ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՈՐՈՇՈՒՄ Է
1. 2003թ. Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրելու եւ Ազգային ժողովին եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)։
2. Հանձնաժողովի առջեւ դնել հետեւյալ խնդիրները
- ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո դատախազություն ներկայացված հանցագործության փաստերի մասին հայտարարությունների քննության ընթացքի, ընտրակեղծիքների կազմակերպիչներին եւ իրականացնողներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հիմքերի ուսումնասիրությունը;
- ընտրությունների ժամանակ վերադաս ընտրական հանձնաժողովներին եւ դատարաններին ներկայացված դիմում բողոքների քննության ընթացքի ուսումնասիրությունը;
- ընտրությունների ընթացքում ոստիկանության մարմինների գործելակերպի օրինականության ուսումնասիրությունը;
- . անձանց ապօրինաբար վարչական պատասխանատվության ենթարկելու միջոցով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման փաստերի եւ հիմքերի ուսումնասիրությունը՝ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջների ներքո;
- ընտրական վեճերով ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների կատարման ընթացքի ուսումնասիրությունը;
- ընտրական փաստաթղթերի՝ այդ թվում ընտրողների ցուցակների ուսումնասիրությունը՝ անկախ փորձագետների ներգրավմամբ;
- անցկացված ընտրությունների եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համադրումը, ինչպես նաեւ այդ միջազգային պարտավորությունների բովանդակությունը՝ ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ օրենսդրության մեջ արտացոլման ուսումնասիրությունը;
- իր գործունեության արդյունքում համապատասխան օրենսդրական եւ այլ բնույթի առաջարկություններ ԱԺ ներկայացնելը։
3. Հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություններ՝ այդ թվում պետական եւ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ միասին՝ այդ ուսումնասիրությունների վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություններ;
4. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններին (կազմակերպություններին), որոնք հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն;
5. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների;
6. Հանձնաժողովն ստեղծել հետեւյալ կազմով մեկական պատգամավոր խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից;
7. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ;
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները՝ Ազգային ժողովի նիստում։ Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ։
9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ;
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։
11. ԱԺ աշխատակազմը ապահովում է Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը։
12. Ազգային ժողովի կանոնակարգի 22 հոդվածի համաձայն Հանձնաժողովն ունի 1 գործավար եւ 3 փորձագետ։
13. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչեւ 2004թ. մարտի 1-ը։ Մինչեւ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով։