Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը /6-ը դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք/ լրացնել 109.1-109.2 հոդվածներով
«Հոդված 109.1 Ժամկետանց, անորակ եւ արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների, ինչպես նաեւ համապատասխան անվանացանկում չընդգրկված եւ ոչ թույլատրելի պայմաններում դրանց վաճառքի կանոնները խախտելը
Ժամկետանց, անորակ եւ արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների, ինչպես նաեւ համապատասխան անվանացանկում չընդգրկված եւ ոչ թույլատրելի պայմաններում դրանց վաճառքի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Հոդված 109.2 Հողում եւ բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի եւ պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը
Հողում եւ բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի եւ պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսունապատիկի չափով»:
Հոդված 2. Oրենսգրքի 110-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով եւ տուգանքի նշանակում բույսերի պաշտպանության միջոցառումներ անցկացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
բ/ 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով եւ սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով»:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի դիսպոզիցիայում՝
«Կենդանիների կարանտինային կանոնները եւ անասնաբուժական-սանիտարական մյուս կանոնները» բառերը փոխարինել «Հակաանասնահամաճարակային եւ անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական եւ զոոհիգիենիկ նորմերը» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 112.1-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի դիսպոզիցիայում՝
«Կենդանիների հիվանդությունների կանխարգելման՝ պարտադիր միջոցառումների (հետազոտություններ, պատվաստումներ, մշակումներ) անցկացման համար» բառերը փոխարինել «Կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրական խախտումները, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման, հաշվառման, շարժի վերաբերյալ տվյալներ, կենդանական ծագման մթերք եւ հումք, վերամշակված կերեր, լրացակերեր տեղափոխող, պահպանող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անձը կամ տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր անասնաբուժական պետական տեսուչին չտրամադրելը» բառերով:
Հոդված 5.
Օրենսգրքի 112.2-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի դիսպոզիցիայում՝
«Կենդանական եւ բուսական (միայն սունկ) ծագման մթերքի (արտադրանքի) եւ հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունից խուսափելը» բառերը փոխարինել
«Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի եւ հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացումը» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 112.3-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի դիսպոզիցիայում՝
«Հայաստանի Հանրապետությունում չգրանցված անասնաբուժական պատրաստուկների, կենդանիների պաշտպանության միջոցների իրացումը» բառերը փոխարինել «Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի եւ հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը, իրացումը, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացումը` առանց ծագումը եւ ձեռք բերումը հավաստող փաստաթղթերի» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 112.6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 112.6 Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը եւ իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի
Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը եւ իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկի չափով»:
Հոդված 8. Օրենսգրքի 112.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 112.7. Հակաանասնահամաճարակային կանխարգելիչ եւ հարկադիր միջոցառումների, անասնաբուժական ծառայության աշխատանքների ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը, իրականացման սահմանված ժամկետները խախտելը, դրանցից հրաժարվելը
Օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ եւ հարկադիր միջոցառումների, անասնաբուժական ծառայության աշխատանքների ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը կամ դրանցից հրաժարվելը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման կամ անասնաբուժական ծառայություն մատուցող անձանց կողմից եւ հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման սահմանված ժամկետները խախտելը կամ դրանցից հրաժարվելը անձանց կողմից, որոնք կարող են կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման եւ տարածման պատճառ հանդիսանալ
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:
Տուգանքի վճարումը ֆիզիկական եւ պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից»:
Հոդված 9. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 238. Անասնաբուժական պետական հսկողության մարմինները
Անասնաբուժական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 112-112.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Անասնաբուժական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝
Հայաստանի Հանրապետության անասնաբուժական պետական տեսչության պետը, պետի տեղակալները, տեսչության գլխավոր եւ առաջատար մասնագետները, անասնաբուժական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ չորսհարյուրապատիկի չափով,
տարածքային անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ հարյուրապատիկի չափով,
սահմանային հսկիչ կետերի անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Անասնաբուժական պետական տեսչության մարմինները կարող են տուգանքը գանձել տեղում»:
Հոդված 10. Օրենսգրքի 238.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 238.1 Բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները
Բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 108-րդ, 109-րդ, 109.1-րդ, 109.2-րդ եւ 110-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները եւ տարածքային պետական տեսուչները:»:
Հոդված 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում սահմանված հասկացություններն համապատասխանեցնելու, ինչպես նաեւ օրենսգրքի 112-112.7-րդ եւ 238-րդ հոդվածների միջեւ առկա հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ, որի հետեւանքով ստուգումների արդյունքում հայտնաբերված ոչ բոլոր խախտումներն է հնարավոր արձանագրել եւ կիրառել համապատասխան տույժեր: Այսպես՝ հստակեցման կարիք ունեն 1121-րդ հոդվածի «կենդանիների հիվանդությունների կանխարգելման՝ պարտադիր միջոցառումների», 1122-րդ հոդվածում սահմանված «անասնաբուժասանիտարական փորձաքննությունից խուսափելը» հասկացությունները. առաջին դեպքում խոսքը պետական միջոցների հաշվին իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների, երկրորդ դեպքում՝ փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի եւ լրացակերերի մասին է: Բացի այդ, ֆիզիկական անձանց նկատմամբ 112-րդ, 1121-1127-րդ հոդվածներով սահմանված է տույժ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի կամ երեսնապատիկի կամ հիսնապատիկի չափով, մինչդեռ 238-րդ հոդվածում սահմանված են տույժեր քսանապատիկի կամ տասնհինգապատիկի կամ տասներեքապատիկի կամ տասնապատիկի չափով: Այսինքն՝ սահմանված նվազագույն տույժը նվազագույն աշխատավարձի քսանապատիկն է, իսկ տեսուչներին վերապահված է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի, տասներեքապատիկի կամ տասնհինգապատիկի չափով տույժեր նշանակելու իրավունք: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ 238-րդ հոդվածը չի համապատասխանում նաեւ անասնաբուժական պետական տեսչության ներկա կառուցվածքին, որում սահմանազատված են ստորաբաժանումները՝ մարզային եւ տարածքային, սահմանային հսկիչ կետերի տեսուչները:
Հաշվի առնելով վերը նշված հակասությունները՝ անհրաժեշտ է օրենսգրքի 112-րդ, 112.1-րդ, 112.2-րդ, 112.3-րդ, 112.6-րդ, 112.7-րդ եւ 238-րդ հոդվածներում կատարել փոփոխություններ, որպեսզի դրանք համապատասխանեն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթներին եւ միեւնույն ժամանակ տվյալ հոդվածով սահմանված տույժի չափը համապատասխանի 238-րդ հոդվածում սահմանված տույժի չափին, որը տեսուչներին իրավունք կվերապահի դրանք կիրառել:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով, որով կարգավորվում է երկրագործության ոլորտում պետական տեսչության գործունեության հիմնական ուղղությունները, համաձայն որոնց բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում հողի մշակության, սերմանյութի եւ տնկանյութի արտադրության, ներմուծման եւ իրացման, դրանց ցանքային պիտանելիության, բույսերի պաշտպանության միջոցների, բույսերի աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի, մյուս պատրաստուկների փոխադրման, իրացման, պահպանման, ժամկետանց եւ արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների, ինչպես նաեւ համապատասխան անվանացանկում չընդգրկված, հողում, բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի թույլատրելի մնացորդային քանակների գերազանցման, կարանտին վնասատուների, բույսերի հիվանդությունների եւ մոլախոտերի դեմ պայքարի եւ այլ ագրարային կանոնների խախտումների նկատմամբ:
Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի կառավարման մարմնի, հողօգտագործող տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների փոխհարաբերությունների կարգավորմանը եւ բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության լիազորությունների իրականացմանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 238.1-րդ հոդվածում կատարվող փոփոխությունները պայմանավորված են 109-110-րդ հոդվածներով նախատեսված դրույթների կիրառման լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ: