Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-851-18.04.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-245, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ կետում «նախաքննության եւ հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության եւ նախաքննության» բառերով:

2) 6-րդ կետում «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.».

2) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.».

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասն ավելացնել նոր 11 կետով` հետեւյալ խմբագրությամբ.

«11 ) «դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով դիմում է Սահմանադրական դատարան, մասնակցում է քննությանը կամ քննությանը մասնակցելու համար լիազորում է այլ դատախազի.»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 22-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով եւ 103-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված կարգով:»:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գլխավոր դատախազի տեղակալներին` գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:»:

3) 5-րդ մասից հանել «եւ ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերը:

4) 6-րդ մասում «ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում» բառերը փոխարինել «հանձնել է քննություն` գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով» բառերով:

5) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Քննիչ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ եւ գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով հանձնել է համապատասխան քննություն: Իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ չունենալու դեպքում, անձը քննություն հանձնելուց եւ քննիչ նշանակվելուց հետո, անցնում է մեկ տարի ժամկետով փորձաշրջան` գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով:»:

6) 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

7) 9-րդ մասի «կամ այլ ստորադաս դատախազն» բառերը փոխարինել «, այլ ստորադաս դատախազը եւ քննիչն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «նախաքննության եւ հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության եւ նախաքննության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 29-րդ հոդվածի վերնագրում «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Սահմանադրության 117-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիս Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` մինչեւ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով: Ընդ որում, դրանց մի մասը բացառապես այնպիսիք են, որոնք միտված են Սահմանադրությանը հակասող դրույթների վերանայմանը, իսկ մյուս մասն ընդհանրապես նախատեսված չէ գործող օրենքով:

Նշված փոփոխություններն ու լրացումները թելադրված են նաեւ այն փաստարկով, որ Սահմանադրությունում կատարված փոփոխությունների արդյունքում դատախազության կազմակերպմանն ու գործունեությանն առնչվող որոշ հարաբերություններ, որոնք նախկինում կանոնակարգված են եղել Սահմանադրությամբ, դուրս են մնացել օրենսդրական կարգավորման շրջանակներից: Ստեղծված իրավիճակում առանձնացվել է դատախազության կազմակերպման հետ անմիջականորեն առնչվող հարաբերությունների մի խումբ, որոնք կանոնակարգված չեն որեւէ իրավական ակտով:

Սույն փոփոխությունները եւ լրացումները հրատապ են, քանի որ օրենսդրական հիշյալ բացերի հետեւանքով ձախողվում է դատախազության կազմակերպման ու գործունեության բնականոն ընթացքը: