Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1177-29.10.2025-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Հուշարձանների օտարումը

1. Հուշարձանի հատուցմամբ կամ անհատույց օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին:

2. Հուշարձանների հատուցմամբ կամ անհատույց օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:

3. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, եկեղեցական եւ վանական համալիրները, տաճարները, մատուռները եւ այլ պաշտամունքային կառույցները (այսուհետ՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցներ) կարող են ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում:

4. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցի սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու մտադրության մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազորված մարմնի, իսկ ծանուցմանը կից ներկայացնել գույքի օտարման պայմանագրի նախագիծը եւ սեփականության իրավունքը վկայող փաստաթղթի պատճենը: Լիազորված մարմինը ծանուցումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է սեփականատիրոջը գույքն այլ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու վերաբերյալ Հայատանի Հանրապետության կառավարության համաձայնության կամ մերժման մասին:

5. Հայատանի Հանրապետության կառավարությունը մերժում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համաձայնության տրամադրումը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են:

6. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների հատուցմամբ կամ անհատույց օտարման համաձայնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն հոդվածով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: