Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել նոր 1.2-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 1.2. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է հունվարի 27-ին, ոչ աշխատանքային օր:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-54 օրենքի 3րդ հոդվածով սահմանվում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձեւերից մեկը հիշարժան օրերի եւ համապետական հիշատակի օրվա ընդունումն է:
Այնուամենայնիվ, «Հայաստանի հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում մինչ օրս չկա սահմանված համապետական հիշատակի օր, որը նվիրված է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն եւ մեծարմանը: Արդյունքում մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների տարելիցներին, կամ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնելու մասին է, քան հիշատակի:
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու արդյունքում Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օրը՝ հունվարի 27-ը կդառնա օր, երբ մարդիկ կհարգեն բոլոր ժամանակների հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը եւ կխոնարհվեն նրանց առաջ:
Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքում լրացում կատարել եւ սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ ոչ աշխատանքային:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է վերանայել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը, եւ հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ ոչ աշխատանքային:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հունվարի 27-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, կստեղծվեն իրավական հիմքեր բոլոր ժամանակների հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելու ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար: