Armenian ARMSCII Armenian
Կ-1193-18.11.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը «ձմեռային ժամանակահատվածներում:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետով նախատեսված արտոնությունից կարող են օգտվել նաեւ օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք մեկնում են այն ավիաընկերությունների միջոցով, որոնք իրենց կոդով թռիչքներ չեն իրականացրել սույն կետում նշված օդանավակայաններ, սակայն իրենց թռիչքները կազմակերպել եւ իրականացրել են թաց-լիզինգով (Wet Lease) շահագործվող օդանավերով, եւ այդ օդանավակայանները չվերթերը մեկնարկելու օրվա դրությամբ սույն կետի իմաստով համարվել են չսպասարկված:»:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն կետով նախատեսված արտոնությունը տրամադրվում է 36 ամսով (մինչեւ երկու անգամ ներառյալ 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնության ժամկետի կիրառման, այդ թվում՝ ժամկետի երկարաձգման կարգը, ինչպես նաեւ չսպասարկվող ուղղությանը եւ ավիափոխադրողի կողմից չվերթերի իրականացման նվազագույն հաճախականություններին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Հոդված 4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ երեք ամսվա ընթացքում:

Հոդված 5. Սույն օրենքի 1-ին հոդվածով կատարվող լրացմամբ սահմանվող պահանջներով սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտոնության ժամկետների պահպանմամբ ֆիզիկական անձանց պետական տուրքի վճարումից ազատվելու իրավունքը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: