Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12141-11.12.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 28-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2 Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.

«Հոդված 7.1. Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը

1. Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում:

2. Գրասենյակի հիմնական գործառույթներն են.

1) արտակարգ իրավիճակների կամ պատահարների վերաբերյալ հեռախոսազանգերի, ինչպես նաեւ՝ այլ միջոցներով կամ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, գրանցումը, դասակարգումը, համապատասխան խորհրդատվության տրամադրումը.

2) սույն մասի 1-ին կետում նշված տեղեկությունների՝ ըստ ենթակայության փոխանցումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ արձագանքի ապահովումը.

3) արտակարգ իրավիճակի կամ պատահարի վայր մեկնած ծառայողներին անհրաժեշտ տեղեկությունների եւ կողմնորոշիչ տվյալների տրամադրումը.

4) արտակարգ իրավիճակների առաջացման (դրա սպառնալիքի) դեպքում, ինչպես նաեւ բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ ոստիկանության եւ փրկարար ծառայության ներգրավման, կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարման ու իրազեկման կազմակերպումը, հանրային միասնական հաղորդակցության ապահովումը, կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը:

5) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հանրապետական պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելը.

6) արձանագրված արտակարգ իրավիճակների կամ պատահարների վերաբերյալ տեղեկությունների ստացումը, մշակումը եւ ամփոփումը.

7) արտակարգ իրավիճակների դեպքում, բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացմանը ներգրավված ոստիկանության եւ փրկարարական ծառայողների գործողությունների կառավարման ապահովումը.

8) Լիազոր մարմնի, այլ շահագրգիռ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների տեղեկատվական շուրջօրյա ապահովումը՝ արտակարգ իրավիճակների բնագավառում.

9) սույն մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում ոստիկանության եւ փրկարար ծառայության գործունեության ներդաշնակ աշխատանքի ապահովումը:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 15-ից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝

1) հաստատվում է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի կանոնադրությունը.

2) փոփոխություններ են կատարվում ներքին գործերի նախարարության եւ փրկարար ծառայության կանոնադրություններում:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ներքին գործերի նախարարության կազմում գործում է օպերատիվ կառավարման գրասենյակը եւ դադարեցվում է փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը:

4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք փրկարար ծառայողներին եւ փրկարար ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին կարող են նշանակել ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում: Այս դեպքում թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց, որի անցկացման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Փրկարար ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որը սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կզբաղեցնի ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:

6. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում եւ հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, եւ պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը: