Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-849-17.04.2006-ՊԻ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի ) 16-րդ հոդվածի 2-րդ մասի, « պաշտպանության նկատառումներով» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությումբ նոր նախադասությունով.

«Դռնփակ դատական քննությունն իրականացվում է նաեւ այն դեպքում, երբ դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին պարտադրվում է բացահահայտել տեղեկատվության աղբյուրը» :

Հոդված 2. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6) կետով.

«6) լրատվական գործունեություն իրականացնողը եւ լրագրողը՝ պարզելու համար տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ՝ դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: »

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրինագծի

2003 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահը ստորագրել է 2004 թվականի հունվարի 14-ին:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը միջազգայնորեն ընդունված չափանիշներին համահունչ սահմանել է լրագրողական աղբյուրների պաշտպանության բարձր մակարդակ: Օրենքի 5.րդ հոդվածը սահմանում է՝

Հոդված 5. Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը

1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ։

Սակայն անցած մեկ տարվա պրակտիկան ցույց տվեց, որ այս դրույթը հակասության մեջ է մտնում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86՝ «Վկան» հոդվածի հետ, եւ արդեն եղել է երկու դեպք, երբ նախաքննական մարմինը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով փորձել է հարցաքննել լրատվամիջոցների ղեկավարներին: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը սահմանում է՝

Հոդված 86. Վկան

1. Վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որեւէ հանգամանք:

2. Որպես վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել՝

1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետեւանքով ունակ չեն ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները.

2) փաստաբանները՝ պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող են հայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ.

3) անձինք, որոնց տվյալ քրեական գործին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել քրեական գործով որպես պաշտպան, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ մասնակցելու կապակցությամբ.

4) դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը եւ դատական նիստի քարտուղարը՝ կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների եւ չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի.

5) ձեռնադրված հոգեւորական-խոստովանահայրը՝ խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին:

Ինչպես տեսնում ենք, այն անձանց թվում, ովքեր վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել, նշված չեն լրագրողներն ու լրատվական գործունեություն իրականացնողները՝ տեղեկատվության աղբյուրները բացահայտելու նպատակով:

Բացի այդ՝ հակասություն կա նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի հետ: Այդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է այն դեպքերը, երբ կարող է տեղի ունենալ դռնփակ դատավարություն, եւ դարձյալ նշված չէ այն դեպքը, երբ «դատարանի որոշմամբ լրագրողին եւ լրատվական գործունեություն իրականացնողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»:

Այս հակասությունները վերացնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ եւ 86-րդ հոդվածներում: