Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1169-17.10.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 443-րդ հոդվածի 1-ին մասում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը՝ փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:

2) «եւ (կամ)» բառերը փոխարինել «, կամ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 444-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը.»

2) 1-ին եւ 2-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի հավելված N 1-ում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի համաձայն`

«1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝

պատժվում է (...) կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

(...)»:

Գործնականում ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի սուբյեկտային շրջանակի որոշման վերաբերյալ առաջացել են որոշ տարակարծություններ:

Այս համատեքստում, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը տեղակայված է «Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 43-րդ գլխում, որից բխում է, որ հիշյալ հանցակազմի տեսակային օբյեկտը հանրային ծառայության շահերի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այս տեսակ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը վտանգում է հանրային ծառայության բնականոն, օրինական եւ վստահելի գործունեությունը, որը հիմնված է հրապարակայնության, թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքի վրա: Հետեւաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, կամ այն վարչական պատասխանատվության կիրառումից հետո չներկայացնելու համար:

Այս մասին է վկայում նաեւ այն, որ քննարկվող հոդվածի 2-րդ մասը նախատեսում է առավել խիստ պատասխանատվություն՝ այն դեպքերի համար, երբ հայտարարագրման ենթակա տվյալների խեղաթյուրումը, թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի, եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը:

Այս համատեքստում, ուշագրավ է այն, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրման պարտականություն, ընդ որում՝ հիշյալ օրենքում օգտագործվում են «գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր» եւ «գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր» ձեւակերպումները: Ավելին՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում (25-րդ, 25.1-ին հոդվածներ) այս տերմինները եւս գործածվում են միասին: Ուստի, հիշյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի տեղադրությունը ՀՀ քրեական օրենսգրքի «Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 43-րդ գլխում, ինչպես նաեւ այս հոդվածի կառուցվածքը, ակնհայտ է, որ օրենսդրի կամքն ուղղված է հանրային ծառայության ոլորտում հայտարարագրման պարտականության խախտումներին քրեաիրավական գնահատական տալուն, իսկ 2-րդ մասում նշված «եկամուտ» բառը չի կարող գնահատվել եւ/կամ մեկնաբանվել առանձին:

Ավելին՝ նույն գլխում առկա մեկ այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում ապօրինի հարստանալու համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը եւ (կամ) ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածը, թե՛ 444-րդ հոդվածը ներառված են ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի կոռուպցիոն հանցանքների ցանկում:

Բացի այդ, հատկանշական է նաեւ, որ տարբեր տեսակի հայտարարագրերում հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելու կամ այդ տեսակ հայտարարագիր չներկայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված են առանձին հոդվածներ: Մասնավորապես՝

Այսպիսով, ելնելով վերոգրյալից՝ հարկ է նշել, որ յուրաքանչյուր տեսակի հայտարարագիր չներկայացնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու, կամ ներկայացված տվյալը խեղաթյուրելու համար օրենսդիրը սահմանել է առանձին քրեական պատասխանատվություն: Հետեւաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով նախատեսված է ոչ թե առհասարակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր, այլ կոնկրետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարագրերի չներկայացնելու, դրանում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածի (ապօրինի հարստանալը) 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի հարստանալը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը եւ (կամ) ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են:»:

Նշված հոդվածում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝» ձեւակերպումը եւս առկա է, ինչպես քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի շրջանակներում: Բացի այդ, այն եւս ընդգրկված է «Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 43-րդ գլխում:

Այս համատեքստում, ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունն ու միասնականությունն ապահովելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածում եւս անհրաժեշտ է կատարել փոփոխություն, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ապօրինի հարստացման հանցակազմի շրջանակներում եւս հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք, ըստ էության, իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Սույն փոփոխությունը պայմանավորված է հանցակազմի սուբյեկտի շրջանակը հստակեցնելու անհրաժեշտությամբ՝ իրավական որոշակիության ապահովման նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ եւ 444-րդ հոդվածներով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու եւ օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն