Armenian ARMSCII Armenian
Պ-11315-01.08.2025,28.11.2025-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 58.1-ին հոդվածով.

«Հոդված 58.1.  Քաղաքապետի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում

1. Քաղաքապետը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կենդանիների կացարանների եւ հարակից ենթակառուցվածքների (ախտորոշիչ լաբորատորիա, անասնաբուժական կենտրոն, վիրահատարան եւ այլն) նախագծումը, կառուցումը եւ
կառավարումը, այդ թվում՝ արտապատվիրակման կամ համայնք-մասնավոր համագործակցության ձեւաչափով.

2) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման եւ կացարաններ տեղափոխման աշխատանքները.

3) համաքաղաքային կանոններին համապատասխան՝ տալիս է քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում.

4) աջակցում է անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների աշխատանքների վարմանը.

5) սահմանված կարգով տրամադրում է կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվություններ.

6) սահմանում է Երեւանի տարածքում անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման կամ թաղման վայրերը.

7) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.

8) կենդանի տիրապետողից պահանջում է կենդանի պահելուն առնչվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ, փաստաթղթեր:»:

Հոդված 2. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) վարչական շրջանի տարածքում, սահմանված կանոններին համապատասխան, տալիս է  կենդանիների վաճառքի թույլտվություն.

5) վարչական շրջանի տարածքում տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ղեկավարի՝ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 58.1-ին հոդվածի  1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորության իրականացման համար համայնքներին կտրվի սուբվենցիա, իսկ երկրորդ եւ հաջորդող տարիների համար դրանց ֆինանսավորումը կիրականացվի համայնքային բյուջեներից: