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության ֆինանսական առաջարկում ամրագրված է հոսակորուստների կրճատման պարտավորություն, որով նախատեսվում է վարձակալության առաջին տարում տնտեսել 17 մլն. մ3 , երեք տարում` 93 մլն. մ3 , իսկ ամբողջ վարձակալության ժամկետում` 215 մլն. մ3 ջուր, որը դրամային արտահայտությամբ կկազմի համապատասխանաբար (գործող սակագներով) 2 , 1 մլրդ րամ, 11 , 6 մլրդ դրամ եւ 26,9 մլրդ դրամ: Փաստորեն վարձակալության ժամկետում նախատեսվում է ջրի կորուստները կրճատել 4.2 անգամ: Միաժամանակ կարեւորելով շրջա՟կա մի՟ջա՟վայրի աղտոտման ծավալների կրճատումը Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից մշակվել է բնապահպանական գործողու՟թյունների աստիճանական բարելավման պլան (վերջինս համա՟ձայ՟նեցվել է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի հետ, հաստատվել ՀՀ ջրտնտպետ՟կոմիտեի նախագահի կողմից եւ ներկայացվել է ՀՀ բնա՟պահպա՟նության նախարարություն), որով նախատեսվում է բնա՟պահպանական խնդիրների լուծմանն ուղղել շուրջ 14 մլրդ դրամ:

Պետք է նշել նաեւ, որ վարձակալության մրցույթում հաղթած կազմակերպության` «Ժեներալ դեզ Օ» ընկերության ֆինանսական առաջարկը (որի բաղկացուցիչ մաս է կազմում ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների սակագինը, ներառյալ նախատեսվող չափով բնապահպանական վճարները) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 14.11.2005թ. N170-Ա որոշմամբ տրվել է հավանություն:

Բերված հիմնավորումները հիմք են հանդիսանում առաջարկվող օրենքի նախագիծն ընդունելու համար, որը գործնական քայլ կհանդիսանա Երեւանի եւ հարակից 33 համայնքների ջրամատակարարման բարելավման 2-րդ վարկային ծրագրի հաջող մեկնարկի, բնակչությանը հուսալի, անխափան ու որակյալ ջրամատակարարման ապահովման, ոլորտի կարեւորագույն խնդիր հանդիսացող ջրի կորուստների զգալի կրճատման, ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» կազմակրպության եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի միջեւ կնքված Վարձակալության պայմանագրի իրականացման գործում:

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է նկատի ունենալով, որ շրջանառության մեջ է դրվել «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը անհրաժեշտություն է առաջացրել «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ եւ 20-րդ հոդվածներում կատարել լրացումներ: