Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1213-11.12.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրիպտոակտիվների մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասում «Օտարերկրյա թողարկողի» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխվող» բառերը:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հանել «բացահայտել, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) չի բավարարում   Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը.»:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Ներքին աուդիտը պարտավոր է հայտնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաեւ հաճախորդների շահերին հասցված ցանկացած վնասի մասին դրանց հայտնաբերումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում,  իսկ նշված խախտման կամ հասցված վնասի էական լինելու դեպքում՝ նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տնօրենների խորհրդին եւ Կենտրոնական բանկին:»:

Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածի 14-րդ մասում «Կենտրոնական բանկի Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտերով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով» բառերով:

Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ մասում «հրապարակման պահից:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Կենտրոնական բանկը կարող է թողարկողին պարտադրել հրավիրել աուդիտ իրականացնող անձի՝ պահուստային ակտիվների անկախ աուդիտ իրականացնելու նպատակով:»:

Հոդված 8. Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.  Իրավաբանական անձինք, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, պետք է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով գրանցվեն եւ լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ կամ դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Սույն կարգավորումը տարածվում է այն  իրավաբանական անձանց վրա, որոնք  սույն Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տեսակի իրավաբանական անձից վերակազմավորվել  են մեկ այլ տեսակի իրավաբանական անձի (կազմակերպական-իրավական ձեւի փոփոխում): Անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Կենտրոնական բանկը սույն մասի համաձայն իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին, ինչպես նաեւ գրանցամատյանում իրավաբանական անձի պետական գրանցման համարը փոխարինում է Կենտրոնական բանկի տրամադրած գրանցման համարով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասով սահմանված կազմակերպությունների եւ դրանց կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար սույն օրենքի 4-րդ եւ 5-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերի եւ տեղեկությունների բացառություններ կամ դրանք այլ կերպ ներկայացնելու պահանջներ:»:

Հոդված 9. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունում «մասով նախատեսված» բառերը փոխարինել «օրենքի 20-րդ հոդվածի համաձայն» բառերով:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումը Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կարող է իրականացվել կանխիկ ձեւով, եթե

1) գործարքի գումարը չի գերազանցում երեք հարյուր հազար ՀՀ դրամը,

2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ մասով Կենտրոնական բանկին դիմած եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ցանկում ներառված անձի հետ կամ միջոցով,

3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաճախորդի նույնականացում եւ ինքնության ստուգում, ինչպես նաեւ վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ:

3. Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անձինք պարտավոր են մինչեւ 2026 թվականի հունվարի 15-ը գրավոր ձեւով դիմել Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով հիմնավորումներ Օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելը հավաստելու  մասին՝ առնվազն նշելով ծառայության տեսակը, իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկություն, (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին տեղեկություն), գտնվելու վայրի (հաշվառման վայրի հասցե), ինչպես նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ:

4. Անձը կարող է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործարքն իրականացնել կանխիկով Կենտրոնական բանկի կողմից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների ցանկում (այսուհետ՝ Ցանկ) ներառելու մասին ծանուցում ստանալու պահից:

5. Կենտրոնական բանկը կարող է սահմանել Ցանկում ներառված անձանց հաճախորդների նույնականացման, ինչպես նաեւ նրանց հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) կարգի, բովանդակության, պայմանների, ժամկետների  վերաբերյալ պահանջներ, ինչպես նաեւ դրանց՝ Կենտրոնական բանկ ներկայացման կարգ:

6. Կենտրոնական բանկը մինչեւ Օրենքով սահմանված կարգով ծառայություններ մատուցող անձանց գրանցումը եւ լիցենզավորումը իրականացնում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն: Վերահսկողության ընթացքում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների խախտման, ինչպես նաեւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների ցանկում ներառելու համար ներկայացված տեղեկություններում կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը անձին հանում է Ցանկից եւ այդ մասին տեղեկացնում է հարկային ոլորտում լիազոր մարմնին:

7. Այն անձինք, որոնք սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով չեն դիմել Կենտրոնական բանկ, իրենց կամ իրենց հաճախորդի անունից կամ հաշվին կրիպտոակտիվով գործարք կարող են իրականացնել միայն անկանխիկ ձեւով:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳծԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2025 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը ենթակա է լիցենզավորման ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից: Օրենքի 94-րդ հոդվածը նախատեսում է անցումային ժամանակահատված այն իրավաբանական անձանց համար, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու  օրվա (04.07.2025թ.) դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, վերը նշված անձինք պետք է գրանցվեն եւ լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, եթե ցանկանում են շարունակել այդ ծառայությունների մատուցումը: Միեւնույն ժամանակ, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ին,  կրիպտոակտիվներով գործարքները կարող են իրականացվել միայն անկանխիկ եղանակով: Վերոնշյալ կարգավորումների կիրառման ժամանակային անհամապատասխանությունը առաջացնում է խնդիրներ անցումային ժամանակահատվածում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց համար: Փաստացի ստացվում է իրավիճակ, երբ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք դեռեւս չեն գրանցվել եւ լիցենզավորվել Կենտրոնական բանկի կողմից, սակայն բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Դա նշանակում է, որ մի կողմից՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք պետք է հաստատեն հարաբերություններ բանկերի հետ՝ անկանխիկ գործարքների սպասարկումն ապահովելու համար, մյուս կողմից՝ բանկերի համար չլիցենզավորված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց սպասարկումը խնդրահարույց է, քանի որ վերջիններս դեռեւս չեն գործում օրենսդրությամբ (այդ թվում՝ փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությամբ) սահմանված պահանջների ներքո:

2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով առաջարկվում է անցումային ժամանակահատվածում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300 հազար ՀՀ դրամը եւ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաեւ վարում է նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն՝ իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման եւ գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ:

Հաշվի առնելով Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրա կիրառման ընթացքում բացահայտված բովանդակային եւ տեխնիկական որոշ խնդիրներ՝ Նախագծով առաջարկվում է կատարել դրանց վերացմանն ուղղված փոփոխություններ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

4. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով:

5. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ (կամ) այլ ռազմավարություններ

Չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծերով առաջարկվում է անցումային ժամանակահատվածում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300 հազար ՀՀ դրամը եւ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաեւ վարում է նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն՝ իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման եւ գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը պետական բյու՟ջեի եկամուտների էական նվազման եւ ծախ՟սերի ավելաց՟ման չի հանգեցնի: 
  


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն