Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15.1-ին մասով.
«15.1. Սույն հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին մասով.
«8.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ կառավարության որոշման հետ միաժամանակ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ անձի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.
«1.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ վարչապետի որոշման հետ միաժամանակ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ անձի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 17.1-ին մասով.
«17.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ ատեստավորման արդյունքների հիման վրա որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում հրապարակվում է առաջխաղացման ենթակա, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու եւ թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում՝ հրապարակվում են նաեւ այդ առարկությունները:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: