Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1193-18.11.2025-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի առաջին մասի «զ» ենթակետում «ձմեռային ժամանակահատվածներում:» բառերից հետո լրացնել «Սույն ենթակետով նախատեսված արտոնությունից կարող են օգտվել նաեւ օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, ովքեր մեկնում են այն ավիաընկերությունների միջոցով, որոնք Եվրոպական միության թռիչքային անվտանգության ցանկում (սեւ ցուցակ) ընդգրկված լինելու հետեւանքով իրենց կոդով թռիչքներ չեն իրականացրել սույն ենթակետում նշված օդանավակայաններ, սակայն իրենց թռիչքները կազմակերպել եւ իրականացրել են թաց-լիզինգով (Wet Lease) շահագործվող օդանավերի միջոցով, եւ այդ օդանավակայանները չվերթերը մեկնարկելու օրվա դրությամբ սույն կետի տրամաբանությամբ համարվել են չսպասարկված:» նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «զ» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (մինչեւ երկու անգամ ներառյալ 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնության ժամկետի կիրառման, այդ թվում՝ ժամկետի երկարաձգման կարգը, ինչպես նաեւ չսպասարկվող ուղղությանը եւ ավիափոխադրողի կողմից չվերթերի իրականացման նվազագույն հաճախականություններին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Հոդված 4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները կատարվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում:

Հոդված 5. Սույն օրենքի 1-ին հոդվածում կատարվող լրացմամբ սահմանվող պահանջներով սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտոնության ժամկետների պահպանմամբ ֆիզիկական անձանց պետական տուրքի վճարումից ազատվելու իրավունքը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: